«Որտե՞ղ գնալ հանգստանալու» հարցն այսօր բավական լուրջ խնդիր է, անկախ նրանից՝ գումար ունե՞ս, թե՞ ոչ։ Սակայն եթե առաջին դեպքում հարցի լուծումը գտնվում է կոնկրետ հանգստյան տան ընտրությամբ, ապա երկրորդ դեպքում վիճակն ավելի լուրջ է։ Յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր երեխան ամռանն ինչ-որ տեղ մեկնի հանգստանալու, սակայն եթե ֆինանս չկա, հանգստյան տան տարբերակն անգամ չի քննարկվում։ Մնում է կամ ճամբարի տարբերակը, որը հասու չէ բոլոր երեխաներին, կամ էլ տանը մնալու եւ ձանձրանալու։ Հատկապես ամռանը կյանքը տխուր է մարզերի երեխաների համար, ովքեր չունեն ժամանցային վայրեր, որտեղ գոնե կարող են ժամանակ «սպանել»։
Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Սպիտակի շրջանում ստեղծել է «Բակային ճամբարներ» անունով ծրագիրը։ Ծրագրի նպատակն այստեղ ապրող երեխաների առօրյան հնարավորինս հետաքրքիր դարձնելն է: «Այս տարի Սպիտակի շրջանում արդեն 3 այսպիսի ծրագիր իրականացվել է եւ նախատեսվում է օգոստոսի 10-ից մինչեւ սեպտեմբերի 1-ն իրականացնել եւս երկուսը»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ Սպիտակի տարածքային կառույցի խորհրդի ղեկավար Հովհաննես Սահակյանը։ – Ծրագիրը նախատեսված է 9-14 տարեկան երեխաների համար։ Յուրաքանչյուր փուլին մասնակցում են թվով 40 երեխաներ, ովքեր 10 օր շարունակ, ժամը 10-18:00-ն իրենց օրը հետաքրքիր են դարձնում «բակային ճամբարում»։ Անվտանգության պայմաններն ապահովելու նպատակով օրը սկսվում է ներկա-բացակայով, որին հաջորդում է առավոտյան մարմնամարզանքը։ Կազմակերպվում են տարբեր տիպի խաղեր, որոնք զվարճացնում, միեւնույն ժամանակ կրթում եւ դաստիարակում են երեխաներին։ Ըստ Հ. Սահակյանի՝ նման ճամբարների միջոցով երեխաները ծանոթանում են միմյանց հետ, ընկերանում են ու հետագայում կապեր են հաստատում։ «Խտրականություն չկա, փորձում ենք ընդգրկել բոլոր ցանկացողներին։ Իհարկե, շեշտն ավելի շատ դրվում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների վրա։ Բնականաբար, այս ամենն արվում է անվճար, այսինքն՝ բոլոր անհրաժեշտ ծախսերը հոգում է ՀՀԿ-ն»,- ասում է Հ. Սահակյանը։ Մի հետաքրքիր փաստ եւս. մեր հարցին, թե «Բակային ճամբարում» կարո՞ղ են ընդգրկվել նաեւ անտուն, փողոցում ապրող երեխաները, Հ. Սահակյանը պատասխանեց. «Անհամեստություն թող չհնչի, բայց մեզ մոտ այդպիսի բան չկա, փողոցում թափառող երեխաներ չկան։ Երկրաշարժից հետո իտալացիները ստեղծեցին Մայր Թերեզայի կենտրոն, որտեղ Մայր Թերեզայի կույսերը հոգում են ծնողական խնամքից զուրկ, հաշմանդամ երեխաներին»։
«Բակային ճամբարի» ամեն փուլից հետո ընտրվում է 5 երեխա, ով իր ինտելեկտուալ, երաժշտական կամ այլ խաղերի ընթացքում դրսեւորած ունակություններով առանձնացվել է մնացածներից։ «Երեկ մեր միջնորդությամբ 10 երեխա, ովքեր աչքի էին ընկել տարբեր շնորհներով, մեկնեցին Լոռու մարզի «Ծիծեռնակ» ճամբարը, որտեղ արդեն կարող են հանգստանալ լիարժեք ճամբարային կյանքով»,- ասաց Հ. Սահակյանը։
Գաղտնիք չէ, որ այսօր հայ երեխաները, մասնավորապես` մարզերի երեխաները, չեն կարողանում այս կամ այն երեւույթին նորմալ արձագանքել։ Այսինքն՝ բարդույթավորված են. երեխան վախենում է սխալ կամ ծիծաղելի երեւալ եւ նման իրավիճակում հայտնվելուց խույս տալու համար ընդհանրապես հրաժարվում է արտահայտել իր կարծիքն ու տեսակետն այս կամ այն թեմայի շուրջ: Այս «բակային ճամբարներում» հաշվի է առնվել նաեւ այս հանգամանքը. ջոկատավարները տարբեր թեմաների շուրջ քննարկումներ են առաջարկում եւ հորդորում երեխաներին` չամաչել սեփական մտքերն արտահայտելուց։ Ըստ Հ. Սահակյանի՝ արդյունքներ կան։ Քննարկվում է ամեն ինչ՝ նույնիսկ սեռական կյանքից: Ի դեպ, ըստ Հ. Սահակյանի, երեխաների հետ քննարկումներ են անցկացվում նաեւ հայրենասիրության եւ Արցախյան պատերազմի մասին։ Հ. Սահակյանը վստահեցնում է, որ Սպիտակի շրջանի երեխաների մեծ մասին հատկապես հետաքրքրում են հայ մարտիկների, ֆիդայիների կենսագրությունները, իսկ ջոկատավարները երեխաներին պատմում են բոլոր հերոսների մասին՝ անկախ վերջիններիս քաղաքական կողմնորոշումից։