Այս տարվա փառատոնը լավ ֆիլմեր դիտելու եւ մեծ կինոհեղինակությունների հետ շփվելու շատ առիթներ տվեց, սակայն ակնհայտ դարձավ, որ փառատոնին ուղղակի օդի պես անհրաժեշտ են լավ կազմակերպիչներն ու թարգմանիչները, ինչպես նաեւ` կինոթատրոնների տնօրինությունների եւ հովանավորների հետ գրագետ պայմանագրեր կնքել կարողացող մարդիկ: Այլապես փառատոնը աճ չի ունենա, նույնիսկ եթե հյուրերն ու ֆիլմերը շարունակեն լավը լինել:
Բեմադրիչ Արմեն Մազմանյանն ասաց, որ փառատոնը շատ բարեկամներ եւ մեր մշակույթի «դեսպաններ» է ձեռք բերել, որոնք հիացած են հեռացել Հայաստանից. «Մենք անընդհատ խոսում ենք մշակութային քաղաքականության եւ մշակութային կոմունիկացիայի մասին, այս փառատոնը նման կոմունիկացիայի օրինակ է»: Փառատոնի շնորհիվ հնարավոր է դառնում երկխոսության իրականացումը, որն արդեն սկսվել է: Համենայնդեպս, իտալացի հայտնի սցենարիստ Տոնինո Գուեռան եւ իրանցի կինոռեժիսոր Մոհսեմ Մախմալբաֆը Հայաստանում ֆիլմ նկարահանելու ցանկություն են հայտնել: Իսկ «Հայկական համայնապատկեր» ծրագրում հաղթանակած «Մոռացված կղզիների բնակիչները» ֆիլմի հեղինակ Հրանտ Հակոբյանը հրավեր է ստացել եւ մասնակցելու է ռուսական «Կինոշոկ» եւ Ամստերդամի կինոփառատոներում: Փառատոնն իր ձեռքբերումների ցուցակում գրանցել է եւս մի կարեւոր իրադարձություն` «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որն առաջին անգամ էր ընդգրկվել փառատոնի շրջանակներում, եւ հաջորդ տարի իր ավելի գործնական շարունակությունը կունենա եւ կնպաստի հայկական ֆիլմերի արտադրությանը: Հաջորդ տարի աշխարհի խոշորագույն փառատոնի տնօրեններից բացի կհրավիրվեն նաեւ պրոդյուսերները:
Փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ բացթողումներ եւ թերություններ իհարկե եղել են, սակայն առանց դրանց լինել չէր կարող: «Մենք մեր սխալների վրա ենք սովորում»,- նա գրեթե նույնությամբ կրկնեց անցյալ տարի ասած իր բառերը: «Ամեն մարդ պիտի իր գործն անի եւ իր գործում պրոֆեսիոնալ լինի: Մենք մեր գործն էինք անում, իսկ մի քանի գորշ մարդիկ ուզում էին գալ եւ կինոհանճարներին հպվելով, «մարդամեջ» մտնել»,- ասաց երեւանյան փառատոնի տնօրենը, ով ինքն էր որոշում՝ ով պետք է «մարդամեջ» մտնի, ով` ոչ:
Հ. Խաչատրյանի հիմնական դժգոհությունները կապված էին լրագրողների աշխատանքի հետ, նա խորհուրդ տվեց լրագրողներին ավելի քիչ ուշադրություն դարձնել բամբասանքներին եւ կազմակերպչական վրիպումներին. «Ուզում ենք ձեր հոդվածներից եւ հաղորդումներից հասկանալ` արդյոք մեր հանդիսատեսի մոտ լավ ֆիլմեր դիտելու էներգիա մնացե՞լ է, թե՞ ոչ»:
Հաճախ կինոփառատոներին նոր որակ եւ փայլ տալու համար փորձառու եւ գիտակ մարդիկ են հրավիրվում, որոնք փառատոների տնօրեն աշխատելու հարուստ փորձ ունեն: Նման մոտեցումը «Ոսկե ծիրանի» տնօրենը չի բացառում, սակայն նշում է, որ հրավիրված մասնագետները կարող են միայն խորհրդատուի կարգավիճակում լինել, նրանց «Ոսկե ծիրանը» հոնորար վճարել չի կարող: Գուցե պետությո՞ւնը կարողանա: Իսկ «Ոսկե ծիրանի» կազմկոմիտեն որոշ ժամանակ հանգստանալուց հետո սկսելու է պատրաստվել հաջորդ փառատոնին: