Չեն տեսել

23/07/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հուլիսի 20-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Գյունտեր Ֆոլկին: Հանդիպման ընթացքում Գ. Ֆոլկը ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալին է փոխանցել ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի հաշվետվությունը` Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծի գոտում տեղ գտած հրդեհների մասին: Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը դիմել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ` պահանջելով դիտարկում անցկացնել Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտում` իրական դրությունը տեղում գնահատելու եւ ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի հրկիզումների մասին ադրբեջանական կողմի մտացածին մեղադրանքները հերքելու նպատակով: Հուլիսի 3-5-ը ԵԱՀԿ առաքելությունը դիտարկումներ է անցկացրել սահմանամերձ գոտում, որոնց արդյունքներով նախապատրաստվել է հաշվետվություն: «Այժմ փաստաթուղթն ուսումնասիրվում է ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունում, բայց արդեն կարելի է նշել, որ ԵԱՀԿ առաքելությունը հրդեհներից ԼՂՀ անվտանգության գոտում գտնվող բնակավայրերի վնասների փաստեր չի արձանագրել, ինչպես դրանք փորձում է ներկայացնել ադրբեջանական կողմը»,- ասվում է մամուլի ծառայության տեղեկատվության մեջ: