ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկ սենսացիոն հայտարարություն արեց: Իշխանական մաս կազմող Հայ հեղափոխական դաշնակցությունը, չի բացառվում, որ առաջիկայում Ռոբերտ Քոչարյանի դեմ միտինգներ է կազմակերպելու:
Սակայն մինչեւ Կ. Մանոյանի հայտարարություններին անդրադառնալը, մեկ նկատառում: Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բացահայտեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման սկզբունքները, պարզվեց, որ ընդհանուր գծերով դրանք կրկնում են 1997թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած փուլային տարբերակը: Եվ ՀՅԴ-ն այն ժամանակ` առաջին նախագահի առաջարկած տարբերակը պիտակավորելով որպես «Ղարաբաղը ծախել», միտինգներ էր անում եւ պահանջում Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Հետաքրքիր է, այսօր ինչո՞ւ չեն պահանջում Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը, երբ իշխանությունները ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի շուրթերով հայտարարեցին, թե իրենք համաձայն են կարգավորման այս սկզբունքների հետ ու պատրաստ են դրանց տակ ստորագրել: Իսկ այդ սկզբունքները նախ եւ առաջ ենթադրում են ազատագրված տարածքների վերադարձ: «Այդ սկզբունքները նույնը չեն: 1997թ. ոչ մի խոսք չկար ԼՂ ինքնորոշման մասին: Բացի այդ, հիշեցնեմ, որ 1997-ին նախագահի հրաժարականն առաջինը պահանջողը մենք չէինք, այլ նախ եւ առաջ` նախագահի անմիջական շրջապատը: Իսկ այսօր նման բան չկա, որ նախագահի շրջապատը նրա հրաժարականը պահանջի»,- մեր հարցին ի պատասխան` հայտարարեց ընկեր Կիրոն: Բայցեւ նա ավելացրեց, որ դաշնակցության համար այսօրվա տարբերակը եւս անընդունելի է: «Առաջարկված տարբերակն ընդհանուր առմամբ մեզ համար ընդունելի չէ, քանի որ կա տարածքների զիջում, ինքնորոշման իրավունքը չի ամրագրված այնքանով, ինչքանով որ պետք է: Բայց այսօր՝ նկատի ունենալով, որ Ադրբեջանն արդեն չի ընդունում այս տարբերակը, մենք ոչինչ չենք ասում»,- ՀՅԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ այսպիսի զուգահեռներ անցկացրեց նա: Նկատենք, որ թեեւ Ադրբեջանն այսօր համաձայն չէ հակամարտության կարգավորման այս սկզբունքներին, սակայն չի բացառվում, որ արեւմուտքի ճնշմամբ, այնուամենայիվ, Ալիեւը ստորագրի համաձայնագրի տակ: Ապա այդ դեպքում ի՞նչ կանի դաշնակցությունը, երբ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, Քոչարյանը սկսի հանձնել ազատագրված տարածքները: «Օրենքով սահմանված կարգով ու հնարավորություններով մեր տեսակետը կփոխանցենք եւ ճնշում կփորձենք բանեցնել նախագահի վրա»,- իրենց մտադրությունը կիսով չափ բացահայտեց ընկեր Մանոյանը: Իսկ մեր՝ միտինգներ անելո՞ւ եք, հարցին, նա պատասխանեց. «Դա եղանակից է կախված: Կրկնում եմ, օրենքով սահմանված կարգով մեր ձայնը կբարձրացնենք»: Կ. Մանոյանի խոսքերի համատեքստում նկատենք, որ օրերս էլ հարցազրույց էր տվել ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը: Եվ ի պատասխան հարցին, թե «կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե ԼՂ հարցի լուծման փաթեթը ՀՅԴ-ի համար լինի մերժելի, մի միտինգ էլ ՀՅԴ-ն ընդդեմ այս իշխանության եւ Ռոբերտ Քոչարյանի կանի», պարոն Ռուստամյանը հայտարարել էր. «Մեկ էլ, տասնյակ էլ։ Եթե կլինեն այնպիսի մոտեցումներ, որոնք մեր մոտեցումներին դեմ կլինեն, եւ եթե նախագահը կկատարի այն, ինչ 98-ին տեղի ունեցավ, ու կներկայացնի նման մի փաստաթուղթ, մեզ համար ոչ մի տարբերություն չկա, թե ո՞ր նախագահն է Դաշնակցության համար անհարիր տեսակետներ ներկայացնում»։
Ի դեպ, Կ. Մանոյանի համոզմամբ, ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր չէ այս տարվա ընթացքում: Անգամ այն բանից հետո, երբ կողմերն, այնուամենայնիվ, համաձայնության գան: «Մենք ճիշտ գնահատած կլինենք, եթե ասենք, որ ինչ ակնկալվում է կողմերից 2006թ. առումով, սկզբունքների շուրջ համաձայնությունն է, ոչ թե հարցի վերջնական կարգավորումը: Պարզ է նաեւ, որ եթե սկզբունքների շուրջ համաձայնություն լինի, ապա այդ համաձայնությունը մինչեւ որ վերջնական խաղաղության փաստաթղթի վերածվի, էլի մի քանի տարի պետք է բանակցելու, որովհետեւ ահագին մանրամասներ կան, որ այդ սկզբունքների հիման վրա պետք է ճշտվեն»,- անդրադառնալով «Մեծ ութնյակի»` ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ արած հայտարարությանը, ասաց Կիրո Մանոյանը: Նա գտնում է, որ 2006 թվականին լավագույն դեպքում կհամաձայնեցվեն սկզբունքները, թեեւ Ադրբեջանի դիրքորոշումը նրան թույլ չի տալիս նույնիսկ այդ առումով լինել լավատես:
Ծնունդով իրանահայ Կիրո Մանոյանը երեկ բավական երկար անդրադարձ կատարեց նաեւ այս օրերին Մերձավոր Արեւելքում տիրող լարված իրավիճակին: Քանի որ Մերձավոր Արեւելքում ընթացող պատերազմական գործողություններն իրենց տարածաշրջանում չլուծված հակամարտությունների արդյունք են, ապա ընկեր Կիրոյից հետաքրքրվեցինք՝ արդյոք ԼՂ հակամարտության կարգավորված չլինելու պատճառով նույնը մեզ չի՞ սպառնում: «Ցանկացած հակամարտություն, որ չի ստացել վերջնական կարգավորում, կարող է հանգեցնել պատերազմական գործողության վերսկսման: Բայց, կարծում եմ, այսօր Լիբանանում ստեղծված կացությունն ավելի շատ հետեւանք է Լիբանանի որպես պետություն թույլ լինելուն»,- նշեց նա: Ըստ Մանոյանի, թեեւ տարածաշրջանում գերիշխանության իսրայելական նկրտումն առկա է, սակայն դա տեղի չէր ունենա, եթե Լիբանանի պետությունը հզոր լիներ: Եվ ընկեր Մանոյանը հայերիս էլ խորհուրդ տվեց հզորանալ: «Դա, կարծում եմ, մեզ համար պետք է ուսանելի լինի, այն իմաստով, որ նախ մենք պետք է հզորացնենք մեր պետությունը, որովհետեւ կարող է նույն իրավիճակը ստեղծվել այստեղ: Այսինքն՝ կարող են մարդիկ լինել, որոնք ցանկություն ունենան պետության քաղաքականությունից տարբեր քաղաքականություն վարելու սիրույն, ոչ միայն օրենքով սահմանված կարգով իրենց դժգոհությունները հայտնեն, այլ նաեւ դիմեն այնպիսի քայլերի, որոնք կարող են անվտանգության սպառնալիք ստեղծել»,- այսպես բազմանշանակ արտահայտվեց Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչը: ՀՅԴ Բյուրոյի անդամն ասում է, որ առաջիկա ընտրությունները լայն հնարավորություն են տալիս անել այնպես, որ պետությունն ավելի հզորանա, եւ տարածաշրջանում ու շուրջը տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հայաստանը հասնի իր դիրքի ամրապնդման: «Կօգտագործե՞նք այդ հնարավորությունը, թե՞ ոչ՝ կախված է մեզնից: Բայց Լիբանանի դեպքերը ցույց տվեցին` Իսրայելի հարվածը, որ սկսվեց իբրեւ «Հըզբոլլահի» կողմից երկու իսրայելացի զինվորի առեւանգումից, ցույց տվեց, որ եթե պետությունը թույլ է, ապա պետության հակակշռից դուրս կարող են գործընթացներ լինել, որ խարխլեն պետության հիմքը»:
Կիրո Մանոյանի համոզմամբ, Թուրքիայի հավանական ներխուժումը Հյուսիսային Իրաք չի ոգեւորի Ադրբեջանին եւ նույն գործողությանը չի մղի Հայաստանի հանդեպ: Կ. Մանոյանն ասում է, որ Թուրքիայի ներխուժումը գուցե շաբաթների հարց է, իսկ ահա Ադրբեջանն առաջիկա ամիսներին չի փորձի պատերազմ սկսել, քանի որ նոր է միայն գործարկվել ԲԹՋ նավթամուղը: Մանոյանը սակայն չի բացառում, որ Ադրբեջանը 4-5-6 տարի անց կարող է Թուրքիայի աջակցությամբ կատարել Հայաստանի դեմ պատերազմ սկսելու փորձ:
Հ.Գ. Կիրո Մանոյանը երեկ հայտարարեց, թե Հայաստանը հնարավորություն ունի Մերձավոր Արեւելքի հակամարտությունների կարգավորման հարցում ինչ-որ տեղ հանդես գա միջնորդի կարգավիճակով: «Նկատի ունենալով այս իրադարձությունները, եւ այն լավ հարաբերությունները, որ Հայաստանն ունի գրեթե բոլոր դերակատարների հետ (հատկապես ինչ վերաբերում է թե՛ Իրանին, թե՛ արաբ-իսրայելական հակամարտությանը), կարծում եմ, ինչ-որ տեղ կարող է հանկարծ առիթ ստեղծել, որ Հայաստանը հանդես գա ավելի ակտիվ գործունեությամբ եւ փորձի այդ ձեւով կարգավորել նաեւ իր ապագայի հարցերը»,- հայտարարեց ընկեր Կիրոն: Հետաքրքիր է, եթե Հայաստանը կարող է ուրիշների չլուծված հակամարտություններում միջնորդի դեր կատարել եւ օժանդակել դրանց լուծմանը, ապա ինչո՞ւ չի լուծում հենց ԼՂ հակամարտությունը: Բա որ ասեն՝ եղունգ ունես, գլուխդ քորիր, ի՞նչ ենք անելու: