Օրերս Ստեփանակերտում Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն օծեց Սուրբ Աստվածածին մայր-եկեղեցու հիմքում դրվող առաջին քարերը: Օծման հանդիսավոր արարողությանը ներկա էին հանրապետության իշխանությունների ներկայացուցիչները` ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ: Հենց նախագահն էլ դրեց եկեղեցու առաջին հիմնաքարը: Եկեղեցու հիմքում նաեւ ԼՂՀ իշխանություններին, հոգեւոր առաջնորդներին, եկեղեցու ճարտարապետ Գագիկ Երանոսյանին, շինարար Ֆրունզիկ Ֆրիգորյանին եւ ողջ հայ ժողովրդին ուղղված շնորհակալական արձանագրություն է դրվել:
Եկեղեցու կառուցման մտադրություն Ղարաբաղում վաղուց կար: Դեռեւս տարիներ առաջ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ավերված «Օկտյաբր» կինոթատրոնի տեղում որոշել էին եկեղեցի կառուցել, նույնիսկ օրհնված քար էր դրվել: Իհարկե, նշված վայրում եկեղեցի չկառուցվեց, ծրագրերը փոխվեցին, եւ որոշվեց եկեղեցին կառուցել քաղաքային պոլիկլինիկայի մոտակայքում: Ի դեպ, վերջերս պոլիկլինիկան տեղափոխել են բարերարների միջոցներով կառուցված նոր շենք:
Իսկ նոր եկեղեցու տարածքն ազատելու համար անհրաժեշտ է քանդել մոտակայքում գտնվող մի շարք շինություններ:
Խորհրդային տարիներին Ստեփանակերտում, եւ առհասարակ Ղարաբաղում ոչ մի եկեղեցի չէր գործում: Ասում են, որ Ստեփանակերտի մեծ եկեղեցին ժամանակին թատրոնի են վերածել, իսկ քաղաքի պատմական Վարարակն եկեղեցին ժամանցային կառույցի տարածքում էր գտնվում եւ իր նպատակին չէր ծառայում: Այնպես որ, Ղարաբաղի մայրաքաղաքում վաղուց արդեն եկեղեցու կառուցման կարիք կա: Երեւի այդ բացը շուտով կլրացվի, քանի որ, բացի Սուրբ Աստվածածին եկեղեցուց, Ստեփանակերտի մեկ այլ թաղամասում մի քանի ամիս առաջ սկսվել է առաջին տաճարի շինարարությունը, որն իրականացվում է ամերիկահայ մի բարերարի հովանավորությամբ: Բարերարը մեկ տարի առաջ, այցելելով Արցախ, ուխտ է արել այստեղ եկեղեցի կառուցել` որդու` Հակոբի հիշատակին: Իսկ Ստեփանակերտի նախկին «Օկտյաբր» կինոթատրոնի տեղում, որտեղ, ինչպես նշեցինք, տարիներ առաջ եկեղեցի կառուցելու մտադրություն կար, ամենայն հավանականությամբ մարզական համալիր կկառուցվի: Քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը, որն ընտրությունների շեմին իր նախընտրական ծրագրում նշել էր, թե այդ տարածքում պուրակ է լինելու, վերջերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ մինչ օրս էլ այն համոզմանն է, որ այդտեղ պետք է պուրակ կառուցվի: Իսկ թե ի՞նչ կլինի ի վերջո, նրան էլ հայտնի չէ: