Երեկ ԼՂ եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցող հրադադարների կապակցությամբ հայտարարություն է տարածել ԼՂՀ ԱԳՆ-ն: Հայտարարության մեջ փաստվում է, որ 2006թ. հունիսի սկզբներից Ադրբեջանի հետ ԼՂ-ի սահմանակից տարածքներում տեղ են գտել հրդեհների դեպքեր: «Ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստության առարկա է դարձել Ղարաբաղի իշխանությունների համար, քանի որ ԼՂՀ-ի եւ նրա բնակչության անվտանգության համար իրական սպառնալիք է ստեղծվել: Հրդեհների պատճառները եւ հանգամանքները պարզելու նպատակով ԼՂՀ-ում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի մեջ ընդգրկվել են անվտանգության հարցերով պատասխանատու նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ»: Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ այնուամենայնիվ այդ շրջաններում շարունակվող հրդեհների պատճառով իրավիճակը վատթարանում է, ինչը ԼՂՀ գյուղատնտեսության եւ պարենային անվտանգության համար հղի է տեւական անբարենպաստ հետեւանքներով: «ԼՂՀ հատուկ հանձնաժողովի կողմից տարված աշխատանքի արդյունքում պարզվել են անհերքելի տվյալներ, որոնք վկայում են, որ հրդեհների պատճառը ադրբեջանական կողմի կանխամտածված թշնամական գործողություններն են: Պաշտոնական Բաքուն նպատակ ունի քայքայել ԼՂ տնտեսությունը եւ նրան զրկել առաջանցիկ տնտեսական զարգացման հնարավորությունից»,- նշում է ԼՂՀ ԱԳՆ-ն՝ հիշեցնելով, որ դեռեւս 2001թ. ԼՂՀ իշխանությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով ադրբեջանական կողմին առաջարկել էին հակամարտության կողմերի միջեւ վստահության հաստատմանն ուղղված միջոցառումների փաթեթ, մասնավորապես, համագործակցություն է առաջարկվել սահմանամերձ շրջաններում արոտավայրերի եւ գյուղատնտեսական հանդակների հրդեհները կանխելու նպատակով, սակայն Բաքուն դրան չի աջակցել, համանախագահներն էլ անհրաժեշտ ուշադրության չեն արժանացրել: «Միջազգային հանրության եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի թշնամական գործողությունների դեմ միջոցներ չձեռնարկելու դեպքում հանրապետության անվտանգության ապահովման համար պաշտոնական Ստեփանակերտը իրեն իրավունք կվերապահի ձեռնարկել պատասխան համարժեք գործողություններ»: