ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հերթական կոնսուլտացիաներն անցկացնել օգոստոսի սկզբին Փարիզում: Այս մասին «Trend»-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Ըստ նրա, հանդիպման հիմնական նպատակն ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի՝ հուլիսի վերջին տարածաշրջան կատարելիք այցի արդյունքների քննարկումն է: Մերզլյակովը նշել է, թե առայժմ հայտնի չէ, թե ի՞նչ որոշումներ են կայացվելու եւ քննարկվելո՞ւ է արդյոք կողմերի հանդիպումների հերթական փուլերի կազմակերպման հարցը: «Մենք դա կորոշենք, երբ հանդիպենք: Ամերիկացի համանախագահը կունենա վերջին շփումները, կխոսի նախագահների հետ, եւ, հավանաբար, ինչ-որ գնահատականներ կտա»,- նշել է Մերզլյակովը: Մեթյու Բրայզան, ինչպես «Regnum»-ին հայտնել են Լեռնային Ղարաբաղի Արտգործնախարարությունից, տարածաշրջանային այցը կսկսի Ստեփանակերտից, ուր կժամանի հուլիսի 29-ին: Նախատեսվում է նրա հանդիպումն Արկադի Ղուկասյանի հետ: