Դաբա՞ղ, թե՞ տավարի ժանտախտ

23/07/2006

Հուլիսի սկզբներից Շիրակի մարզի խոշոր եւ մանր եղջերավոր անասունների շրջանում հայտնաբերվել են դաբաղի հիվանդության դեպքեր: Վարակի ծավալները դեռեւս ճշտված չեն: Ըստ ՀՀ ԳՆ Անասնաբուժական պետական տեսչության գլխավոր մասնագետ Է. Ստեփանյանի, հայտնաբերված վարակն իր նկարագրով նման է նաեւ տավարի ժանտախտի ախտանիշներին: Միայն ախտաբանական նյութի դիֆերենցիալ (տարբերական) ախտորոշումից հետո կպարզվի հիվանդության ամբողջական պատկերը, իսկ մինչ այդ վարակի տարածումը կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ սանիտարահիգիենիկ միջոցառումներ, որպեսզի հարուցիչը միջավայրում տարածում չգտնի: «Եթե կատարված հետազոտության արդյունքները չբավարարեն, ապա ախտաբանական նյութը կուղարկվի ՌԴ Վլադիմիր քաղաք, ռեֆերենտ լաբորատորիա` գիտահետազոտական լրացուցիչ եւ վերջնական ուսումնասիրման»,- ասում է Է. Ստեփանյանը: Ըստ մասնագետի, իբրեւ օրինաչափություն, բնակլիմայական եւ այլ գործոններով պայմանավորված, դաբաղ հիվանդությունը (բերանի խոռոչի ստոմատիտ) «գլուխ է բարձրացնում»: Շիրակի տարածաշրջանում ժամանակավորապես դադարեցված են անասունների սպանդը եւ վաճառքը:

Ն. Մ.