Չպատվաստված երեխաների 90%-ը բժիշկների երեխաներ են

20/07/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն պատվաստումների ազգային օրացույցի, պատվաստումն իրականացվում է կյանքի առաջին ժամերից մինչեւ 6 տարեկանը. վերջին պատվաստումը կատարվում է 56 տարեկանում` դիֆտերիայի դեմ: ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Սիրակ Սուքիասյանի խոսքերով, պատվաստումը վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ամենաարդյունավետ եւ էժան միջոցն է. ներդնելով 1 դոլար` տնտեսվում է 100 դոլար:

Առաջին պատվաստումը կատարվել է 1793 թվականին անգլիացի գիտնական Է. Ջեների կողմից բնական ծաղիկ (կամ սեւ ծաղիկ) կոչվող մահացու հիվանդության դեմ, որը ներկայումս պատվաստումների շնորհիվ հիմնովին վերացել է: Մոտ 100 տարի անց, առողջապահության այս ոլորտը զարգացրել է ֆրանսիացի Լ. Պաստերը: 2002 թվականից ողջ եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաեւ ՀՀ-ում, պատվաստումների միջոցով իսպառ ոչնչացվել է պոլիոմելիտ հիվանդությունը, որը 90%-ի դեպքում թողնում է հաշմանդամություն: Օրինակ, կատաղություն, բոտուլիզմ հիվանդությունների (100%-ով մահացու) պայքարի միակ միջոցը իմունականխարգելումն է: 1993 թվականից Առողջապահության նախարարությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է իմունիզացիայի ազգային ծրագիր, որն ուղղված է հիմնականում մանկական բնակչության առողջության պահպանմանը: Ծրագրի շրջանակներում իրականացվում է կարմրուկի վերացման եւ կարմրախտի վերահսկման ծրագիր, որի համաձայն` 2005-2010 թթ. 3 մլն բնակչին պետք է բաժին ընկնի հիվանդության 3 դեպք: Հարուցիչը շրջանառությունից հանելու ռազմավարական քայլերից մեկի համաձայն էլ 2007թ. պետք է մասսայական պատվաստումներ կատարել կարմրուկի եւ կարմրախտի դեմ ինչպես Հայաստանի ողջ տարածքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում (մեկ ամսվա ընթացքում 25 տարիքային խմբում կպատվաստվի մոտ 3 մլն մարդ` անկախ տարիքից): 2005թ. վերջերից մինչեւ 2006թ. կեսերը Հայաստանի տարածքում արձանագրվել է կարմրախտի վարակիչ հիվանդության բռնկում, որի ընթացքում հիվանդացել է 680 մարդ (որը վերջին` 1998-99թթ. բռնկումից 2 անգամ պակաս է): Ի դեպ, միայն 2002 թվականից է Հայաստանում (ԱՊՀ-ում երրորդը) կարմրախտը պատվաստվում: Ս. Սուքիասյանի հավաստմամբ, տարվող պատվաստումների շնորհիվ հիվանդության բռնկման ժամանակ մինչեւ 7-8 տարեկան երեխաների հիվանդության դեպքեր չեն արձանագրվել, բացառությամբ 1-2 եզակի դեպքերի, որի պատճառ հանդիսացել է պատվաստումից հրաժարվելու տխուր փաստը: «Այսպիսի մի պարադոքս կա, չպատվաստված երեխաների 90%-ը բժիշկների երեխաներ են: Բժիշկներն իրենց շատ ավելի խելոք են կարծում, քան կան: Իրականում բացարձակ հակացուցումների համար շատ քիչ պատճառներ կան (ընդամենը 0,5-07%): Պատվաստումը պետք չէ դիտել իբրեւ վտանգավոր երեւույթ. ցանկացած բժշկական միջամտություն իր մեջ ներառում է բարդությունների որոշակի հնարավորություն (սովորական ռեակցիան չպետք է շփոթել բարդության հետ): Բարդությունների տոկոսը շատ ավելի քիչ է, քան այն մտահոգում է բնակչությանը»,- հավաստիացնում է Ս. Սուքիասյանը: Ի դեպ, պատվաստման դեմ հակացուցումը չի կարող լինել մեկ բժշկի միանձնյա որոշում: Այն իրականացվում է Առողջապահության նախարարության ցուցումների, հակացուցումների եւ հետաձգումների քննարկող հանձնաժողովի բժշկական եզրահանգման համաձայն: Ս. Սուքիասյանը նշեց, որ այսօր կարմրախտին քաղաքական «աստառ» է տրվել, քանի որ բռնկման ժամանակ որոշակի տարիքային աճ է արձանագրվել (12-ից մինչեւ 25 տարեկան): Մինչդեռ շուրջ մեկ ամիս Հայաստանում գտնվող ԱՀԿ փորձագետների գնահատմամբ, իմունիզացիան տարածաշրջանի երկրներից ամենաբարձրը մեր երկրում է: Օրինակ, նույն կարմրախտի սեզոնի բռնկման ժամանակ Վրաստանում արձանագրվել է հիվանդության 2.500, իսկ Ադրբեջանում` 3000 դեպք:

Ս. Սուքիասյանն անդրադարձավ նաեւ տուբերկուլյոզի դեմ տարվող ԲՑԺ պատվաստմանը՝ ընդգծելով, որ բեցեժեն ուղղված է ոչ թե հիվանդության վերացմանը կամ նվազմանը, այլ դրանից մահացության իջեցմանը: «Տուբերկուլյոզը բոլոր պետությունների առողջապահական մարմինների գերակա խնդիրներից է: Այն վխտում է Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում: Հայաստանում հիվանդությունը նույնպես մեծանում է, որը ոչ լիարժեք բուժման` ռեզիստենտականության ձեռք բերելու հետեւանք է. հարուցիչի վրա այլեւս չի ազդում այն դեղորայքը, որը կիրառվում է»,- նշում է ծրագրի ղեկավարը: Ի դեպ, Հայաստանում այսօր կիրառվում են ԱՀԿ-ի կողմից հավաստագրված պատվաստանյութեր, որոնք թանկարժեք են եւ անցել են փորձաքննություն: Ըստ մեր զրուցակցի, զանգվածային պատվաստումների շնորհիվ (որոշակի խմբերում), սկսած 2004 թվականից, քառակի անգամ նվազել է գրիպ վարակիչ հիվանդությունը` համապատասխան համաճարակների բռնկման ժամանակ: