Լուրեր են շրջանառվում ինչ-որ գործարքի մասին, որի արդյունքում Հայաստանը Ռուսաստանին կտրամադրի «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերը` «Մարս» գործարանի արժեթղթերի դիմաց: «Ռեգնումին» տված հարցազրույցում, անդրադառնալով այս հարցին, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասել է, որ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը Հայաստան կատարած այցի ժամանակ հաղորդել էր, որ ռուսական կողմը փորձում է օպտիմալ լուծում գտնել «Գույք-պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում ՀՀ-ի կողմից ՌԴ-ին տրված ձեռնարկությունների աշխատանքների համար: «Մասնավորապես, նրա խոսքերով, ռուսական խոշորագույն ընկերություններից մեկը` «Սիստեման» ցանկություն է հայտնել սեփականաշնորհել կամ երկարատեւ կառավարել «Մարսը»: Ընկերությունը պետք է ՌԴ կառավարությանը ներկայացնի գործարանում նախատեսվող միջոցառումների ծրագիրը: Այն պետք է համաձայնեցվի նաեւ ՀՀ կառավարության հետ»,- ասել է Ա. Մարգարյանը: Ինչ վերաբերում է «ԱրմենՏելին», ապա վարչապետը անհրաժեշտ է համարել հետեւել «OTE»-ի կողմից հայտարարված մրցույթի ընթացքին: