Հուլիսի 11-13-ին, սննդային թունավորումների պատճառով, Դիլիջանի հիվանդանոց տեղափոխված 3 մանկապարտեզների թվով 30 երեխաների մոտ ախտորոշվել է դիզենտերիա աղիքային ինֆեկցիա:
Դիլիջանի քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վլ. Ավանյանի հավաստմամբ, հոսպիտալացված երեխաներն առողջացել են եւ դուրս գրվել հիվանդանոցից: Նրանց վիճակը համարվում է բավարար եւ սահմանված է ամբուլատոր բուժհսկողություն: Իսկ Տավուշի մարզային փորձագիտական կենտրոնի ղեկավար Արմեն Նազինյանը տեղեկացրեց, թե այս պահին կանխարգելիչ նպատակներով հետազոտվում են Դիլիջանի բոլոր մանկահասակ երեխաները, եռակի հետազոտության են ենթարկվում վարակված երեխաները: Ինչ վերաբերում է վարակի հարուցիչի պատճառներին, ապա տվյալ պահին օգտագործված ջրի գործոնը բացառվում է, իսկ երեխաների կերակրացանկում ընդգրկված սնունդը փոխարինվել է այլ սնունդով (հանվել են շուտ փչացող մսամթերքն ու կաթնամթերքը): Ինչպես նշում է Ա. Նազինյանը, այս պահին կարեւորը շփման միջոցով վարակը կանխելն է: Ի դեպ, բժշկական հետազոտության ենթարկված դաստիարակներից երկուսը համարվել են բացիլակիրներ, սակայն մարզի գլխավոր փորձագետը բացառեց դաստիարակների վարակի աղբյուր հանդիսանալու վարկածը: Երեխաները հիվանդանոց են տեղափոխված եղել բարձր ջերմության, փորլուծության եւ սրտխառնոցի կլինիկական նշաններով: