Բանկի կողոպտիչները ձերբակալված են

20/07/2006

ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդմամբ, Հայաստանից Վրաստանի սահմանը Բագրատաշենի մաքսակետից հատելու փորձ կատարելու պահին հուլիսի 14-ին ձերբակալվել է «Արդշինինվեստբանկի» Մալաթիայի մասնաճյուղից գողություն կատարելու մեղադրանքով հուլիսի 6-ից հետախուզման մեջ գտնվող Ա. Խանոյանը: Անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել եւ առգրավվել են շուրջ 1կգ ոսկյա զարդեր, 13.260 դոլար, 5000 եվրո, 100.000 դրամ, 15.000 ռուբլի եւ 50 ֆունտ ստեռլինգ: Շուրջ 10 կգ ոսկյա զարդեր են հայտնաբերվել եւ առգրավվել նաեւ Խանոյանի աներոջ` Վ. Գերաշենկոյի շենքի բակի ծառի տակից, եւս 5,4 կգ ոսկյա իրեր` Խանոյանի ընկերոջը` Ն. Գեւոնջյանին պատկանող ավտոտեխսպասարկման կետից: Այդտեղ հայտնաբերվել է նաեւ 4 մլն 400 հազար դրամ: Իսկ հուլիսի 11-ին իրավապահ մարմիններին էր ներկայացել «Արդշինինվեստբանկի» գողության մեջ մեղադրվող Ա. Բաբայանը: Հիշեցնենք, որ այդ գողության մյուս մասնակիցները` ոստիկանության ՊՊՎ Մալաթիայի բաժնին կից պահպանության բաժնի ոստիկան Արսեն Հակոբյանը եւ նախկինում դատված Սուրեն Հովհաննիսյանն արդեն ձերբակալված են: