Երեւանի կոնյակի գործարանը երեկ ամփոփեց 2005-2006թթ. ֆինանսական տարվա արդյունքները: Ընկերության արտադրանքի հիմնական սպառման շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը: Անցյալ տարի արտադրված 3,5 մլն լիտր կոնյակից 3,4 մլն-ը սպառվել է, որից 2,5 մլն լիտրը` միայն ՌԴ-ում: ԵԿԳ գլխավոր տնօրեն Էրվե Կարոֆի խոսքերով, գործարանը շարունակում է ակտիվացնել ուկրաինական եւ ղազախական շուկաները եւ, բացի այդ, անցյալ տարի առաջին անգամ կոնյակ է ուղարկել ԱՄՆ: «Այժմ ուզում ենք իրացման նոր շուկաներ բացել Ասիայում, մասնավորապես` Չինաստանում»,- ասաց Է. Կարոֆը: ԵԿԳ-ի ընդհանուր ապրանքաշրջանառությունը ֆինանսական տարվա ընթացքում աճել է 5%-ով, զուտ շահույթը` 8%-ով: Այս տարի ընկերությունն ակնկալում է վաճառքի 11 եւ շահույթի 14% աճ: Գործարանի ֆինանսական տնօրեն Ի. Առաքելյանի խոսքերով, անցյալ տարվա հիմնական պրոբլեմը եղել է դոլարի արժեզրկումը, որը բացասաբար է անդրադարձել արտահանող ընկերության ֆինանսական վիճակի վրա: Թեեւ գործարանն անցյալ տարի 2 մլրդ դրամի ներդրում է իրականացրել, այնուամենայնիվ, չի պատրաստվում սեփական այգիներ ստեղծել, քանի որ դա գործնականում անհնար է: Իսկ իրականում ԵԿԳ-ի ղեկավարությանը պե՞տք է արդյոք այդքան ծախսեր անել՝ այգիներ ստեղծելու, խաղողի հատուկ տեսակներ աճեցնելու համար: Դե, իհարկե, ոչ: Անհրաժեշտ մթերքը հայ խաղողագործները մատակարարում են, իսկ մնացած «բացը» սպիրտը կլրացնի: Դա ավելի էժան տարբերակ է: Էժանը՝ էժան է, սակայն հայկական կոնյակի վարկանիշը դրանից կարող է ակնհայտորեն տուժել: Այն հարցին, թե որքա՞ն կարժենա ԵԿԳ-ն, եթե նրա սեփականատեր ֆրանսիական «Պեռնո Ռիկարն» այժմ որոշի այն ծախել, Է. Կարոֆը պատասխանեց. «Իսկ դուք առաջարկություն արեք, բաժնետերերը կմտածեն»: