Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես ԼՂՀ հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման երաշխավոր: «Փոխզիջման պետք է հասնեն այդ երկրների ժողովուրդները, իսկ Ռուսաստանը՝ գործընկերների հետ միասին, պատրաստ է հանդես գալ որպես այդ պայմանավորվածությունների կատարման երաշխավոր»,- նախօրեին հայտարարել է Վ. Պուտինը՝ ավելացնելով, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը կքննարկեն «Մեծ ութնյակի» անդամ երկրների ղեկավարները: Արդեն որոշվել է նաեւ, թե որ երկրներն են մասնակցելու այդ քննարկմանը՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Ջորջ Բուշը եւ Ժակ Շիրակը: «Ցանկալի կլիներ, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը գտնեին ընդունելի լուծում: Մենք մեր լուծումը չենք պարտադրի կողմերից ոչ մեկին»,- ասել է ՌԴ նախագահը: Չնայած սրան, «Մեծ ութնյակը» երեկ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել քաղաքական կամք ցուցաբերել եւ Լեռնային Ղարաբաղի հարցում համաձայնության հասնել արդեն 2006 թվականին: Իսկ սա պարտադրանք չէ՞: