Կուրացող ծերունին, մեկ տարի է, 25.000 դրամ է փնտրում

21/07/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ձեռնափայտով շուրջբոլորը շոշափելով, ոսկրոտ մարմինն անընդհատ պատերին խփելով` երեկ մեր խմբագրության դուռն էր փնտրում մի ծերունի: Հովհաննես Սեդրակյանը կուրանում է եւ 1 տոկոս տեսողությամբ, ձեռնափայտի օգնությամբ Էրեբունի համայնքում գտնվող իր բնակարանից եկել-հասել է խմբագրություն:

«Մեկ տարի է, ինչ ընկել եմ դռնեդուռ, որ ինձ ձեռք մեկնեն»,- ասում է ծերունին, ում առողջական ծանր վիճակը տեսնելով՝ խնդրած օգնությունն աբսուրդ է թվում: Երկու զավակներից մեկը մեկնել է Մոսկվա աշխատելու, սակայն հայրը նրանից մինչ օրս տեղեկություն չունի, իսկ երկրորդ որդին դարձել է «պրոֆեսիոնալ» հարբեցող: Հարսի եւ 3 թոռների հետ է ապրում: «Երկու ուսանող թոռներս բացարձակ գերազանց սովորում են բուհերում, իսկ փոքրն էլի բացարձակ գերազանց սովորում է 4-րդ դասարանում: Հարսս 3-4 տեղ հավաքարարություն է անում եւ հազիվ իր երեխաներին է պահում, իսկ ես 12.000 դրամ թոշակի հույսին եմ»,- ասում է Հովհաննես պապը: Մեկ տարի է, ինչ աչքը փառակալել է, փսորիազի արդյունք է, որն, ըստ բժիշկների, սթրեսից է առաջացել: 80 տարեկան ծերունուն պոլիկլինիկայից ուղարկել են Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոն, որտեղ մանրակրկիտ ստուգումներ են կատարել: Գլխավոր բժիշկը, ով, ըստ Հովհաննես պապիկի, հիվանդանոցի հիմնադիր Մալայանի թոռնուհին է՝ ծերունուն վստահեցրել է, որ կբուժի եւ տեսողությունը կվերականգնի: «Ասաց՝ աչքդ կբացեմ, փառը կմաքրեմ, ոսպնյակը կփոխեմ, կկարեմ եւ կուղարկեմ տուն, մեկ օրից վիրակապդ կհանես, բայց…»,- պատմում է 1 տարի շարունակ այդ «բայց»-ի պատճառով դռնեդուռ ընկած Հովհաննես պապը: Գլխավոր բժիշկը ծերունուն տեղեկացրել է, որ ի տարբերություն մյուս հիվանդների, որոնցից նույն ծառայության համար պահանջվում է 200-300 դոլար՝ կընդառաջի եւ այդ ամենը կանի ընդամենը 25.000 դրամով: «Ես էս ծերության տարիներիս ընթացքում երբեւէ 25.000 դրամի երես չեմ տեսել, ստանում եմ ընդամենը 12.000 դրամ թոշակ, որով հազիվ վճարում եմ լույսի, ջրի վարձերը, իսկ մյուս վարձերն ուղղակի չեմ տալիս: Ասում եմ՝ դատի տվեք, որ չունեմ` ո՞նց տամ: Բժիշկն ասաց, որ այդ գումարով ոսպնյակն իրենք կանխավճարով արտասահմանից են գնում»,- պատմում է ծերունին, ով այդ վիճակով գնացել է Առողջապահության նախարարություն ոչ թե բողոքելու, այլ խնդրելու, որ իրեն օգնեն: Սակայն այնտեղից էլ են մերժել՝ հավաստելով, որ այդ գումարը բժշկին ոսպնյակի համար պետք է վճարի: Կուրացող Հովհաննես պապը, 1 տարի է, ինչ 25.000 դրամ է փնտրում: Խնդրանքով դիմել է Ռոբերտ Քոչարյանին, ԱԺ, Արարատյան թեմի առաջնորդարան, Էրեբունի թաղապետարան, «Օրինաց երկիր» կուսակցություն, ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանին, սակայն բոլորի կողմից մերժում է ստացել: «Մերժում, մերժում են, ա՛յ մարդ, էս ինչ քար ժողովուրդ դարձանք, էս որտե՞ղ ենք ապրում մենք: Արարատյան թեմի առաջնորդարանից ասում են, որ 35 տեղ եկեղեցի են կառուցում, ես ուրախ եմ, ես քրիստոնյա մարդ եմ, բայց ախր եկեղեցի այցելողն էլ կարեւոր մարդ է, չէ՞, նրա մասին էլ պետք է մտածել»,- ցավով նշում է ծերունին: Վիրավորված է, որովհետեւ թաղապետարանի «ոսկյա զարդեր կրող քարտուղարուհու» պատասխանը մշտապես լինում է` «Չի՛ կարելի ներս մտնել, զբաղված ա»: Իսկ Առողջապահության նախարարությունից հորդորում են, թե՝ «Մեծ գումար չի, հայրիկ ջան, պիտի ճարես՝ տաս, մենք անզոր ենք նրանց առաջ»: Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունից էլ ասում են՝ «Մեր տված օգնությունն ի՞նչ պիտի լինի, դիմում գրի, բայց դիմումներն էնքան շատ են, որ կարող է մի 5-6 ամիս կամ մի տարի հետո հերթդ հասնի, մի 5000 դրամ գումար տանք»: Իսկ ծերունին 1 տոկոս տեսողությամբ է գոյատեւում, որն աստիճանաբար խավարում է:

Հովհաննես պապն այս վերաբերմունքից այնքան վիրավորված է, որ ասում է. «Ցախավելը կառնեի` իշխանություններին, բոլոր կուսակցություններին բռնած կսրբեի, կթափեի ու Հայաստանը կմաքրեի: Թալեաթ փաշան շատ մարդ ոչնչացրե՞ց, թե՞ սրանք»: Զարմանում է, որ մի պետության մեջ այսչափ «բարձրագույն մարմիններ» կան, որոնք, սակայն, մի կույր անգամ բուժելու ցանկություն չունեն: Երկրորդ խմբի հաշմանդամ Հովհաննես պապիկն ատում է ստախոսներին, գողերին ու ուտող-ուրացողներին, թեկուզ իր հարազատ զավակը լինի: Համարում է, որ ծերունիներն անպաշտպան, անօգնական են, իսկ «կոմունիստների օրոք, եթե անգամ հիմնարկի ղեկավարին» նման խնդրանքով դիմեր՝ երբեք չէին մերժի: «Մարդու հանդեպ հոգատարությունը կորել է, մարդն արժեքը կորցրել է: Ոչ ոք չգիտի, որ ես տաք ճաշի համ չեմ տեսնում, այծի պանրով մի կտոր հաց եմ ուտում: Բայց ուտելու համար չեմ խնդրում, ուզում եմ ընդամենը տեսնել, չկուրանալ: Անարժեք մարդիկ կանգնեցին պետության գլխին: Քըրք Քըրքորյանն 80 տարում է հասել միլիարդատերի կոչմանը, իսկ էստեղ բոլորը միլիարդատեր են դառնում: Էդ 25.000 դրամը մարդուն լույս կտար, որով իրենք ռեստորաններում սուրճ են խմում»,- ասում է ծերունին ու ավելացնում, որ «փողամոլությունը մարդկանց թելադրեց փոխվել»: