«Մենք վաղուց նրանց չենք ապավինում»

23/07/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Ինչպես արդեն հայտնի է, նախօրեին վաղ առավոտյան անհայտ անձը կամ անձինք փորձել են հրկիզել «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությունը: Նրանք բենզին են շաղ տվել գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանի աշխատասենյակի ապակիներին ու այրել: Թերթի խմբագրությունը չի հրկիզվել միայն այն պատճառով, որ լուսամուտը վանդակապատ է, իսկ ապակին` երկշերտ, ուստի այրվել է միայն լուսամուտը: Շողեր Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք դեպքի կապակցությամբ իրավապահներին չեն դիմել, քանի որ հանցագործության մասին լրատվամիջոցների հաղորդագրություններն էլ են հերիք, որպեսզի նրանք համապատասխան քայլեր ձեռնարկեն: Սակայն երեկվա դրությամբ դեռ որեւէ նորություն չկար: «Մենք վաղուց նրանց չենք ապավինում, դրա համար էլ չենք հետաքրքրվում, թե ինչ նորություն կա այդ գործից»,- ասում է Շ. Մաթեւոսյանը: Նրա կարծիքով, խնդիրը ոչ թե իրավապահների` կատարված հանցագործությանն ընթացք տալ-չտալու մեջ է, այլ` որ լրագրողների նկատմամբ հարձակումները գնալով մասշտաբային բնույթ են կրում: Եվ Շ. Մաթեւոսյանի խոսքերով, վերջում էլ կհարձակվեն հասարակ քաղաքացիների վրա: «Այնպիսի մարդիկ, ովքեր պատահաբար են հայտնվել իրենց աթոռներին, սթափ մտածելու եւ գնահատելու կուլտուրա չունեն: Եվ իրենք իրավիճակը, այլակարծությունը, քննադատությունը չեն կարող ադեկվատ գնահատել,- ասաց Շ. Մաթեւոսյանը` ավելացնելով,- ոնց որ իրենց բակերում էին հարցեր լուծում, այնպես հիմա իրենց վերահսկողության տակ չգտնվող թերթերի նկատմամբ են հաշվեհարդար տեսնում»: Նկատենք, որ 2003թ. ընտրություններից առաջ միակ իրապես անկախ հեռուստաընկերությունը` «Ա1+»-ը փակելուց հետո իշխանություններն այս ընտրություններից առաջ էլ փորձում են չեզոքացնել իրենց վերահսկողության տակ չգտնվող թերթերին: Եվ դրա համար էլ հիմիկվանից այսպիսի դեմարշ են սկսել մամուլի ներկայացուցիչների նկատմամբ: