Տարվա առաջին կիսամյակում ՀՀ տնտեսությունն աճել է 11,8%-ով, հունվար-հունիսի ՀՆԱ-ն շուկայական գներով կազմել է 809, 3 մլրդ դրամ: Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը նշված ժամանակահատվածում նվազել է 1%-ով, սակայն առանց ադամանդի արտադրության, արդյունաբերությունն աճել է 2,3%-ով: Ադամանդն այս անգամ եւս «աղավաղում» է վիճակագրական իրական ցուցանիշները: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 7%-ով:
Այս կիսամյակում, ինչպես եւ տարվա նախորդ ամիսներին, ԱՎԾ-ն արձանագրում է գյուղատնտեսության եւ շինարարության աճ: Իհարկե, առաջինի տեմպը մի քանի անգամ զիջում է երկրորդինին: 7,2%-ը գյուղատնտեսության առաջընթացի չափն է, 31,8%-ը` շինարարությանը: Նկատենք, որ 2006թ. հունվար-մայիսին շինարարության ծավալներն աճել էին 41,7%-ով, ինչից կարելի է եզրակացնել, որ հունիսին շինարարության աճի տեմպը զգալիորեն նվազել է:
2006թ. առաջին կեսին Հայաստանում շահագործման են հանձնվել 100.531 քմ ընդհանուր մակերեսով բնակելի շենքեր: Այս ցուցանիշի աճը թերեւս ամենաակնառուն է նշված ժամանակահատվածում` 58,4%: Ընդ որում, միայն հունիսին շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսն աճել է մոտ 80%-ով: Երկնիշ աճը չի շրջանցել նաեւ ծառայությունների եւ մանրածախ առեւտրի ոլորտները. առաջինի ծավալները մեծացել են 20,6%-ով, երկրորդինը` 12,1%-ով: Բնակչության դրամական եկամուտներն ու ծախսերն աճել են համապատասխանաբար 17,4 եւ 19,2%-ով: Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը եղել է 90,400: Հետաքրքիր է, որ հունվար-հունիս ամիսներին այդ թիվը նվազել է 7,1%-ով: Միջին ամսական անվանական աշխատավարձը տարվա առաջին կեսին եղել է 58.822 դրամ, ընդ որում բյուջետայինը կազմել է 41.405 դրամ, իսկ ոչ բյուջետայինը` 72.076 դրամ:
Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունն, ըստ ԱՎԾ-ի տվյալների, կազմել է 1 մլրդ 389 մլն 500 հազար դոլար` տարվա առաջին կիսամյակում աճելով 12,7%-ով: Նկատենք, որ արտաքին ապրանքաշրջանառության միայն 229.8 մլն դոլարը, այսինքն` 16,5%-ը, բաժին է ընկել ադամանդի առեւտրին, որը նշված ժամանակահատվածում աճել է 23,2%-ով: Արտահանման ծավալները կազմել են 437,7 մլն դոլար (0,6%-անոց նվազում), իսկ առանց ադամանդի` 324,8 մլն դոլար (7,6%-անոց աճ): Ներմուծման ծավալներն աճել են 20%-ով` կազմելով 951,8 մլն դոլար, իսկ առանց ադամանդի` 30,6%-ով (834,9 մլն դոլար):
Ինչեւէ, ԱՎԾ-ն այս անգամ էլ չէր թերացել: Աճողական թվերը գեղեցիկ են եւ գոհացնող: Դրանցով, կարծես թե, հպարտանում է նաեւ կառավարությունը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Ռեգնումին» տված հարցազրույցում, այնուամենայնիվ, 1 թերություն նշել էր` արդյունաբերության հետամնացությունը: «Բայց դա, մեր գնահատականներով, ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում` տնտեսական աճի աղբյուրների դիվերսիֆիկացման նպատակով»,- ասել է վարչապետը: