Մանկական օրթոպեդ-վնասվածքաբան Քրիստափոր Պետրոսյանը շուրջ 10 տարի աշխատում է Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցում (նախկինում թիվ 1 մանկական հիվանդանոց): 1995 թվին Անգլիայում վերապատրաստման դասընթացներ անցնելուց հետո նրան հանգիստ չի տալիս Հայաստանում մունիցիպալ հիվանդանոց ստեղծելու գաղափարը:
– Անվճար բժշկություն չկա, դա փաստ է. որեւիցե մեկը պետք է վճարի` կամ հիվանդը, կամ պետությունը: Պետպատվերի սահմաններն ինձ համար անհասկանալի են, որովհետեւ բժշկի աշխատավարձը շատ ցածր է: Այն պետք է ոչ թե 30.000, այլ 300.000 դրամ լինի, որպեսզի բժիշկը միայն մտածի հիվանդի մասին, այլ ոչ թե հիվանդը կվճարի՞, թե՞ ոչ: Ավելացրած գումարները շատ չնչին են: Մտեք ցանկացած պոլիկլինիկա, կբողոքեն ցածր աշխատավարձից: Բարձրակարգ անվճար բուժօգնություն հնարավոր չէ իրականացնել առանց բարերարների հովանավորության: Երբ բժշկությունը դառնում է բիզնես, դա շատ վտանգավոր ախտանիշ է հասարակության համար: Այս նույն հասարակությունում հնարավոր չէ, որ միաժամանակ չլինեն հարուստներ եւ աղքատներ: Չունեւոր խավի համար բարերարությամբ կարելի է ստեղծել մունիցիպալ հիվանդանոցներ: Ես միշտ օրինակ եմ բերում պապիկիս` Քրիստափոր Պետրոսյանին (Հայաստանի օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության ինստիտուտի հիմնադիրը), որը մեծահարուստ բարերար Մանթաշովի հովանավորությամբ մեկնել էր Ֆրանսիա, ուսում առել եւ հետո, վերադառնալով հայրենիք, ծառայել իր երկրին: Նա միշտ իր առաջին դասախոսությունը նվիրել է մեծ բարերարին` հաշվի չառնելով անգամ խորհրդային հասարակարգը:
– Մեզ մոտ երբեւէ եղե՞լ են մունիցիպալ հիվանդանոցի նախադեպեր:
– Գործնականում` ոչ: Եղել են միայն պետպատվերներ, որը բավարար չէ, քանի որ այն թույլ համակարգ է:
– Ունե՞ք համախոհներ այս հարցում եւ դիմե՞լ եք համապատասխան ատյանների:
– Իհարկե, շատ բժիշկներ հարում են իմ տեսակետին, բայց ես ղեկավար պաշտոն չեմ զբաղեցնում: Ինձ թվում է` մեր ղեկավարությունն այս ուղղությամբ մտածել կամ մտածում է, բայց տասնյակ տարիներ այս գաղափարն իրականացնողներ չկան: Օրինակ, Անգլիայում վճարովի հիվանդանոցներին զուգահեռ` մեծ տարածում ունեն մունիցիպալ հիվանդանոցները: Պետությունը պետք է շահագրգռի բարերարներին, որպեսզի նրանք օգնեն բուժհաստատություններին: Բարերարությունը պետք է մտնի մեր առօրյա: Բարեգործներին միայն շնորհակալություն չեն հայտնում, նույն Անգլիայում բարերարների հարկավճարները մեղմացված են: Հայաստանում այսօր մունիցիպալ հիվանդանոց ստեղծելն անհրաժեշտություն է: Իհարկե, պետության կողմից ինչ-որ բան արվում է, սակայն կարելի է պետպատվերը, նաեւ բարերարների օժանդակությամբ, կենտրոնացնել Երեւանի երկու հիվանդանոցներում, որպեսզի ժողովուրդը հանգիստ կարողանա օգտվել այդ ծառայություններից: Շատ ժամանակ մարդիկ վախենում են դիմել բժիշկներին եւ դիմում են հեքիմներին, սնղչիներին, որոնք փչացնում են գործը:
– Սնղչին էլ է վճարովի:
– Սնղչուն ավելի շատ են վստահում:
– Այսինքն` կարելի՞ է ասել, որ մատուցված բուժսպասարկման որակը չի գոհացնում բնակչությանը:
– Ես էլ, իմ հայրն էլ, պապն էլ, իմ շեֆն էլ բուժօգնություն ենք ցուցաբերել եւ ցուցաբերում, այլ ոչ թե բուժսպասարկում ենք իրականացնում: Սպասարկումը ռեստորանում է, վարսավիրանոցում, այլ ոչ թե բուժհաստատությունում: Ես հին բժշկական ընտանիքից եմ եւ երբեք չեմ սպասարկել, այլ փորձել եմ օգնել հիվանդներին: Այս դեպքում ավելի բարյացակամ են վերաբերվում բժիշկներին: Թեպետ ժողովուրդն ասում է. «Բժիշկներից ու ոստիկաններից հեռու»:
– Որքանո՞վ են վճարունակ ձեզ դիմող հիվանդները:
– Կենտրոնի բնակչությունն ավելի վճարունակ է, քան ծայրամասերինը: Ես չեմ կարող չվճարող հիվանդին օգնություն չցուցաբերել: Բայց երբեմն մենք էլ ենք անախորժությունների մեջ ընկնում, երբ դրամարկղ ոչինչ չի մուծվում: Մի քանի տարի առաջ մեր հիվանդանոցը հայտարարվեց պետականորեն անվճար, եւ հիվանդների թիվն ավելացավ քառակի անգամ: Մեկ տարվա մեջ 1000-ից ավելի հիվանդ էր եկել (մեկ հիվանդի համար պետությունը վճարում էր շատ էժան` 1200 դրամ), սակայն հիվանդանոցին չփոխանցվեց 1 մլն դրամից ավելի գումարը, համենայն դեպս, այն մեզ չհասավ: Անվճար համակարգը գործեց ընդամենը մեկ տարի: Եթե եվրոպական չափանիշներով ենք մտածում, ուրեմն պետք է առաջին հերթին ժողովրդի մասին մտածենք:
Հ. Գ. Բժիշկ Ք. Պետրոսյանը հույս հայտնեց, որ լավ կլիներ, որպեսզի իր առաջարկն արձագանք ունենա պաշտոնյաների` մանավանդ մասնագիտությամբ բժիշկ-պատգամավորների մոտ: