Օրեր առաջ սկսվել է Երեւանի Տիգրան Մեծ եւ Կոմիտաս պողոտաների այլեւս չգործող տրամվայի գծերի (մոտ 2,5 եւ 3 կմ երկարությամբ) ապամոնտաժումը։ Դա իրականացվում է Լինսի հիմնադրամի միջոցներով. ընդհանուր առմամբ Երեւանի փողոցների ճանապարհաշինության համար այդ հիմնադրամից նախատեսվում է հատկացնել 19 մլն 300 հազար ԱՄՆ դոլար։ «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տվյալներով` նշված 2 պողոտաների վերանորոգումը կավարտվի միայն 2008-ին, քանի որ ընթացքում կոմունիկացիայի խնդիրներ են առաջանում։ Հիշեցնենք, որ 2004-ի հունվարի 20-ից Երեւանում տրամվայը որպես փոխադրամիջոց այլեւս չի գործում։ Նախորդ տարիներին ապամոնտաժված գծերն, ըստ քաղաքապետարանի, անհատույց տրամադրվել են պաշտպանության ոլորտին։ Երեւանի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության տնօրեն Ս. Պետրոսյանի խոսքերով, գոյություն ունեցող տրամվայի գծերը (ներառյալ Կոմիտաս եւ Տ. Մեծ փողոցները) ապամոնտաժելու արդյունքում կհավաքվի 500-1000 տոննա մետաղի ջարդոն եւ, եթե նոր որոշումներ չընդունվեն` այն աճուրդով կներկայացվի վաճառքի։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն, այդ մետաղի ջարդոնի պոտենցիալ սեփականատերը մեր հայտնի օլիգարխներից մեկն է, որը պատրաստվում է այն օգտագործել շինանյութի արտադրության մեջ։ Թե ի՞նչ ժամանակահատվածում «կշտկվեն» Կոմիտաս եւ Տ. Մեծ պողոտաների տրամվայի գծերի ապամոնտաժումից առաջացած «խոռոչները» (շինարարական աշխատանքները լրացուցիչ ծանրաբեռնում են երթեւեկությունը)` առայժմ հայտնի չէ։
Ն.Մ.