Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը` մեկնաբանելով «Մեծ ութնյակի»` ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հայտարարությունը, ասել է. «Կարելի է միայն ողջունել «Մեծ ութնյակի» երկրների հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը պաշտպանելու եւ հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման անհրաժեշտության մասին: Լեռնային Ղարաբաղը միշտ հանդես է եկել հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին եւ պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար: Ցավոք, միջնորդներն էլ շատ բան չեն որոշում: Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հետ որեւէ շփումներ հաստատելու չկամության պատճառով այսօր ծայրաստիճան բարդանում է ընդունելի եւ արդարացի լուծում գտնելը: ՌԴ նախագահն արդարացիորեն նկատել է, որ Ռուսաստանը մտադիր չէ հակամարտության կողմերին ինչ-որ լուծումներ պարտադրել եւ փոխհամաձայնության պետք է գան ժողովուրդները: Հաշվի առնելով պայմանավորվածությունների կատարման երաշխավորը դառնալու ՌԴ պատրաստակամությունը` մենք մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ միայն օրինականորեն ընտրված ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ է հնարավոր մեր երկրի եւ ժողովրդի ապագային անմիջականորեն վերաբերող լուծումներ գտնել»: