Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների շուրջ քննարկումները, թեեւ դժկամությամբ ու վերապահումներով, այնուամենայնիվ, սկսվել են: Երկու օր առաջ էլ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, թե այս ընթացքում ժամանակն աշխատել է Ղարաբաղի օգտին: Իհարկե, իսկույն էլ ճշտեց` խոսքն ընդամենը այն մասին է, որ բոլորը սկսել են գիտակցել, որ 15 տարի անկախություն ունեցած Ղարաբաղը երբեք չի համաձայնվի նորից մտնել Ադրբեջանի կազմի մեջ:
Այս առումով ժամանակն իսկապես աշխատել է Ղարաբաղի օգտին (թեեւ 1993-94-ին էլ հասկանալի էր, որ Ղարաբաղի ենթակայությունն Ադրբեջանին բացառված է): Բայց` միայն այս առումով: Իսկ մեծ հաշվով` պնդելը, թե ժամանակն աշխատել է մեր օգտին, պարզապես գեղեցիկ ինքնախաբեություն է: Ուրիշ բան, որ ժամանակը կարո՛ղ էր աշխատել մեր օգտին:
Բանն այն է, որ վերջին տասը տարիներին (իսկ Վազգեն Մանուկյանը հենց այդ ժամանակահատվածը նկատի ունի) Ղարաբաղի բնակչությունը գրեթե չի ավելացել, ազատագրված տարածքները չեն բնակեցվել, իսկ սրանք կարեւորագույն ցուցանիշներ են: Այո, Ղարաբաղի տնտեսությունն աճել է, բայց այդ իմաստով Ղարաբաղն Ադրբեջանի հետ համեմատելի չէ, եւ քիչ թե շատ իրատեսական պատկերացում ստանալու համար մենք պիտի համեմատենք ոչ թե Ղարաբաղի եւ Ադրբեջանի, այլ Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական ցուցանիշները: Իսկ Ադրբեջանի տնտեսությունն աճում է շատ ավելի բարձր տեմպերով, քան Հայաստանինը: Ինչ վերաբերում է քաղաքական դիրքերին, ապա այս առումով նույնպես ժամանակն ակնհայտորեն մեր օգտին չի աշխատել` հենց թեկուզ միայն այն պատճառով, որ տասը տարի առաջ Ղարաբաղը բանակցային կողմ էր, իսկ այսօր դուրս է մղված բանակցություններից: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ անցած տասը տարիների ընթացքում Ղարաբաղի (եւ Հայաստանի) բնակչության թիվը չի ավելացել, ազատագրված տարածքները չեն բնակեցվել, որեւէ երկիր ԼՂՀ անկախությունը չի ճանաչել, ԼՂՀ-ն դուրս է մղվել բանակցային գործընթացից, եւ այլն: Սա է իրականությունը: Եվ եթե որեւէ մեկն այսքանից հետո գտնում է, որ ժամանակն աշխատել է Ղարաբաղի օգտին, իր գործն է:
Ամբողջ խնդիրն այն է, որ նման դիրքորոշումը ոչ թե (եւ ոչ այնքան) անցյալի գնահատական է, որքան ապագա քայլերի ծրագիր: Այսինքն, եթե մինչեւ հիմա ժամանակն աշխատել է մեր օգտին, ի՞նչ կարիք կա ձգտել շուտափույթ կարգավորել հիմնախնդիրը, թող ժամանակը շարունակի աշխատել մեր օգտին: Բայց նույն Վազգեն Մանուկյանը հայտարարում է, թե հիմա ինքը խնդրի շուտափույթ կարգավորման կողմնակից է: Տրամաբանական հակասությունն ակնհայտ է, բայց միաժամանակ` նաեւ հասկանալի: Նա ստիպված է հայտարարել, որ ժամանակն աշխատել է Ղարաբաղի օգտին (հակառակ դեպքում ստիպված պիտի լիներ ընդունել, որ 1997-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն, այնուամենայնիվ, իրավացի էր, եւ իրենք իզուր ընդդիմացան), բայց քանի որ, այնուամենայնիվ, խորությամբ տիրապետում է հիմնախնդրին, գիտակցում է, որ գնալով մեր դիրքերը թուլանում են, հետեւաբար` ճիշտը խնդրի շուտափույթ կարգավորումն է:
Ի դեպ, «ստատուս-քվոյի» պահպանման մասին: Ըստ էության, այս հարցում մեր հասարակությունը թյուրիմացության մեջ է, որովհետեւ շատերին թվում է, թե «ստատուս-քվոն» պահպանվում է մեր քաղաքականության շնորհիվ: Մինչդեռ իրականությունը փոքր-ինչ այլ է:
Ինչո՞ւ 12 տարի շարունակվող բանակցությունները որեւէ արդյունքի չեն հանգեցնում: Որովհետեւ Ադրբեջանը կտրականապես մերժում է կարգավորման ցանկացած տարբերակ, որով Ղարաբաղը տեսականորեն կարող է հայտնվել Ադրբեջանի կազմից դուրս: Այսինքն, «ստատուս-քվոն» պահպանվում է ոչ թե մեր, այլ Ադրբեջանի իրականացրած քաղաքականության արդյունքում: Պարզ ասած, այսօր հենց Ադրբեջանն է «ստատուս-քվոյի» պահպանման կողմնակիցը: Թե ինչու` հասկանալի է. նրանց գերխնդիրը Ղարաբաղը վերադարձնելն է, դա հնարավոր է միայն պատերազմով, իսկ պատերազմին նախապատրաստվելու համար ժամանակ է պետք: Իսկ մեր իշխանությունները պարծենում են, թե «գնդակն Ադրբեջանի կիսադաշտում է, նրա՛նք պիտի խաղան»: Բայց նրանք չեն «խաղում», նրանք նախապատրաստվում են, եւ, իհարկե` գոհ են, որ այդ նախապատրաստման փուլում «ստատուս-քվոն» պահպանվում է: Իսկ մեզ մնում է միայն սպասել, թե երբ ադրբեջանցիները կավարտեն նախապատրաստությունները:
Փաստորեն, մեր իշխանությունների եւ հասարակության առջեւ հետեւյալ երկընտրանքն է. թույլ տալի՞ս ենք, որ Ադրբեջանն ինչքան իրեն պետք է պահպանի «ստատուս-քվոն» եւ կարգին նախապատրաստվի, թե՞ ստիպում ենք քայլ կատարել` առանց լավ նախապատրաստվելու: Կարծում ենք, իշխանությունները եւ քաղաքական ուժերը հենց այս տեսանկյունից պետք է մոտենան հարցին: