Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է, որ թուրքական բանակը կարող է ռազմական գործողություններ իրականացնել Իրաքի հյուսիսում, որտեղ, ըստ թուրքական հատուկ ծառայությունների, տեղակայված են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ճամբարները: Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ռոս Ուիլսոնը, սակայն, տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է, որ «միակողմանի ռազմական գործողությունների իրականացումը Իրաքի տարածքում Թուրքիայի կողմից անխոհեմ քայլ կլինի»: Հակադարձելով դեսպան Ուիլսոնին՝ Էրդողանն ասել է. «Ահաբեկչությունն ահաբեկչություն է ամենուր: Հնարավոր չէ համաձայնել մի պրակտիկայի, երբ, ասենք, մի պետությանը աջակցում են, երբ նա դիմել է ինչ-որ քայլերի, բայց երբ մեկ այլ պետություն է փորձում նույնն անել՝ վերաբերմունքը փոխվում է»: Թուրքական զինված ուժերի ստորաբաժանումները ներկայումս շարունակում են կենտրոնացվել Իրաքի սահմանի երկայնքով: Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայի արեւելյան՝ քրդաբնակ շրջանում տեղակայված բանակային խմբավորման թվակազմը հասել է 250 հազարի: