Հայտնի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը վավերագրական կինոյին հաղորդեց այն փիլիսոփայական իմաստը, մոնտաժային այն սկզբունքները, որոնք ողջ աշխարհում հայտնի են որպես փելեշյանական։ Նա փաստագրական նյութերին գեղարվեստական շունչ տվեց։ Վերջին 14 տարիների ընթացքում Ա. Փելեշյանը հազվադեպ է Հայաստան այցելում: Նա խուսափում է նաեւ հրապարակավ խոսելուց եւ առհասարակ հարցազրույցներ տալուց: Այս տարիների ընթացքում նա ոչ մի նոր ֆիլմ չի նկարահանել։ Ընդհանրապես նա շտապել չի սիրում, բացի այդ, գումար էլ չկա։ Ռեժիսորի հոգում, սակայն, չի մարել սեփական սցենարով «Homosapiens» ֆիլմը նկարահանելու հույսը։ Իրականությունը, որ սովորաբար հուշում է նոր վավերագրական ֆիլմերի թեմաները, այժմ այսպիսին է. Արտավազդ Փելեշյանն այսօր միայն դասախոսություններ է կարդում։ Փելեշյանի դասախոսությունները լսել եւ նրա հայտնաբերած «դիստանցիոն մոնտաժի» սկզբունքներին ծանոթանալ կարող են միայն ֆրանսիացի եւ գերմանացի ուսանողները։ Հայաստանից հրավերներ չեն եղել։ «Հիմա ես նկարահանելու փոխարեն գրում եմ, մտածում եմ եւ ֆիլմերը մտքումս եմ նկարում»,- երեկ ասաց մեծ վարպետը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում կազմակերպած վարպետության դասերի ժամանակ։