Գեղեցկության եւ ձայնի զուգահեռները

21/07/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Կինոռեժիսոր, դիզայներ եւ նկարիչ Ռուսթամ Խամդամովը, ով իր գեղեցիկ եւ ոճավորված ֆիլմերով հետխորհրդային կինոտարածքում ուրույն տեղ է զբաղեցնում, ավելի շատ արտասահմանում է հայտնի, քան Ռուսաստանում, որտեղ եւ ապրում է: Նա Երեւան էր այցելել եւ «Ոսկե ծիրան» կինոփառատոն բերել իր «Վոկալ զուգահեռներ» ֆիլմ-համերգը, որը նկարահանվել է Ղազախստանում: Ռ.Խամդամովն ընդամենը չորս ֆիլմերի հեղինակ է, սակայն նրա բոլոր ֆիլմերը կինոսիրողների եւ կինոգնահատողների կողմից մեծ ուշադրության են արժանացել:

Դեռ 70-ականներին Ռ.Խամդամովը սկսել էր նկարահանել լայնամասշտաբ եւ գեղեցիկ մի ֆիլմ, որը կոչվելու էր «Անսպասելի ուրախություններ»: Սակայն ռեժիսորը հեռացվեց նախագծից, իսկ նրա գրած սցենարով ֆիլմ նկարահանեց Նիկիտա Միխալկովը: Այդ ֆիլմը փոխեց իր անվանումը, դարձավ «Սիրո ստրկուհի» եւ մեծ համբավ ու հաջողություն բերեց Ն. Միխալկովին: Իսկ Ռ. Խամդամովը բյուրոկրատական մեքենայի հետ պայքարել չցանկացավ, թեեւ եւ ֆիլմի գլխավոր սյուժետային գիծը, եւ համր կինոյի ոճով նկարահանելու գաղափարը հենց իրեն էին պատկանում: Ճակատագրի բերումով Ռ. Խամդամովի ֆիլմերը շատ դժվար են հանդիսատեսին հասնում: «Չճանաչված ռեժիսորներից ես ամենահայտնին եմ»,- ասում է նա: Նրա «Աննա Կարամազոֆֆ» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել ֆրանսուհի Ժաննա Մորոն, մինչ օրս մեծ էկրան դուրս չի եկել. խնդիրներ կան ֆիլմի պրոդյուսերի հետ: Ընդհանրապես Ռ. Խամդամովի ստեղծագործական կյանքը շատ տարօրինակ, բարդություններով եւ դավաճանություններով լի է եղել: Երեւանում նա ասաց, որ հաճախ բախտը իրենից երես է թեքել. «Ինչ արած, երեւի դա ճակատագիր է»: Երբ նկարահանելու հնարավորություն չի եղել, Ռ. Խամդամովը հագուստի մոդելավորմամբ է փող վաստակել, առանց սեփական անունը հրապարակելու աշխատել է Եվրոպայի հայտնի մոդայի տներում: Նրա էսքիզներով էքսկլյուզիվ զգեստներ են պատրաստվել: Սերգեյ Փարաջանովը Ռ. Խամդամովին «ֆրանսիացի ուզբեկ» է անվանել եւ հիացել է Ռուսթամի խորհրդավոր, եթերային եւ փոփոխական կինոկադր հիշեցնող նկարներով: Իտալացի հայտնի կինոսցենարիստ Տոնինո Գուեռան Ռ. Խամդամովին իր ընկերների շարքերն է դասել եւ միշտ փորձել է աջակցել նրան: Տ. Գուեռան Ռ. Խամդամովի նկարչական կերպարներն անվանել է «գիշերային արքայադստրեր, որոնք շարժվում են կտավի վրա, հալվում եւ կրկին վերակենդանանում»: Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում Տ. Գուեռան` ներկայացնելով «Վոկալ զուգահեռներ» ֆիլմն, ասաց. «Սա թանկարժեք ֆիլմ է, այն հասկանալ պետք չէ, պետք է զգալ ֆիլմի կերպարների գեղեցկությունը: Ֆիլմն իր բույրն ունի: Եվ կարեւոր չէ, որ սկզբում այն մի քիչ տարօրինակ կթվա, կարելի է միայն հիանալ գեղեցկությամբ, քանի որ այդ գեղեցկությունն անցողիկ չէ, այն դեռ երկար կմնա ձեր հիշողության մեջ: Ռուսթամը հանճար է, դա զգացել են եւ Անտոնիոնին, եւ Վիսկոնտին»:

«Վոկալ զուգահեռներն» անսովոր կառուցվածք ունի, սյուժետային հստակ գծեր չկան: Կադրում առկա է արտառոց եւ առատորեն շաղ տված գեղեցկությունը: Սա ֆիլմ-համերգ է, որը վարում է ռուս դերասանուհի Ռենատա Լիտվինովան, ով համոզում է օպերային երգչուհիներին (ղազախ երգչուհիների հետ ֆիլմում մասնակցում է նաեւ հայ երգչուհի Արաքս Դավթյանը), որ տաղանդը պետք է պատրաստ լինի զիջումների գնալ: Իսկ երգչուհիներն անսովոր միջավայրում եւ տարօրինակ զգեստներ հագած կատարում են հայտնի օպերաների արիաները, բարձրակրունկ կոշիկներով անցնում են քարքարոտ վայրերով, խոսում աշխարհի երեսից անհետացող Պրեժիվալսկու ձիերի, սոպրանոների եւ մեցցո-սոպրանոների մրցակցության, անցողիկ գեղեցկության մասին, հայտնվում են ինքնաթիռում եւ ախոռում, այրվում եւ մահանում են: Ֆիլմում նշված է. «Երգչուհիները երգում են սեփական ձայներով», եւ հենց այդ ձայների բնական եւ գեղեցիկ լինելն է հեղինակն ամենաթանկ բանը համարում: «Գեղեցկությունը կարելի է վերականգնել, իսկ ձայնը վերականգնել չի ստացվի: Ձայներն անհետ կորում են»,- ասաց Ռ. Խամդամովը:

Ֆիլմը շատ դժվար է նկարահանվել, եւ հեղինակից (Ռ. Խամդամովը ոչ միայն ռեժիսորն է, այլեւ` ֆիլմի նկարիչն ու երգիչների զգեստների դիզայները) 10 տարի է պահանջել:

– Իմ ֆիլմերը սեփական ճակատագիրն ունեն, որը երբեք հաղթական չի եղել: Ֆիլմը նման է ծխի, որը կարողանում է սողոսկել պատերի ճեղքերից եւ լցնել սենյակը: Իհարկե, ֆիլմում անցյալ ժամանակների կարոտ կա: Իսկ կարոտը միշտ էլ արվեստի ամենալավ սնունդն է եղել: Գեղեցկությունն արդեն իսկ իր մեջ բարոյականություն է կրում, եւ ինքն է թելադրում` ինչպես ապրել: Երբ Փարաջանովը ծանր հիվանդ էր եւ հիվանդանոցում անշարժ պառկած էր, նրան ծաղիկներ նվիրեցին: Եվ Փարաջանովը, ով արդեն մահանում էր, սկսեց հրահանգներ տալ` թե որ գույնի ծաղիկը որտեղ է պետք է դրվի, որպեսզի գեղեցիկ լինի: Հասկանո՞ւմ եք, նա մահանալու պահին էլ էր ռեժիսուրայով զբաղվում: Դա մաքուր պերֆորմանս էր, բառիս ամենաճիշտ իմաստով: Մանավանդ որ, նրա թիկունքում այլաբանորեն ուրվագծվում էր ԿԳԲ-ն:

– Ձեր առաջին ֆիլմը նկարահանվել է Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի հիման վրա: Ինչո՞ւ հենց այդ գործն ընտրեցիք:

– «Իմ սիրտը լեռներում է, իսկ ես ինքս` ներքեւում եմ»՝ Ռոբերտ Բյորնսի հայտնի բանաստեղծության բառերն էին հիմքում: Այդ ֆիլմը դարձավ իմ կուրսային աշխատանքը, որի պատճառով էլ ինձ վտարեցին ինստիտուտից: Այդ ֆիլմը ես քառասուն տարի չեմ տեսել, չգիտեմ` գուցեւ ինչ-որ մեկի մոտ պահպանվե՞լ է: Բայց հիշում եմ, որ այն ժամանակ ֆիլմը մեծ հաջողություն ուներ: Սարոյանին ես հատուկ չեմ ընտրել, պարզապես ցանկացել էին որեւէ լավ գործի ստիլիզացիա անել: Ընդ որում՝ գործողությունները ես Ֆրանսիա էի տեղափոխել, բայց հենց որ եղավ ֆիլմի պրեմիերան, ՎԳԻԿ-ում արգելեցին ստիլիզացիան: Այն համարվում էր բուրժուական, հետամնաց գաղափարախոսություն:

– Դուք ոճ ստեղծող եք: Ոճն ավելի կարեւո՞ր է, քան գաղափարը:

– Գրականագետ Յուրի Լոթմանն ասել է, որ ձեւի եւ բովանդակության միջեւ հակասություն չկա, դրանք երկուսն էլ նույն սուբստանցն են եւ դրանք չի կարելի իրարից անջատել: Ռեժիսորն է ստեղծում ֆիլմի արտաքին նկարը, եւ ամենատաղանդավոր ֆիլմերը նրանք են, որտեղ հայտնի չէ` ֆիլմը հետույքո՞վ է ստեղծվել, թե՞ սրտով: Ստեղծագործում ես այս կերպ, քանի որ այլ կերպ անել պարզապես չես կարող: Դա է ոճը, այն կամ կա, կամ չկա: «Վոկալ զուգահեռներում» Ռենատա Լիտվինովան չի խաղում, նա պարզապես հրաշալի տիրապետում է ոճի գաղափարին: Կան շատ ավելի լավ դերասանուհիներ, որոնք ոճ չունեն, եւ նրանց հազվադեպ են նկարահանվելու հրավիրում, քանի որ նրանք մոխրագույն մկների են նման:

– Արգելքների ժամանակներն անցել են, բայց լավ ֆիլմերն ավելի քիչ են ստեղծվում:

– Փառք Աստծո, որ այդ ժամանակները վերջացան: Շոպենհաուերն ասել է` մեր արժանիքների շարունակությունը մեր թերություններն են: Հիմա կարելի է ամեն ինչ անել, բայց պարզվում է, որ անկումը յուրաքանչյուր ոլորտում է առկա: Ես Ռուսաստանում հաճախ եմ ասում, որ մենք հիմա Քսենիա Սոբչակի դարաշրջանում ենք ապրում: Յուրաքանչյուր բարձունք նողկալի է, բոլորն այդ աղջկա նման են` սկսած Ծերեթելիի քանդակներից, վերջացրած կինեմատոգրաֆով: Ամեն ինչ անճաշակ, ճղճիմ եւ վուլգար է, սակայն շատ կենդանի եւ կենսունակ: Դրա հետ պայքարելն անհնար է, միայն ժամանակը կարող է ամեն ինչն իր տեղը դնել եւ ավելորդը կտրել: Հիմա փողի ժամանակն է. միջակ մարդիկ են արվեստ ստեղծում:

– Այդ ժամանակն է՞լ կանցնի:

– Եթե ֆաշիզմ չլինի՝ կանցնի: Իսկ ֆաշիզմի հայտնվելը շատ հավանական է: Ռուսաստանում միջին խավ չկա, մարդիկ հիմնականում շատ աղքատ են, իսկ էլիտան իրեն անպարկեշտ է պահում: Կարծում եմ՝ Ռուսաստանում նոր առաջնորդ է հասունանում, եւ այդ առաջնորդը ռուս չէ: Նա առաջ կտանի ռուսներին, եւ այդ առաջխաղացումն ուղղակի սարսափելի կլինի:

– Մոսկվայում այլազգիների նկատմամբ վայրենի արարքներ են կիրառվում: Դա է՞լ է ժամանակավոր:

– Դա արդեն կանխել չի ստացվի, քանի որ նման բռնության դեմ պայքարելու համար պիտի միջին խավ լինի, որն ի դեպ` կկազմի բնակչության 90%-ը: Քաղքենի դասակարգ է պետք, որը կունենա մաքուր եւ կոկիկ պատշգամբներ, ծաղկամաններում վարդեր կաճեցնի, եւ որի ամսական աշխատավարձն առնվազն 3 հազար դոլար կլինի: Միջին խավն այն միջնորմն է, որը թույլ չի տալիս, որպեսզի հարուստների եւ աղքատների միջեւ բախում լինի: Հիմա հարուստները շատ խոցելի են, քանի որ աղքատները պատրաստ են ապստամբելու: Եվ այդ աղքատները շատ վտանգավոր են:

– Ապստամբությունը հնարավո՞ր է:

– Իհարկե: Տեսեք, ինչպես են Մոսկվայի շուկաներում աջ ու ձախ այլազգիներին մորթում: Տաջիկ մի աղջկա սպանեցին, իսկ դատարանը մարդասպանին արդարացրեց: Սեւամորթներին, չինացիներին են սպանում: Ես ինքս էլ երկար ժամանակ Մոսկվայում առանց գրանցման եմ ապրել, եւ դա ինձ համար ամենասարսափելի ժամանակն էր: Եթե փող ունես, դու անկախ ես եւ կարող ես համեմատաբար հանգիստ ապրել Մոսկվայում: Բայց եթե աղքատ ես, քաղաքի ոչ հարմարավետ շրջանում ես ապրում եւ աշխատանքի մետրոյով ես գնում, բոլոր դժվարությունները տեսնում ես: Այլազգիներին չեն ընդունում, եւ դա` այն դեպքում, երբ Ռուսաստանում ոչ մի ռուսական բան չի մնացել: Խանութներում վաճառվող ապրանքները արտասահմանյան են, սանտեխնիկան իտալական է, կահույքը, հագուստը եվրոպական են, նույնիսկ մեր գնած վարտիքներն են թուրքական: Վերջին 15 տարիների ընթացքում ոչ մի ռուսական իրադարձություն չի կատարվել: Մենք ամերիկյան ֆիլմեր ենք դիտում, հեռուստատեսությունն արեւմտյան մոդելով ենք կառուցում, մեր մտքերն էլ են դեգեներատիվ դառնում: Մեզ մոտ ոչ մի իսկական բան չի մնացել, ամեն ինչը զուտ կոնստրուկցիա է:

– Իսկ Հայաստանն ինչպիսի՞ տպավորություն թողեց:

– Հյուր լինելը շատ լավ է: Բայց եթե ես երկու շաբաթ այստեղ մնամ եւ ոչ թե փառատոնային, այլ` զուտ հայկական միջավայրում ապրեմ, համոզված եղեք, շատ բան կնկատեմ: Եվ լռել չեմ կարողանա: Երբեք չեմ կարողացել, քանի որ էությամբ ռադիկալ եմ:

Հ.Գ. Հարցազրույցը կայացավ «Ոսկե ծիրանի» կազմկոմիտեի եւ «Վիվա Սելլի» աջակցությամբ: