Մինչեւ խորհրդարանական ընտրությունները դեռեւս բավականին ժամանակ կա, սակայն մի շարք կուսակցություններ արդեն ոչ պաշտոնապես, բայց սկսել են նախընտրական քարոզարշավը եւ այս օրերին զբաղված են վերադասավորումներով ու իրենց համար որոշակի հասարակական ռեսուրս ապահովելով:
Բացի այդ, քաղաքական կուսակցությունները զբաղված են նաեւ իրենց հասարակական վարկանիշը ճշտելով: Եվ այդ նպատակով պարբերաբար անցկացվում են սոցհարցումներ: Թե որքանով են հավաստի ու վստահելի լինում այդ հարցումների արդյունքները, դժվար է ասել: Պրակտիկան ցույց է տալիս, որ դրանք մեծապես կախված են այն հանգամանքից, թե ով է դրանց պատվիրատուն: Արդյունքում, հարցումների տվյալները լինում են հօգուտ պատվիրողի: Թեեւ, որոշ քաղաքական գործիչներ մեզ հետ զրույցում հավաստիացնում էին, որ կուսակցությունները սովորաբար նախընտրական սեզոնին վարկանիշային 2 ցուցակ են ունենում: Մեկը` ներքին օգտագործման համար, մյուսն` արտաքին: Բնականաբար, ներքին օգտագործման համար նախատեսված փաստաթղթում կուսակցության իրական վարկանիշն է, իսկ երկրորդում թվերն ուռճացված են եւ օգտագործվում են քարոզչական նպատակներով:
ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը, խոսելով սոցիոլոգիական հարցումների մասին, մեջբերում է Օտտո ֆոն Բիսմարկի խոսքերը. «Կա 3 տեսակի սուտ` սուտ, հանդուգն սուտ եւ վիճակագրություն»: Եվ այդքանից հետո պատգամավորը նկատում է. «Ինչպես շատ-շատ այլ ինստրումենտներ, հասարակական կարծիքի հետազոտություններն ու հարցախույզները եւս հաճախ լինում են սուբյեկտիվ»: Ա. Աշոտյանից հետաքրքրվեցինք, թե, իր կարծիքով, որքա՞ն է ՀՀԿ-ի իրական վարկանիշը: «Կարծում եմ, ԱԺ ընտրությունները կարելի է ընդունել որպես գլոբալ համաժողովրդական վարկանիշային հարցում: Եվ մեր կուսակցության վարկանիշը տրվել է 2003թ. ընտրություններին` 23 %-ից ավելի ձայն ենք ստացել»,- գտնում է նա: Իսկ ընտրություններին հաջորդած տարիների ընթացքում, ըստ Ա. Աշոտյանի, ՀՀԿ վարկանիշն ավելի է մեծացել, եւ դեռ աճելու տեղ ունի: «Համենայնդեպս, 23 %-ից պակաս չի լինի, իսկ մաքսիմումը` անսահման է»,- վստահեցնում է նա: Քանի որ օրերս ՀՀԿ շարքերը մտավ նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, երեկ Աշոտյանից հետաքրքրվեցինք, թե այդ փաստն ինչպե՞ս կանդրադառնա ՀՀԿ-ի վարկանիշի վրա: «Քաղաքական դաշտի կոնսոլիդացիան, որ մի մասով տեղի է ունեցել ՀՀԿ-ի շուրջ, հույս է ներշնչում, որ անպայման կբարձրացնի վարկանիշը: Բայց շատ բան կախված է նաեւ մեր հետագա անելիքներից: Բայց այս պահին, կարծում եմ, հասարակության շուրջ 30%-ը պատրաստ է իր ձայնը տալ ՀՀԿ-ին»,- ասաց նա: Թեեւ, վերջինս գտնում է, որ հասարակության ավելի քան 50%-ն ազգային-պահպանողական գաղափարախոսության կրող է եւ ՀՀԿ ընտրազանգվածը կարող էր եւ ավելի շատ լինել: «Երկար տարիներ քաղաքական զարգացումները ՀՀ-ում մեծապես պայմանավորված են եղել ՀՀԿ դիրքորոշումներով, եւ սա նաեւ ապացույցն է այն բանի, որ մեր կուսակցությունը կարծիքի առաջատար է»: Իրենց հասարակական կարծիքի առաջատար են համարում նաեւ կոմունիստները: ՀԿԿ 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանն ասաց, որ երբ օրերս ինքը «Կենտրոն» հեռուստաընկերության հյուրն էր, հարցին, թե «ՀՀ-ում Կոմկուսը հեռանկար ունի՞ արդյոք», զանգվածների շուրջ 49%-ը տվել է դրական պատասխան: Սակայն Ռ. Թովմասյանի խոսքերով, իրենց շատ ընկերներ հաղորդումից հետո իրեն դժգոհել են, որ փորձել են զանգահարել, սակայն չեն միացել: Ուստի, ընկեր Թովմասյանը ենթադրում է, որ ՀԿԿ վարկանիշը 50%-ից էլ շատ է: Եթե հավատալու լինենք «Ազգային Միաբանություն» կուսակցության ներկայացրած տվյալներին, ապա այսօր ՀՀ-ում ամենապահանջված քաղաքական գործիչն Արտաշես Գեղամյանն է: ԱՄ-ից մեզ վստահեցրին, որ իրենք հավատում եւ վստահում են ամերիկյան «Գելապի» համալսարանի անցկացրած սոցհարցումներին, որի արդյունքներով հարցվածների 92%-ը հենց Գեղամյանին է ցանկանում տեսնել որպես առաջնորդ, իսկ «Ո՞ւմ կուզենայիք տեսնել ՀՀ նախագահի պաշտոնում» հարցին էլ՝ 57%-ը պատասխանել է` Արտաշես Մամիկոնիչին: Վերջերս ընդդիմադիր դարձած ՕԵԿ-ն էլ իր համար սոցհարցումներ է անցկացնում: Մյուս կազմակերպությունների կատարած հարցումներն ու իրենց նախկին տվյալները համադրելով, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ասում է, թե իրենց կուսակցությունը բավական շատ ձայներ ունի: «Մեղմ ասած, ՕԵԿ-ն այսօր ամենաշատ ձայն ունեցող, հասարակական ամենամեծ աջակցությունը վայելող քաղաքական ուժերից մեկն է»,- ասաց Մ. Շահգելդյանը: ՀԺԿ-ական Վարդան Մկրտչյանն էլ ասաց, որ իրենք այս պահին առանձնապես հետաքրքրված չեն վարկանիշային հարցումներով, քանի որ ընտրություններից առաջ իրենք աշխատում են կուսակցության տեղական կառույցների ամրապնդման ուղղությամբ: «Մեր վարկանիշը շատ բարձր էր 2003թ. ընտրությունների ժամանակ, եւ արդյունքում իրականում ստացել ենք 80%-ից էլ շատ ձայն: Համոզված եմ, որ մեր վարկանիշը բարձր է նաեւ հիմա»,- հայտարարեց Վ. Մկրտչյանն, ավելացնելով, որ իրական արդյունքները կերեւան ընտրությունների ժամանակ: «Համենայն դեպս, մեր վարկանիշը նախորդ ընտրություններից պակաս չի լինի»,- պնդեց նա: Իսկ «Հանրապետություն» կուսակցությունից էլ չցանկացան հրապարակել «Գելապի» համալսարանի կողմից անցկացված սոցհարցման արդյունքում իրենց կուսակցության ստացած ձայները: «Բայց ստացված ձայներն ինձ գոհացնում են, թեեւ մեր ձայներն ավելացնելու համար դեռ տեղ ունենք աշխատելու»,- ասաց կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: Վերջինս նաեւ ավելացրեց, որ, ըստ «Գելապի» համալսարանի անցկացրած սոցհարցումների, իշխանությունները բավական ողբերգական վիճակում են գտնվում, քանի որ նրանց իրական վարկանիշը բավական ցածր է: Եվ եթե նրանք չկեղծեն ընտրությունների արդյունքները, ապա, Ա. Զեյնալյանի կարծիքով, դժվար թե կարողանան հաջողության հասնել:
Ի դեպ, վարկանիշային հարցումներն ամենեւին էլ չեն հետաքրքրում ՀՅԴ-ին, թեեւ նրանք պարբերաբար սոցհարցումներ են անում: ՀՅԴ ԳՄ անդամ, պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի խոսքերով, իրենց կուսակցությունը 2-3 ամիսը մեկ անգամ սոցհարցումներ է իրականացնում: Սակայն դրանք ոչ թե վարկանիշային հարցումներ են, այլ բովանդակային: Դրանց նպատակն է՝ ճշտել այս կամ այն հարցի վերաբերյալ հասարակական վերաբերմունքը: Ստացվում է, որ վարկանիշային հարցումները դաշնակցական ընկերներին չե՞ն հետաքրքրում: Ս. Սեյրանյանի խոսքերով՝ հետաքրքրում են: Սակայն ընտրություններից մեկ տարի առաջ եղած տվյալները դեռ ոչինչ չեն նշանակում: «Նպատակային կամ քարոզչական բնույթի սոցհարցումներն ինձ բնավ չեն հետաքրքրում: Նախորդ ընտրություններից առաջ որոշ կուսակցություններ ներկայացնում էին սոցհարցումները, համաձայն որոնց` իրենք բավական մեծ հասարակական աջակցություն ունեն: Բայց ընտրությունների ժամանակ 1% էլ չստացան»,- ասաց նա:
Թերեւս իրենց մասին բարձր կարծիք ունեն նաեւ աննշան կուսակցությունները, որոնց Հայաստանում ընդունված է անվանել «մարդ-կուսակցություններ»: Բայց դա արդեն այնքան էլ կարեւոր չէ: Քանի որ համապատասխան վայրում վաղուց ի վեր գծվել է ապագա ԱԺ-ի պատկերը: Այնպես որ, անկախ ժողովրդի քվեից, արդեն մոտավորապես հայտնի է, թե որ կուսակցություններն են ԱԺ-ում տեղ ունենալու: