Հուլիսի 18-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման, ֆինանսների եւ էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի նախարարները, ԱԳ նախարարի տեղակալը, ՀՀ ԿԱ ՔԱԳՎ պետը, ԱԱԾ եւ ոստիկանության ղեկավարները, կառավարության աշխատակազմի համապատասխան վարչությունների պետեր, քննարկվել է Լիբանանում ռազմական գործողությունների հետեւանքով Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներին եւ լիբանանահայերին հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցը:
ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է տարածաշրջանում վերջին զարգացումների եւ մեր հայրենակիցների վիճակի վերաբերյալ, նշելով, որ հուլիսի 17-ից շուրջօրյա հերթապահություն է սահմանված Լիբանանի եւ Սիրիայի դեսպանություններում, նաեւ Հալեպի գլխավոր հյուպատոսությունում: Նույն օրը Լիբանան եւ Սիրիա են գործուղվել լրացուցիչ 2 դիվանագետներ, որոնք զբաղվելու են ՀՀ քաղաքացիների տեղափոխման եւ այլ խնդիրներով` Լիբանանից Սիրիա մեկնած քաղաքացիներին տեղում ժամանակավորապես` մինչեւ Հայաստան ժամանելը, կեցության, սննդի եւ այլ անհրաժեշտ հարցերում օժանդակելու նպատակով: Թեեւ փոխարտգործնախարարը նշել է, որ Լիբանանի 120.000-անոց հայ համայնքում մոտ 1200 ՀՀ քաղաքացի կա, այնուամենայնիվ, այս թվերը վերջնական ճշտման կարիք ունեն:
ԱԳՆ-ն հումանիստական քայլ է անում նաեւ Լիբանանում ապրող օտարերկրացիների նկատմամբ: Գ.Ղարիբջանյանը վարչապետին տեղեկացրել է, որ ԱԳՆ-ն Լիբանանի եւ Սիրիայի դեսպանություններին ու Հալեպի գլխավոր հյուպատոսությանն անվճար մուտքի եռամսյա արտոնագիր տրամադրելու հանձնարարական է տվել ոչ միայն Լիբանանի ծագումով հայ քաղաքացիների եւ ՀՀ քաղաքացիների ընտանիքի անդամներին, այլ նաեւ Լիբանանում գտնվող օտարերկրացիներին, ովքեր կցանկանան գալ Հայաստան: Բացի այդ, ԱԳՆ-ն 58-60-17 հեռախոսահամարով «թեժ գիծ» է բացել, որն աշխատում է ամեն օր ժամը 9:00-21:00-ը: Դրանով քաղաքացիները կարող են իրենց տեղեկություններով օժանդակել ԱԳՆ աշխատանքներին:
Իսկ ՀՀ ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը վարչապետին ներկայացրել է դեպի Սիրիա իրականացվող չվերթերի, անհրաժեշտության դեպքում` նաեւ արտահերթ չվերթերի կազմակերպման հնարավորությունները: Նա նշել է, որ Երեւանից դեպի Բեյրութ չվերթեր ներկայումս չեն իրականացվում, իսկ Սիրիա իրականացվող չվերթերը, թերեւս, անհրաժեշտ կլինի Հայաստան ժամանել ցանկացողների մեծ թվաքանակի պատճառով ավելացնել: Վարչապետն Ա. Մովսեսյանին հանձնարարել է բանակցություններ վարել «Արմավիա» ընկերության հետ՝ Սիրիա կանոնավոր եւ ոչ կանոնավոր առեւտրային չվերթեր կազմակերպելու ուղղությամբ՝ անհրաժեշտության դեպքում` ՀՀ կառավարության կողմից ֆինանսական մասնակի փոխհատուցում տրամադրելով:
Ինչպես տեղեկացանք ՀՀ ԱԳՆ Հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանից, մինչեւ հիմա Լիբանանից Սիրիայով Հայաստան է ժամանել մոտ 160 մարդ: Վ. Կարապետյանի հավաստմամբ, նրանց մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են, բայց թե կոնկրետ որքանը` դժվար է ասել: Բանն այն է, որ այստեղ վիճակը փոքր-ինչ բարդ է, քանի որ ժամանողները հիմնականում ամուսիններ են, որոնցից մեկը կարող է լինել Լիբանանի քաղաքացի, մյուսը` Հայաստանի: Վ. Կարապետյանի խոսքերով, այդ 160 մարդիկ Հայաստան են ժամանել «Արմավիա» ավիաընկերության 2 չվերթերով, որոնք իրականացվել են հուլիսի 15-ին եւ 17-ին: Բեյրութցիներն ավտոբուսներով մեկնում են Սիրիա, այնուհետեւ Հալեպից գալիս են Հայաստան: Սպասվում է, որ այսօր Հալեպից Երեւան կժամանի եւս 2 ինքնաթիռ: Վ. Կարապետյանը հավաստիացրեց, որ Բեյրութում Հայաստանի դեսպանություն արդեն դիմել են Հայաստան ժամանել ցանկացող մոտ 200 մարդ, որոնց մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են: Ի դեպ, այժմ սիրիական սահմանի վրա մեծ կուտակումներ կան, որոնց հետ կապված ՀՀ ԱԳՆ-ն դիվանագիտական ներկայացուցչություններին հանձնարարական է տվել տեղում օպերատիվ աշխատանք իրականացնել:
Լիբանանից իր երկրի քաղաքացիներին էվակուացնելու հարցով զբաղված է ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ շատ ուրիշ պետություններ: ՌԴ Արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցները երեկ առավոտյան ռուսական «Դոմոդեդովո» օդանավակայանից ԻԼ-62 օդանավով մեկնել են Սիրիա՝ Լիբանանից Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների քաղաքացիներին էվակուացնելու համար։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ տեղեկացրեցին, որ իրենք այս չվերթով ՌԴ տեղափոխված ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չունեն. ԱԳՆ-ն կազմակերպում է միայն այն քաղաքացիների մուտքը Երեւան, ովքեր դիմում են Լիբանանում եւ Սիրիայում Հայաստանի դեսպանություններ:
Ի՞նչ արժե էվակուացիան: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը խոստացել էր Լիբանանից էվակուացնել ԱՄՆ քաղաքացիներին, եթե, իհարկե, վերջիններս կարող են վճարել ճանապարհածախսը։ Այն անձինք, ովքեր համապատասխան գումարը չեն ունեցել, հատուկ փաստաթուղթ են ստորագրել, որը նրանց պարտավորեցրել է տեղ հասնելուց հետո վճարել պարտքը։ ՌԴ Արտակարգ իրավիճակների վարչությունն, իր հերթին, չի հայտնում, թե ինչքան կարժենա ՌԴ քաղաքացիների էվակուացիան Լիբանանից։ Վ. Կարապետյանը մեզ տեղեկացրեց, որ Բեյրութից Հալեպ տեղափոխվող քաղաքացիներն իրենք են վճարում ավտոբուսի տոմսի գումարը:
ՀՀ քաղաքացիներին եւ լիբանանահայերին էվակուացնելու գործընթացի մանրամասները փորձեցինք ճշտել նաեւ «Արմավիայից»: Սակայն «ազգային փոխադրողն», իր սովորության համաձայն, լռում է: Ընկերության մամուլի քարտուղարի բջջային հեռախոսը երեկ, ինչպես ոչ սովորական մյուս իրավիճակներում, «ժամանակավորապես արգելափակված» էր: «Արմավիայի» կենտրոնական գրասենյակից մեզ պատասխանեցին, որ լրատվության հետ կապված ցանկացած հարցով պետք է դիմել միայն մամուլի քարտուղարին: Իսկ ընկերության տնօրեն Նորայր Բելլույանն ասաց, որ ինքը զբաղված է, մեր հարցերին կպատասխանի միայն մամուլի քարտուղարը: Նա նաեւ հավաստիացրեց, որ վերջինիս բջջային հեռախոսը նախօրեին աշխատում էր: Նկատենք, որ «Արմավիայի» նման աշխատանքն էապես դժվարացնում է լրատվամիջոցների բնականոն գործունեությունը:
Հ. Գ. ՀՀ վարչապետը Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին հանձնարարել է Առողջապահության նախարարության հետ կազմակերպել Լիբանանից Սիրիայով Երեւան ժամանողներին հարկ եղած դեպքում բուժօգնություն, այդ թվում՝ հոգեբանական ծառայություն մատուցելու աշխատանքները: