Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ քննվում էր Էրեբունի բժշկական կենտրոնում բժիշկների անփութության հետեւանքով մահացած Սյուզաննա Բադալյանի իրավահաջորդ, նրա ամուսին Արման Քրմոյանի հայցը: Հիշեցնենք, որ հայցվորը պահանջել էր վերացնել Դատախազության քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը: Ինչպես եւ սպասվում էր՝ շուրջ 3-4 ամիս դատարանում գտնվող գործն անհիմն պատճառներով բազմիցս երկարաձգվելուց հետո, ի վերջո, դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ հայցը մերժեց: Դատավարության նման ավարտը միանգամայն սպասելի էր: Ի դեպ, դատարանը դատախազության գործողությունները մշտապես համարում էր օբյեկտիվ: Եվս մեկ անգամ հաստատվեց դատարանի կախվածությունը դատախազությունից: Բժիշկների անփութության հետեւանքով մահացած Սյուզաննա Բադալյանի իրավահաջորդ, նրա ամուսին Արման Քրմոյանը պատրաստվում է դատարանի այս վճիռը բողոքարկել Վերաքննիչ դատարանում:
Լ.Ս.