Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրեն Ջոել Սիմոնը հայտարարել է, որ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինկի նկատմամբ վերջերս կայացված դատավճիռը հարցականի տակ է դնում Թուրքիայի հավատարմությունը մամուլի ազատությանը: Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի վերաքննիչ դատարանը վերահաստատեց առաջին ատյանի դատարանի վճիռը Հ. Դինկին 6 ամսվա պայմանական ազատազրկման ենթարկելու վերաբերյալ՝ «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով: Ըստ «Ռոյթերս»-ի, կառավարությունը կարող է խորհրդարանի վաղաժամկետ նստաշրջան հրավիրել Թուրքիայում իրականացվող բարեփոխումների ընթացքը քննարկելու նպատակով, եւ վերլուծաբանները գտնում են, որ դա հարմար առիթ է վերանայելու Քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որով դատապարտվել է Հ. Դինկը: