Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ միաձայն որոշել է թույլատրել Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) սեփականատեր «Միդլենդ ռեսուրսեզ» ընկերությանը ցանցերի բաժնետոմսերի 100 տոկոսը վաճառել ռուսական ՌԱՕ ԵԷՍ-ի մեջ մտնող «Ինտերէներգո» ընկերությանը:
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ դրա հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ: 2005թ. հունիսի 30-ին ՌԱՕ ԵԷՍ ընկերությունն իր ֆինանսական հաշվետվության մեջ նշել էր, որ 2 մլրդ 29 մլն ռուբլի կամ 73 մլն դոլար վճարել է եւ ձեռք է բերել «ՀԷՑ»-ի 100 տոկոս բաժնեմասը: Այդ ժամանակ այս տեղեկատվությունը հերքեցին եւ՛ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից, եւ՛ ՀՀ Էներգետիկայի նախարարությունից: Հետո հանկարծ պարզվեց, որ ՌԱՕ ԵԷՍ-ը ոչ թե «ՀԷՑ»-ի բաժնետոմսերի 100 տոկոսանոց փաթեթն է գնել, այլ 99 տարով կառավարման է վերցրել, իհարկե, գնման առաջնահերթության իրավունքով: Այս գործարքի հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտեցին Համաշխարհային բանկը (ՀԲ) եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID: Սակայն մի երկու ամիս հետո երկուսն էլ հաշտվեցին կատարված գործարքի հետ, իսկ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոբեր Ռոջինսոնը նույնիսկ դրական արտահայտվեց: Հիշեցնենք նաեւ, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցերը» 2002 թվականին էլ 37 մլն դոլարով գնել էր օֆշորային գոտում գրանցված բրիտանական «Միդլենդ ռեսուրսեզ» ընկերությունը: Այդ նույն ժամանակ ՌԱՕ ԵԷՍ-ը նույնպես մեծ ցանկություն ուներ գնել մեր «ՀԷՑ»-ը, սակայն ՀԲ-ի միջամտությամբ այդ գործարքը չկայացավ: ՀԲ-ն գտնում էր, որ ՌԱՕ ԵԷՍ-ը ոչ թափանցիկ, ֆինանսական կասկածելի գործարքներով աշխատող ընկերություն է, որն իր գործունեությունը միջազգային աուդիտի չի ենթարկում: ՀԲ-ն դեմ էր, որ նման կասկածելի ընկերությունը ձեռք բերեր Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող «ՀԷՑ»-ը: Սակայն կարծիք կա, որ «Միդլենդ ռեսուրսեզ» ընկերությունը որոշակի կապ ունի ՌԱՕ ԵԷՍ-ի հետ, այսինքն իրականում պատկանում է ՌԱՕ ԵԷՍ-ին: Անցած տարի գործարքից հետո, մի երկու ամսվա թաքուն բանակցություններից, ՀՀ կառավարությունը, ՌԱՕ ԵԷՍ-ը եւ Համաշխարհային բանկը եկան ընդհանուր եզրակացության եւ ի վերջո հաստատեցին «ՀԷՑ»-ի գործարքը: ՀՀ կառավարությունն ինչքան էլ ցանկանար (եթե իհարկե երբեւէ նման ցանկություն ունեցել է), միեւնույն է, ի զորու չէր դիմադրել հզոր Ռուսաստանի ճնշմանը: Չէ՞ որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է: Ավելի ճիշտ մեր իշխանություններն են այդպես ներկայացել Ռուսաստանին:
Բաշխիչ ցանցերի կառավարումը ՌԱՕ ԵԷՍ-ի կառավարմանը հանձնելուց հետո ընկերությունում աուդիտ անցկացվեց, որի արդյունքների մասին հանրությանը որեւէ տեղեկատվություն չտրամադրվեց: Կարծիք կար, եւ մամուլում հրապարակում եղավ, որ «ՀԷՑ»-ում բազմաթիվ չարաշահումներ է կատարվել, մեծ չափով ուռճացվել է ներդրումների քանակը: Իրականում կրկնակի, եռակի քիչ գումար է ծախսվել: Այն ժամանակ տրամաբանական կլիներ, նույնիսկ խոսակցություն եղավ, որ նոր կառավարիչը՝ «Ինտերէներգո» ընկերությունը «ՀԷՑ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնից ազատելու է Եվգենի Գլադունչիկին եւ հրապարակելու է աուդիտի արդյունքները: Սակայն այդպիսի բան տեղի չունեցավ. Գլադունչիկը դեռ ղեկավարում է մեր բաշխիչ ցանցերը, իսկ չարաշահումների մասին՝ ոչ մի խոսք: Այն ժամանակ նույնիսկ ՀՀ Գլխավոր դատախազությունն էր «ՀԷՑ»-ում չարաշահումների հետ կապված ինչ-որ գործ քննում, սակայն, ինչպես տեսնում ենք, բարձրացված ամբողջ աղմուկն ընդամենը ձեւական բնույթ էր կրում: Իսկ երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Միդլենդ ռեսուրսեզին» թույլ տվեց «ՀԷՑ»-ի բաժնետոմսերի 100 տոկոսանոց փաթեթը վաճառել ՌԱՕ ԵԷՍ-ին: Այսինքն 1-1,5 տարի առաջ սկսած գործարքը երեկ ամբողջովին իրավական տեսք ստացավ: Իհարկե, այսքանից հետո ոչ մեկի մտքով չի անցնի, թե Հանրային ծառայությունները կարգավորող, թող ներվի ասել` անկախ հանձնաժողովը կարող է որեւէ հարցում ընդդիմանալ մեր իշխանությունների կայացրած որոշումներին, մանավանդ, որ դա Ռուսաստանի հետ է կապված:
Ավելացնենք, որ Հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը ԱՌԿԱ գործակալությանը հայտնել է, թե ՀԷՑ-երի հետ կապված պայմանները չեն փոխվում, պարզապես մի ընկերությունից անցնում են այլ ընկերության: Այսինքն` «Միդլենդ ռեսուրսեզի» ստանձնած պարտականություններն անցել են նոր սեփականատիրոջը: ՀԷՑ-երի նոր սեփականատեր` Ինտեր ՌԱՕ ԵԷՍ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Անատոլի Վագները հայտարարել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ընկերությունը ցանցերում կներդնի 7 միլիոն դոլար: Այս միջոցներն իբր թե կուղղվեն սարքավորումների թարմացմանն ու արդիականացմանը: Այս ամեն ինչը` թղթի վրա, հետո կատարված ներդրումների մասին նորից կզեկուցեն հանձնաժողովին, որը դա կհաստատի: Եվ բացառված չէ, նույնիսկ կարելի է վստահաբար պնդել, որ ուռճացվելու են նաեւ այս անգամվա ներդրումները: Կամ, ավելի ճիշտ` ոչինչ էլ չեն ներդնի, թղթի վրա ինչ-որ թվեր կնկարեն եւ կներկայացնեն մեզ ու մեր իշխանություններին: Մերոնք էլ աչք կփակեն այդ ամենի դեմ: Դե, ֆորպոստն ի՞նչ իրավունք ունի հակառակվել իր տիրոջը: