Պարզ (երկսերունդ եւ եռասերունդ) ընտանիքներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տատիկ-պապիկների հետ ապրող ընտանիքներն ավելի կայուն են: «Երիտասարդ մայրը եւ հայրը ակտիվ են, զբաղված, նաեւ ագրեսիվ, իսկ տատիկ-պապիկներն ավելի հանգիստ են: Նրանք կարեւոր դերակատարում ունեն երեխաների բարոյական դաստիարակության հարցում. վերջիններիս ներշնչում են ինքնավստահության եւ ապահովության զգացողություն: Տատիկ-պապիկների միջամտությունը հոգեբանորեն փրկում է երեխաներին. նրանք առաջին հերթին հաղթահարում են ծնողներին, հետո հասարակությանը»,- կարծում է Ա. Մնացականյանը: Շատ զարգացած համարվող Անգլիայում այսօր ամենավտանգավոր տեղը համարվում է ընտանիքը: Պարբերաբար անդրադարձներ լինում են Եվրոպայի ամնապաթոլոգիկ հիմնախնդիրներից մեկին` պեդոֆիլիային (ընտանիքներում երեխաների հանդեպ սեքսուալ բռնություններ): Ինչպես նշում է իմ զրուցակիցը, Եվրոպան զերծ է սոցիալական խնդիրներից, սակայն պաթոլոգիկ երեւույթներն այնտեղ շատ են, ինչը խարխլում է պետության հիմքերը: «Եթե ընտանիքն ամուր է, ամուր է նաեւ պետությունը»՝ սա հայտնի միտք է: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը մի առիթով ասում էր, թե՝ բացի այն, որ երեխան պետք է քույր եւ եղբայր ունենա, նա նաեւ պետք է գիտակցի, որ իր կողքին նաեւ պապիկ ունի: Երեխաների կյանքում տատիկ-պապիկների դերի, նրանց հետ համակեցությանը եւ փոքրերին առնչվող այլ հարցերի շուրջ զրուցեցինք հոգեբանական գիտությունների թեկնածու Լարիսա Հարությունյանի հետ:
– Ինչպե՞ս եք գնահատում տան ավագների միջամտությունը փոքրերի դաստիարակության հարցում:
– Երեխաները մանիպուլյատորներ են, նրանք ենթագիտակցորեն զգում են, թե ում միջոցով ինչպես կարելի է սեփական հարցերը լուծել: Այսինքն` օգտագործելով տատիկ-պապիկների խղճահարությունը, նրանց ուժեղ դիրքն ընտանիքում` ազդում են ծնողների վրա` նաեւ չեզոքացնելով նրանց: Մեծերը չպետք է խառնվեն, խանգարեն երեխաների դաստիարակությանը, դա բացասական է անդրադառնում: Ընտանիքի ամուր եւ պաշտպանված լինելը տարբեր հասկացություններ են: Հայկական էթնոսը դրանք շփոթում է: Եթե ընտանիքում կան տատիկ եւ պապիկ, ապա, ազգային մտածելակերպի համաձայն, տան մեծահասակները պետք է իշխեն, տիրեն անգամ 40 տարեկան ծնողներին: Տիրող անհամաձայնության մթնոլորտում, երեխան ոչ թե դաստիարակվում, այլ սովորում է, թե ինչպես կարելի է մարդկանց օգտագործել: Երեխան պաշտպանվածության կարիք է զգում, երբ որ ծնողի կողմից առկա է ագրեսիա: Նրան սաստելը կամ պատժելը դեռ ագրեսիա չէ. կարեւորը, որ նա գիտակցի, որ ինքը սիրված է: Նա նաեւ պետք է իմանա, որ ոչ թե իրեն են պատժում, այլ իր արարքը:
– Ո՞ր տարիքից կարելի է պատժել երեխաներին:
– Բարոյական նորմերը ձեւավորվում են 5-6 տարեկանից, սակայն դա չի նշանակում, որ մինչ այդ երեխան պետք է բարձիթողի լինի: Ճապոնացիների դաստիարակության համակարգը շատ արդյունավետ է` ազատ դաստիարակություն մինչեւ 7 տարեկանը: Հայ ծնողներն ազատ դաստիարակելը յուրովի են հասկանում՝ պետք է շատ խաղալիքներ գնել, բակում խաղալիս հարվածել իրեն նեղացնողներին, սակայն երբեւէ չդիպչել տան «ռոկոկոներին» եւ շատ արժեքավոր առարկաներին: Մինչդեռ ազատ դաստիարակությունն այն է, որ տանն այնպիսի պայմաններ են ստեղծված, երբ անհրաժեշտություն չի առաջանում երեխային հաճախակի ասել` չի կարելի: Նա դեռ պիտի հասկանա, թե ինչո՞ւ չի կարելի: Ամեն ինչ կենցաղից է սկսվում:
– Բայց կան բաներ, որ իրոք չի կարելի:
– Դրանք այդքան էլ շատ չեն: Երեխան չպետք է տեսնի այն, ինչն իրեն չի կարելի: Մայրը կամ հայրը նրա համար էտալոն են: 4 տարեկանում տեղի է ունենում սեռային իդենտիֆիկացում (նույնականացում). որպես պաշտպանիչ միջոց աղջիկը նույնանում է մոր հետ, տղան` հոր: Նրանք նույնանում են իրենց ծնողների, ոչ թե տատիկ-պապիկների հետ: Նրանց ակտիվ միջամտության դեպքում էտալոնային կերպարն աղճատվում է:
– Ժամանակակից երեխաներն ավելի ագրեսիվ են եւ սիրում են հարվածել ում պատահի եւ ինչպես պատահի, ինչի՞ հետ է դա կապված:
– Վերջին տասը տարվա մեջ այդ երեւույթը նկատելի է: Ուսումնասիրություններ չկան, սակայն մասնագիտական դիտարկումներով կարելի է ասել, որ դրա վրա անդրադառնում են առաջին հերթին հղիության սթրեսները: Երեխայի վատ քունը նույնպես բերում է ագրեսիվ դրսեւորումների: 1990-ական թվականներին ԱՄՆ-ում դեռահասների շրջանում կատարված ուսումնասիրությունների համաձայն, թե ո՞ր գովազդն է ավելի հեշտ յուրացվում, պարզվել է, որ դա այն գովազդն է, որտեղ գերակայում է բռնությունը:
– Վերադառնանք տատիկ-պապիկներին:
– Նրանք շատ կարեւոր դեր են կատարում նաեւ այլ տեսանկյունից. յուրաքանչյուր մարդ ունի արմատների պահանջմունք: Եթե հորից ու մորից բացի երեխան տեսնում է տատ ու պապի, նա իրեն ավելի ամուր է զգում: Պարզապես դաստիարակության հարցում նրանք չպետք է մասնակցեն: Յուրաքանչյուր սերունդ իրեն հաջորդների վարքուբարքի համար ասում է. «Մեր ժամանակ այսպիսի բաներ չկային, հիմա ուրիշ է»: Ինչպե՞ս կարող է պատահել, որ ավելի վատ երեխաներից ստացվեն ավելի լավ ծնողներ. դա պարադոքս է: Տուրգենեւի «Հայրեր եւ որդիները» միշտ էլ լինելու է, անգամ ամենաառաջադեմ ծնողի եւ իր երեխայի մտածելակերպը կարող է չհամընկնել: Տատիկ-պապիկների դերը կարեւոր է. էներգետիկ կապն ուժեղացնում է մարդուն: Ավագ սերունդն ասում է, թե նրանք ժամանակ չեն ունեցել սիրել իրենց երեխաներին, դրա համար պաշտում են իրենց թոռներին: Երեխային երես տալը, անօրեն դարձնելը՝ սեր չէ: Պետք է երեխային սովորեցնել, թե ինչպես պետք է կողմնորոշվել կյանքում: Տատիկ-պապիկները եսասիրաբար են թոռնիկներին սիրում` «նրանց ձգելով իրենց կողմը»: Այսօր ամենադիմացկուն ընտանիքը երկսերունդ ընտանիքն է, որը միանշանակ չես կարող ժխտել կամ հաստատել: Եթե ընտանիքում գոյություն ունի ֆունկցիաների, յուրաքանչյուր անձի կարգավիճակի ճիշտ բաշխում, ապա այն կայուն է: Ամուր է այն ընտանիքը, որտեղ մարդիկ միմյանց անհատականությունն ընդունում են: Հայկական էթնոսը երեխային իբրեւ առարկա, օբյեկտ է դիտում: Ծնողը պետք է երեխայի համար ոչ թե անընդհատ հոգա, այլ նրան սովորեցնի, որ ինքը իր համար ինչ-որ բան անի: Մայրական եսասիրության թեորիայի համաձայն, որը եվրոպական դպրոցի մոտեցում է, մայրն ամեն ինչ անում է, որպեսզի ասեն, որ ինքը լավ մայր է: