Վիճակագրության ծառայությունը նորից խորամանկում է

20/07/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մինչեւ այդ անձրեւները վիճակն այնպիսին էր, որ հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվող գյուղացիները կորցնում էին այս տարվա իրենց ամբողջ բերքը, խոտ չլինելու պատճառով՝ նաեւ անասունների որոշ խմբաքանակը: Իհարկե, այս վիճակն Արարատյան դաշտավայրի հողագործներին չի վերաբերում, որովհետեւ այդտեղ ոռոգման համակարգ է գործում, եւ ցանքատարածությունները ժամանակ առ ժամանակ ջրվում են: Խոսքը վերաբերում է լեռնային եւ նախալեռնային շրջաններին, որտեղ ոռոգում չկա, գյուղացու հույսը միայն անձրեւների վրա է: Եվ ահա հունիսի վերջերին տեղացած անձրեւները կարծես թե ստեղծված չորային վիճակը մի փոքր մեղմեցին:

«Չասեմ, թե վնասն ամբողջությամբ վերացավ, սակայն վիճակն ինչ-որ չափով մեղմվեց,- ասում Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը: – Որոշակիորեն բարելավվեց խոտհարքերի վիճակը, անձրեւը բավականին դրական ազդեցություն ունեցավ հատկապես կարտոֆիլի ցանքատարածությունների վրա: Օրինակ, այն վիճակը, որ անձրեւներից առաջ կար Լոռու մարզում, բավականին փոխվել է: Գեղարքունիքում կարտոֆիլի ցանքատարածությունների վիճակը, չասեմ` շատ լավ է, բայց ոչինչ, շատ վատ էլ չէ: Եթե հանկարծ անանձրեւ շարունակվեր` ահավոր բան կստացվեր»:

Այս ընթացքում շուկայում վաճառվում է Արարատյան դաշտավայրի կարտոֆիլը, որի բերքատվության վրա երաշտն առանձնապես չի ազդել: Աշնանը, երբ հերթը կհասնի լեռնային շրջանների, հատկապես Գեղարքունիքի մարզի կարտոֆիլին, այդ ժամանակ արդեն պարզ կդառնա, թե որքա՞ն են եղել երաշտի հետեւանքով կորուստները, եւ վիճակը որքանո՞վ է մեղմել տասնօրյա անձրեւը: Ինչպես մեր նախորդ հրապարակումներում նշել էինք, վատ է նաեւ հացահատիկային կուլտուրաների ցանքատարածությունների վիճակը: «Աշնանացանի վրա էլ անձրեւների դրական ազդեցությունը մի փոքր զգացվում է,- ասում է Գ. Պետրոսյանը: -Հիմնականում վատ վիճակը գարնանացանի մոտ է, որ ցողունը կարճ մնաց: Սիսիանի տարածաշրջանում աշնանացանն էլ է շատ տուժել: Սպիտակի տարածաշրջանում վիճակը, կարելի է ասել՝ լավ է: Մի 10 օրից Արարատյան դաշտավայրում աշնանացանը կավարտվի: Ոչինչ, միջին հաշվով 1 հեկտարից 35 ցենտներ ցորեն է դուրս գալիս»: Դժվար է ասել, թե տասնօրյա անձրեւն ինչքանով փրկեց գյուղացու ողջ տարվա ապրուստը, սակայն քաղաքի շուկաներում գյուղմթերքի գները բավականին բարձր են: Հիմնական սնունդ հանդիսացող կարտոֆիլի 1 կիլոգրամն արժի 130-200 դրամ, վաճառողները գնորդներին ահաբեկում են, որ այս տարի աշնանն ու ձմռանն ավելի է թանկանալու՝ հասնելու է մինչեւ 300 դրամի: Անտրամաբանական չափերով բարձր են նաեւ պոմիդորի եւ վարունգի գները: Պոմիդորի 1 կգ-ն արժե 300-400 դրամ, վարունգինը՝ 200-300 դրամ: Սա` այն դեպքում, երբ այս երկու բանջարեղենն էլ Երեւանի շուկաներ են հասնում Արարատյան դաշտավայրից, որտեղ, մասնագետների պնդմամբ, երաշտը խնդիրներ չի առաջացրել, եւ ոռոգումը նորմալ է եղել: Այդ դեպքում ինչո՞ւ են այդքան թանկ: «Ուժեղ շոգերի պայմաններում, երբ սկսեց արդեն ծաղկման ու պտղագոյացման փուլը, ծաղկավիժում, պտղավիժում տեղի ունեցավ,- ասում է Գ. Պետրոսյանը: – Հիմա այդ վիճակն արդեն անցել է, նորմալ ծաղկում ու պտղագոյացում կա»:

ՀՀ Ազգային վիճակագրական վարչության (ԱՎԾ) տվյալներով, կարտոֆիլն ու բանջարեղենն անցած տարվա համեմատ թանկացել են 38 տոկոսով: Այս չափն իր գրպանի վրա զգում է նաեւ սպառողը: Բայց արի ու տես, որ նույն` վիճվարչության տվյալներով, լոլիկը նույնիսկ էժանացել է՝ 9 տոկոսով: Հերթով՝ 10, 15, 25 տոկոսով թանկացել են նաեւ գյուղատնտեսական մյուս բոլոր ապրանքները՝ սմբուկը, ծիրանը, դեղձը, խնձորը: «Հանրապետությունում ընդհանուր գնաճ կա,- ասում է պարոն Պետրոսյանը: – Այդ հանգամանքը չի կարող գյուղմթերքի գների վրա չազդել: Եթե գյուղացին ամեն ինչը պիտի թանկ ձեռք բերի, ինչպե՞ս կարող է իր ապրանքը էժան վաճառել: Դիզվառելիքի գինը բարձրացել է, բենզինի եւ մնացած ամեն ինչի գները բարձրացել են»:

Մենք համաձայն ենք պարոն Պետրոսյանի հետ, բայց մեր երկուսի հետ համաձայն չէ ԱՎԾ-ն, որն ընդամենը հինգ օր առաջ է հրապարակել 2006թ. հունվար-հունիսի սպառողական գների ինդեքսը եւ հաշվարկել է, որ այդ ընթացքում ընդամենը 4,4 տոկոս գնաճ է դիտվել: ԱՎԾ-ն իր հաշվարկը կատարել է մեր սպառողական զամբյուղում ընդգրկված մթերքների գների հիման վրա եւ բավականին հետաքրքիր խորամանկության է դիմել: Մինչեւ ապրիլը մեր սպառողական զամբյուղն ընդգրկում էր 400 ապրանք-ծառայություն: Ապրիլից հետո մեր զամբյուղը ծանրացավ եւս 70 ապրանք-ծառայություններով: Զարմանալին այն է, որ նախկին 400-ի դեպքում անցած տարվա համեմատ հիմնականում գնաճ է դիտվել՝ 1, 5, 38 նույնիսկ 78 տոկոսով: Բացառիկ դեպքերում կարելի է ասել, որ նույնիսկ ձեւի համար ու չնչին տոկոսներով սղաճ է գրանցվել: Իսկ նոր ավելացած 70 ապրանք-ծառայությունների գների փոփոխությունը նշված չէ: Կարելի է մտածել, որ ԱՎԾ-ն թեթեւ գնաճ է ապահովել հենց այս խմբաքանակի շնորհիվ, բայց միայն այն դեպքում, երբ դրանք առնվազն 20-30 տոկոսով էժանացած լինեին: Սակայն դժվար թե զգացած լինենք, որ անցած տարվա համեմատ այս տարի ժավելի, շրթներկի կամ մեխակի գներն այդքան իջած լինեն: Այս երեք անուն ապրանքները մեր սպառողական զամբյուղի նորույթներն են:

Ինչեւէ, «շուկայագետները» մեզ հատ-հատ բացատրում են, թե ինչու է բարձր, ասենք, պոմիդորի կամ գլուխ սոխի գինը: «Պոմիդորը թանկ է, որովհետեւ վաճառվում է միայն տեղականը,- ասում է վաճառողներից մեկը: – Անցած տարիներին Թուրքիայից էլ էր ներկրվում, դրա համար էլ մեր տեղականի գները մի քիչ ցածր էին: Այս տարի արգելել են Թուրքիայից սննդամթերքի ներկրումը, եւ մեր շուկաներում վաճառվում է միայն տեղականը, այս պահին` հիմնականում ջերմոցինը, որոշ չափով` նաեւ «հողի» լոլիկը: Շուկայի գները հիմա ձեւավորում են ջերմոցատերերը: Հենց նրանց ազդեցությամբ էլ արգելվել է թուրքական պոմիդորի ներկրումը»: Սակայն Գյուղնախարարության մասնագետները հավատացնում են, որ օգոստոսի սկզբից գյուղատնտեսական մթերքի գների կտրուկ անկում կդիտվի, որովհետեւ «հողի» մթերքի մասսայական հասունացումը հենց այդ ժամանակ է տեղի ունենում:

Վերջում մի զարմանալի դիտարկում էլ անենք՝ 2005-ի ծիրանառատ տարում, Գյուղնախարարության տվյալներով, արտահանվել է 8800 տոննա ծիրան: Այս տարի, երբ արտահանվող ծիրանի բերքը զգալիորեն պակաս էր, արտահանվել է մոտ 8300 տոննա եւ սառնարաններում արտահանման է սպասում մոտ 1500 տոննա: Ինքներդ էլ եք տեսնում, որ տարբերություն գրեթե չկա: Սա նշանակում է, որ մեր արտահանողների գործերը դրսում լավ են: Հասցրեցին ստանալ իրենց սեզոնային շահույթը մինչեւ Վերին Լարսի փակումը: Նրանք «բռնազավթել» ու արտահանել են բերքի զգալի ու որակյալ մասը: Իսկ ներսում վաճառքի ծիրան էլ չի մնացել, շուկաներում արդեն հազվադեպ կարելի է գտնել, այն էլ` 500-700 դրամի սահմաններում: Այս տեմպերով՝ եկող տարի ծիրանի երկիր Հայաստանում ծիրան կտեսնենք դեղատներում կամ էլ «Ոսկե ծիրան» փառատոնի բացման առիթով: