Կարապը, խեցգետինը, գայլաձուկը կամ ինչո՞ւ մերժեցին Լեւիտինին

16/07/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

«Արմավիային» պատկանող Ա-320 օդանավի ավիավթարի ողբերգությունը դեռեւս մնում է չբացահայտված: Օրեր առաջ թվում էր` այնքան մոտ է ճշմարտությունը, բայց կրկին անիվը ետ պտտվեց: Այս անգամ ասում են` մինչեւ հուլիսի վերջ: Ի՞նչն է այս ձգձգման պատճառը: Միգուցե արտաքնապես չերեւացող այն անհամաձայնությո՞ւնը, որ գոյություն ունի «շահագրգիռ» կողմերի միջեւ:

Հուլիսի 7-ին Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ավարտվել են Ա-320-ի վերջին վթարային թռիչքի մոդելավորման աշխատանքները, «բացահայտվել են նոր կարեւոր տեղեկություններ»: Իսկ հուլիսի 10-ին ավարտվեցին աղետի հետեւանքներն ուսումնասիրող ՄԱԿ-ի ենթահանձնաժողովների մասնագիտական քննարկումները: Դրանից հետո, թվում էր, ՄԱԿ-ն անմիջապես կհրապարակի իր վերջնական եզրակացությունը: Սակայն իրադարձություններն այլ կերպ զարգացան: Հուլիսի 12-ին Երեւան ժամանեցին ՌԴ Տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը եւ ԱՊՀ ՄԱԿ-ի նախագահ Տատյանա Անոդինան: Կարելի՞ է արդյոք պատահական համարել այն, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՌԴ Տրանսպորտի նախարարին պաշտոնապես ընդունել է ոչ թե որպես Ավիավթարի պատճառները հետաքննող միջկառավարական հանձնաժողովի նախագահ, այլ` Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ: Պարզ էր, որ ավիավթարի պատճառների մասին հասարակությունը ոչ մի նորություն չի իմանա: Այդպես էլ եղավ: Պաշտոնապես հայտարարեցին միայն, որ Լեւիտինն ու Ադոնինան հանրապետության նախագահին տեղեկացրել են օդանավի աղետի հետաքննության արդյունքների մասին: Այնուհետեւ պաշտոնյաները սահուն կերպով անցում կատարեցին ռուս-հայկական տնտեսական համագործակցությանը` Վերին Լարս, «Մարս» եւ այլն: Կարծես այդպես էլ պետք է լիներ:

Իսկ միգուցե տնտեսական այս «ակտիվությունն» իրականում հանրության «աչքերին թոզ փչելու» եղանա՞կ էր: Ավիավթարի հետաքննությանը մասնակցել են 3 կողմերի ներկայացուցիչներ` հայերը, ռուսները եւ ֆրանսիացիները: Եզրակացությունը ներկայացնում է ՄԱԿ-ը, դրա տակ ստորագրում են մյուս կողմերը: Պատկերացնենք հետեւյալ հնարավոր սցենարը: ՄԱԿ-ն ու Լեւիտինն արդեն ստորագրած եզրակացությունը հրամցնում են հայկական կողմին: Վերջինս «հարիֆ» չէ, որ հեշտությամբ համաձայնի հաստատել իր համար ոչ շահեկան այս փաստաթուղթը: Կողմերն ինչ-որ բան են պայմանավորվում, դուրս գալիս աշխատասենյակից եւ հայտարարում, որ այժմ «փաստաթղթերի ձեւակերպում է տեղի ունենում», եւ որ հուլիսի վերջին դրանք կհրապարակվեն: Սա ամենահավանական տարբերակն է: Այլապես ինչո՞ւ է ՄԱԿ-ը հետաձգում ավիավթարի պատճառների վերջնական եզրակացության հրապարակումն այն դեպքում, երբ հուլիսի առաջին օրերին հասարակությանը խնդրում էր համբերել եւս մի քանի օր: Իսկ եթե հայկական կողմն իրոք հրաժարվել է ստորագրել ռուսների ու ֆրանսիացիների եզրակացության տակ, ապա դժվար չէ գուշակել վերջինիս մոտավոր բովանդակությունը: «ՀԺ»-ին տված հարցազրույցում երեկ «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը եւս մեկ անգամ կրկնել է, որ չարաբաստիկ Ա-320-ը վառելիքի պակաս չի ունեցել, եղել է սարքին եւ կառավարվել է փորձառու օդաչուների կողմից: Այսինքն, ըստ Բաղդասարովի, հայկական կողմն այս ավիավթարի ժամանակ իր մեղքն ընդհանրապես չի ունեցել: Սակայն Բաղդասարովի խոսքերից դժվար չէ ենթադրել, որ ռուսներն ու ֆրանսիացիները լիովին այլ կարծիքի են: Նա ասել է, որ վթարի քննությանը մասնակցող 3 կողմերից յուրաքանչյուրը փորձում է թույլ չտալ, որ իր շահերը վնասվեն: «Իհարկե, այստեղ Հայաստանը մի փոքր լավ վիճակում չի հայտնվել, բայց, այնուամենայնիվ, մեր մասնագետները շատ լավ պատրաստված են եւ ակտիվ մասնակցում են վթարի պատճառների քննության աշխատանքներին»,- նշել է Բաղդասարովը: Հայաստանի «մի փոքր ոչ լավ վիճակն» ակնարկ է այն մասին, որ քանի դեռ ՄԱԿ-ն ու Լեւիտինը եզրակացության մեջ որոշակի փոփոխություններ չեն արել, հայերը չեն ստորագրի: Կողմերի միջեւ փոխհամաձայնության եզրերը դժվար է պատկերացնել: Վերջիվերջո կկանգնե՞ն արդյոք ամենահեշտ ու տմարդի վարկածի՝ օդաչուների մեղավորության վրա: Բայց չէ՞ որ արդեն հրապարակվել է «նոր կարեւոր տեղեկությունների» ի հայտ գալու փաստը: Իսկ դա նշանակում է, որ մի գործոն էլ պետք է ավելացնեն. այն, ինչ կապված է ողջ մնացածների հետ: Իսկ թե ո՞ր գործոնն է, ցույց կտան ժամանակը եւ կողմերի «թափը»: Ի դեպ, չի բացառվում, որ հուլիսի վերջը տեղափոխվի օգոստոսի, սեպտեմբերի վերջ…: Ցավոք, բայց 113 կյանք խլած Ա-320-ի ճշմարիտ պատմությունը, հավանաբար, հայտնի կդառնա մոտ կես դար հետո, երբ իրական մեղավորներից ոչ ոք այլեւս ողջ չի լինի: