Ղարաբաղում շարունակվում է բուհ ընդունվողների փաստաթղթերի ընդունման գործընթացը: Դա, թերեւս, միայն մասնավոր բուհերին է վերաբերում, որոնք ընդունելությունը երկու փուլով են կատարում. մեկը` մինչեւ Արցախի պետական համալսարանի ընդունելության քննությունների սկիզբը, մյուսը` դրանից հետո:
Օրերս այդ գործընթացն ավարտվել է Արցախի պետական համալսարանում: Հանրապետական ընդունող հանձնաժողովի տվյալներով, ընդհանուր առմամբ, դիմել են 977 դիմորդ, որը 32-ով գերազանցում է 2005-2006թթ. ուսումնական տարվա տվյալները: Անցյալ տարի 945 դիմորդներից 750-ը դարձել են համալսարանի ուսանողներ։ Ի դեպ, այս տարի 250-ով ավելի է նաեւ հանրակրթական դպրոցների շրջանավարտների թիվը։
Հանձնաժողովից տեղեկացանք նաեւ, որ այս տարի պետպատվերով սովորելու հնարավորություն կունենա 220 ուսանող, իսկ վճարովի՝ 945-ը։ Հայաստանի բուհեր ընդունվելու դիմում են գրել 43 դիմորդ, որոնցից 4-ն իրավաբան դառնալու ցանկություն ունի, իսկ 21-ը՝ տնտեսագետ։
Ուսումնասիրելով տվյալները, պարզվում է, որ Արցախի պետհամալսարանում առավել հեղինակավոր են համարվում իրավաբանական (55 դիմորդ), ռուսաց լեզու եւ գրականություն (51), հայոց լեզու եւ գրականություն (54), ՆԶՊ եւ ֆիզիկական պատրաստություն (65), ֆինանսներ եւ վարկ (55), հաշվապահական հաշվառում եւ աուդիտ (57), տարրական կրթության մանկավարժություն եւ մեթոդիկա (47), ստոմատոլոգիա (44), անգլերեն ու ֆրանսերեն (38) ֆակուլտետները։ Ի դեպ, շրջանավարտների մոտ լայն տարածում է սկսում գտնել ֆրանսերենը:
Ընդամենը 13 հոգի դիմել են քիմիայի ֆակուլտետ, 18-ը` աշխարհագրության, 13-ը` նկարչության ու գծագրության, 8-ը` ռադիոֆիզիկայի ու էլեկտրոնիկայի, 11-ը` անասնաբուժական ֆակուլտետ, 9-ը` գյուղատնտեսության, 6-ը` անտառատնտեսության եւ շրջակա միջավայրի կանաչապատման։ ԱրՊՀ-ի ընդունելության քննությունները կսկսվեն հուլիսի 20-ին եւ կեզրափակվեն օգոստոսի 15-ին։
Պարզվում է, որ Ղարաբաղի երիտասարդներին չեն հետաքրքրում ինժեներական մասնագիտությունները: Եթե վերոնշյալ թվերին ուշադիր նայենք, ապա կպարզվի, որ 200-ից ավելի շրջանավարտներ կամ պետհամալսարանում սովորելու ցանկություն չունեն, կամ նախընտում են այլ բուհ, կամ էլ պարզապես բարձրագույն կրթություն ստանալու մտադրություն չունեն: Մնում է հավատալ, որ նրանցից գոնե մի քանիսը կսովորեն վերջերս Ստեփանակերտում բացված արհեստագործական ուսումնարանում: Ղարաբաղում խոստովանում են, որ գազաեռակցողների, թիթեղագործների, էլեկտրամոնտյորների, ներկարար-շինարարների, ծեփագործների կարիք կա:
Իսկ այս տարի, ԼՂՀ կառավարության որոշմամբ, ոչ պետական բուհերի անցյալ տարիների շրջանավարտներին թույլատրվում է պետական քննություն տալ` պետական նմուշի դիպլոմ ստանալու համար:
Գերազանց դիպլոմ ունեցողներից միայն 3-ին է հաջողվել պաշտպանությունն անցնել: Եղել են նաեւ դեպքեր, որ նշված դիմորդներից անբավարար գնահատական են ստացել, որոնց թվում են եղել նաեւ հանրապետության պետական տարբեր կառույցների գլխավոր եւ առաջատար պաշտոններ զբաղեցնող մարդիկ: