Մնացել են Բեյրութում

20/07/2006

70 ավստրալահայ դեռահասներ, որոնք Հայաստանից վերադառնում էին Ավստրալիա, անորոշ ժամանակով մնացել են Բեյրութում: Ըստ «Դեյլի թելեգրաֆի», Սիդնեյի հայկական պարային համույթի 70 անդամները եւ նրանց ուղեկցող 10 հարազատները Երեւանից Բեյրութով ուղեւորվելիս են եղել Ավստրալիա եւ Լիբանանում պետք է մնային ընդամենը 2 օր, երբ սկսվել են ռազմական գործողությունները, եւ ռմբակոծվել է Բեյրութի միջազգային օդակայանը: Խմբի անդամներին, որոնց միջին տարիքը 17 է, հրահանգված է դուրս չգալ «White Tower Hotel» հյուրանոցի իրենց համարներից: Խմբի ղեկավար Ռեգ Կոլոկոսյանը, ով այժմ գտնվում է Ավստրալիայում, «Դեյլի թելեգրաֆին» ասել է, որ որոշ ծնողներ մի փոքր հանգստացել են, երբ նրանց երեխաները Բեյրութից զանգահարել եւ հավատացրել են, որ ամեն ինչ կարգին է: «Բայց մենք չգիտենք, թե որքա՞ն է այս ամենը շարունակվելու»,- ասել է նա: Բեյրութում մնացածների թվում են նաեւ Կոլոկոսյանի երկու որդիները՝ Պետրոսը եւ Կարպիսը: