Ուզում էր մի քիչ էլ ապրել

21/07/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Էրեբունի համայնքում ապրող Մինասյանների ընտանիքի պատերի սառնությունը հանդուրժելու համար պետք է հոգեբանորեն նախապատրաստված լինել: Բայց չես կարող, քանի որ օրեր առաջ հայտնել են, որ երիկամային քրոնիկ անբավարարությամբ տառապող 47-ամյա Արմենը հիվանդանոցում մահացել է:

«Փող ունենայինք՝ երիկամ էլ կունենայինք» մարտի 24-ին տպագրված մեր հրապարակմամբ ներկայացրել էինք այս ընտանիքի անօգնական վիճակը: Արմենն ու նրա որդին՝ Գրիգորը տառապում էին երիկամային քրոնիկ անբավարարությամբ: Դեռ այն ժամանակ Արմենը վստահեցնում էր, որ այս կյանքում ինքը չի ձգտում շքեղությունների, ոչինչ չի ուզում, միայն ուզում է ապրել, կամ գոնե մի քիչ էլ ապրել: Հայր եւ որդի շաբաթը 3 անգամ գնում էին «Արաբկիր» բժշկական կենտրոն դիալիզի՝ հույսով, որ մյուս հիվանդների պես մի օր էլ իրենք հնարավորություն կունենան դոնոր գտնել եւ նոր երիկամ ունենալով` շարունակել ապրել: Արմենը պատմում էր, որ, երբ Գրիգորին հարցնում էր, թե «երիկամ գտնելու դեպքում կուզես ի՞նձ, թե՞ քեզ վիրահատեն», Գրիգորն ասում էր. «Կուզեմ ինձ վիրահատեն, ուզում եմ ապրել»: Թե՛ Արմենի, թե՛ Գրիգորի համար երիկամ չգտնվեց: Արմենը մահվանից առաջ կնոջը՝ Հռիփսիմեին հարցրել է, թե վերեւում կա՞ Աստված, իսկ կնոջ պատասխանից հետո, որ, այո՛, կա Աստված, պարզապես ժպտացել ու աչքերը փակել է: Այսօր դիալիզով շատ հիվանդներ դոնոր երիկամ գտնելու պարագայում վիրահատվում եւ շարունակում են ապրել: Արմենի համար երիկամ չգտնվեց, որովհետեւ նրա ընտանիքը սոցիալական ծանր պայմաններում է ապրում, իսկ երիկամ գտնելու համար անհրաժեշտ էր կամ մեկնել այլ երկիր, կամ փող ունենալ երիկամ գնելու համար: Դիալիզով հիվանդ Արմենը մահացել է, իսկ նրա 16-ամյա որդին` Գրիգորը դեռ պայքարում է հիվանդության դեմ:

Գրիգորին ապրելու համար երիկամ է պետք

Դուռը թակում եմ, ներս մտնելուն պես բնազդաբար փնտրում եմ Արմենին, ով նախկինում աշխատելով որպես գրքի «ապրանքագետ»` հետաքրքիր վերլուծություններ էր անում քաղաքականության, մեր հասարակության, սոցիալական եւ այլ հարցերի շուրջ, իսկ երբ սկսում էր իր եւ Գրիգորի հիվանդության մասին խոսել` նյարդային էր դառնում ու միայն ուզում էր շարունակել ապրել: Արմենին չեմ գտնում: Տիկին Հռիփսիմեն միայնակ լաց է լինում ու ձեռքերը դողացնելով՝ ասում, որ ինքը կորած է առանց Արմենի: Կարծես դեռ շոկի մեջ է, անընդհատ նայում է Արմենի դատարկ մահճակալին, կարծես հույս ունենալով, որ թեկուզ հիվանդ, բայց անկողնուն գամված կտեսնի ամուսնուն: Տիկին Հռիփսիմեի շփոթված վիճակի մեջ ահավոր վախ կա: Արմենի մահվան հետ հաշտվելու համար դեռ ժամանակ է պետք, բայց Գրիգորը… 16-ամյա տղայի աչքի առաջ մահացել է հայրը, ով տառապում էր նույն հիվանդությամբ, ինչով ինքն է հիվանդ: Շաբաթը 3 անգամ Գրիգորն այլեւս հոր հետ չի գնում դիալիզի եւ այդ մենակությունն իրեն ճնշում է, մտածում է, որ հիվանդ հոր ճակատագիրն իրեն է սպասվում: «Հոր մահից հետո ծանր ապրումների մեջ է: Բժիշկն ասաց, որ մեղք է, չթողնենք հուղարկավորությանը մասնակցի, թող հայրը հիշողության մեջ կենդանի մնա: Ուղարկեցի հարազատներիս տուն: Բայց միեւնույն է, շատ է ընկճվել: Սարսափելի նիհարել է, ախորժակի անկում ունի, հաց չի ուտում ու շատ տխուր է»,- հուզմունքից խեղդվելով պատմում է մայրը, ում բժիշկները խորհուրդ են տվել Գրիգորին հոգեբանի մոտ տանել: Արմենի մահվանից հետո Գրիգորը չի կարողանում վախը հաղթահարել: «Դիալիզ ընդունելուց խուճապի է մատնվում: Ասում է` մամա, ապարատը միացնելուց կարող ա՞ ճնշումս իջնի, կարող ա՞ վատանամ, բլոկը նայի, որ չվատանամ, ամեն րոպե վախենում է»: Գրիգորն ապրում է իրենց տան խունացած 4 պատերի մեջ, չի ցանկանում դուրս գալ բակ, քանի որ հասակակիցներն իրեն այլ կերպ են նայում: Դիալիզի պատճառով թեւերը ձեւախեղվել են, ոսկորները քայքայվում, ծռմռվում են, դժվարությամբ է շարժվում, հյուծված, հոգնած է: Վերջերս մայրը նրան գյուղ է տարել, որ մի քիչ ցրվի վատ մթնոլորտից: «Գյուղը շատ սիրեց: Ասեց` մամա, եթե հանկարծ երիկամ ճարվի, ու ես լավանամ, էլ քաղաք չեմ գա, գյուղը բարի ա, ստեղ լավ ա, ստեղ կապրեմ»:

Աշխարհագրություն սիրող Գրիգորը մշտապես պահարանից քարտեզը հանում է, որ երկրներն ուսումնասիրի, սակայն, երբ հասկանում է, որ առանց հոր բացատրությունների այդ գործն արդեն հետաքրքիր չէ` քարտեզը դեն է նետում: Չի դադարում հոր մասին խոսելուց: Տղան հուսահատված է: «Միշտ հավատում էր, որ մի հրաշքով երիկամ կգտնենք, ու ինքը կփրկվի, բայց Արմենի մահը ծանր է ազդել վրան: Կարծես հույսը կորցրած լինի: Դիալիզից վերադառնալիս մանրամասնորեն պատմում է, թե որ հիվանդ երեխայի համար են երիկամ ճարել, որին են վիրահատել, ով է իր ոտքով տուն գնացել: Ասում է` նայի, մամա, էս երեխուն, իրա բարեկամները փող են հավաքել, որ ուղարկեն Բելգիա վիրահատելու»,- ասում է Գրիգորի մայրը, ում ականջների մեջ դեռեւս ամուսնու ցավերի պատճառով գոռգոռոցն է լսվում: Տիկին Հռիփսիմեն չգիտի` ինչպես պաշտպանի Գրիգորին, նույնիսկ չի կարող աշխատել, որպեսզի նրա դիետիկ սնունդն ապահովի: Գրիգորը խնամքի կարիք ունի եւ շաբաթվա 3 օրն «Արաբկիր» բժշկական կենտրոնում դիալիզ է ստանում, որը տեւում է երեք ու կես ժամ: 27.000 դրամ նպաստ ու թոշակով են գոյատեւում, որով տիկին Հռիփսիմեն անգամ Գրիգորի համար ձմեռային տաք հագուստ գնել չի կարողանում: Վերջերս դիմել է Էրեբունու թաղապետարան աջակցության համար, իսկ դիմումին ի պատասխան` 5000 դրամ գումար են տվել: «Եթե էպիկրիզները կարդալուց հետո ինձ 5000 դրամ պիտի տան` էն դեպքում, որ հիվանդին անհրաժեշտ 1 ամպուլան արժե 15.000-16.000 դրամ, ուրեմն` արժե՞ դիմել թաղապետարան»: Տիկին Հռիփսիմեն չի կարողանում խոսել, որովհետեւ ամեն մի բառին հաջորդում է հեկեկոցը: Ոչինչ չեմ հարցնում` հասկանալով, որ նրա համար էական չէ, թե ինչ ես հարցնում, ուզում է լաց լինել, որովհետեւ աչքի առաջ հիվանդ ամուսնու դատարկ մահճակալն ու Գրիգորի թախծոտ հայացքն է, ով տառապում է թե՛ իր, թե՛ մոր համար: Գրկում է մորը, համբուրում է, ուզում է մխիթարել, իսկ երբ տիկին Հռիփսիմեն հարցնում է` «Ինձ շատ ե՞ս սիրում». Գրիգորը պատասխանում է. «Ախր, էլ ո՞ւմ սիրեմ»: Գրիգորը դաստիարակված ու անչափ զուսպ տղա է, խուսափում է լուսանկարվելուց, քանի որ շատ է նիհարել, հյուծվել հիվանդության պատճառով: Մայրը նրան խնդրում է թույլ տալ լուսանկարել` հույս ունենալով, որ գթասիրտ մարդիկ կօգնեն փրկել երեխային: Մոր խնդրանքը նա չի մերժում, լուսանկարվում է` միեւնույն ժամանակ ցուցադրաբար հասկացնելով, որ չի հավատում, թե մարդիկ իրեն կօգնեն: Գրիգորն իսկապես արժանի է բարեգութ մարդկանց օգնությանը: