Հիվանդասենյակ N118

16/07/2006 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Տատիկիս առողջությունը օրերս կտրուկ վատացավ, եւ Շտապ օգնության ավտոմեքենան նրան տեղափոխեց «Արմենիա» բժշկական կենտրոն (Հանրապետական հիվանդանոց): Ընդունարանում մեզանից պահանջեցին սահմանված 80.000 դրամը, ինչը, հասկանալի է, վճարեցինք՝ վստահ, որ տատիկին կցուցաբերվի անհրաժեշտ առաջին բուժօգնությունը՝ տանելի պայմաններում: Սակայն երբ տեղափոխեցին նյարդաբանության բաժանմունքի 118 սենյակը, հասկացանք, որ նման կարգի հիվանդասենյակներում բուժվելու համար հիվանդության բերումով գոնե առաջին մի քանի օրերին հիվանդը պետք է լավ չպատկերացնի՝ ո՞ւր է ընկել եւ ի՞նչ նպատակով:

Հակառակ դեպքում՝ կարծես դարերի խորքից մեզ հասած կիսավեր հիվանդասենյակի առաջացրած շոկային էֆեկտը կարող է հիվանդության ընթացքն անկանխատեսելի դարձնել: Արդեն հիվանդասենյակում պարզվեց, որ «ազատ» գիշերանոթները փակի տակ են, քանի որ այդ ժամին (21:00-ի մատույցն էր) ավագ բուժքույրն արդեն գնացել էր: Նման դեպքում հիվանդի հարազատները պետք է արագ կողմնորոշվեն՝ կա՛մ հիվանդը անց կկացնի անհանգիստ եւ խոնավ գիշեր, կա՛մ չորս հազար դրամով հիվանդանոցի դեղատնից պետք է շտապ մի գիշերանոթ գնել: Ընտրեցինք վերջին տարբերակը՝ փորձելով զուգահեռ գուշակել, թե ինչ ծառայություններ են մտնում պահանջված 80.000 դրամի մեջ: Իսկ այդ գումարի մեջ մտնում էր հիվանդին անհրաժեշտ «Պիրացետամ» դեղը (մեկ սրվակի արժեքն է 410 դրամ): Սակայն, պարզվեց, որ այն այնքան էլ արդյունավետ միջոց չէ: Բուժանձնակազմը մտերմաբար խորհուրդ տվեց իրենց դեղատնից ձեռք բերել փոխարինող եւ անհամեմատ արդյունավետ «Մեքսիդոլ» միջոցը, որի մեկ սրվակն արժե 820 դրամ: Այս դեղամիջոցն, ի դեպ, հիվանդին խիստ անհրաժեշտ է (օրը՝ չորս սրվակ): Ինչեւէ, տատիկի հետ տեղավորվեցինք 118-րդ, ինչպես ասում են, պալատում: Բայց հիվանդին անմիջապես հնարավոր չէր պառկեցնել մահճակալին, քանի որ ներքնակի լաքաների գունային համադրությունները վկայում էին, որ դրանց վրայով շա՜տ հեղուկներ են հոսել: Բարձերի կեղտն ու անհասկանալի բաղադրությունը (ոչ այն է՝ փետուր, ոչ այն է՝ բուրդ) ստիպեց վերադառնալ տուն եւ համապատասխան անկողին բերել (սա, ի դեպ, ընդունված պրակտիկա է):

Տատիկիս խնամելու համար նրա մոտ պետք է մնար հարազատներից որեւէ մեկը: Այդ տխուր սենյակում մեկ շաբաթ բնակվելու «սերվիսն» արժեր 40 հազար դրամ: Վճարեցինք՝ սպասելով, որ գոնե հիվանդապահի համար պայմանները փոքր-ինչ տանելի կլինեն: Սակայն դեպրեսիայի մեջ ընկնելու եւ լրիվ հուսահատվելու համար հիվանդապահին պակասում էր թերեւս սանիտարուհու ձեռքին հայտնված եւ, ինչպես պարզվեց, իր համար նախատեսված անկողնու սպիտակեղենը: Սպիտակեղեն բառն այս դեպքում խիստ պայմանական ենք գործածում. բաց մոխրագույն սավանն ու վերմակի երեսը՝ բացի այն, որ արյան եւ բոլորիս հասկանալի այլեւայլ հեղուկների գույներով լաքաներով էին ծածկված, նաեւ քրքրված էին եւ մեծ անցքեր ունեին (տես՝ լուսանկարը): Էլեկտրական մեկ լամպի լույսի տակ (մյուսն անդառնալիորեն ջարդված էր) հիվանդասենյակի թերությունների լավագույն կեսը երեւան եկավ արդեն արեւածագի հետ. ինչպես ընդունված է ասել՝ կույր պետք էր լինել՝ չնկատելու համար ցեմենտապատ եզրերով հատակն ու ուղեգորգը, որը կեղտակորույս մուգ գույն ուներ եւ հայտնի է որպես փոշի կլանող: Նման ուղեգորգերը՝ որպես կանոն, բուժհիմնարկներում հակացուցված են: Սանհանգույցի եւ սենյակի մյուս «էլեմենտները» նկարագրելու հարկ չկա. լուսանկարներն ամեն ինչ ասում են:

Այս ոչ շատ համեստ առանձնատան (տես՝ լուսանկարը) տերը Հանրապետական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գարիկ Գրիգորյանն է (նա նաեւ հիվանդանոցի սեփականատերերից մեկն է): Սա առաջին դեպքն է, երբ խախտելով լրագրողական էթիկան՝ չենք ներկայացնում մյուս կողմի՝ այն է՝ պարոն Գրիգորյանի կարծիքը, քանի որ հիվանդին եւ նրա հարազատներին ամեն րոպե նվաստացնող հիվանդասենյակի յուրաքանչյուր դետալ խոսում է գլխավոր բժշկի փոխարեն: Վստահ ենք, որ իր առանձնատան ներսում Գարիկ Գրիգորյանը ստեղծել է հնարավորինս առողջ եւ երկար ապրելու բոլոր պայմանները: Վստահ ենք, որ պարոն Գրիգորյանն իրեն թույլ չի տա քնել կեղտոտ կամ պատառոտված սպիտակեղենով անկողնում, օգտվել այն զուգարանից, որն առաջարկում է ծանր առողջական վիճակում գտնվող հիվանդներին: Հիվանդանոցում մեկ շաբաթ անցկացնելու համար հիվանդից ու նրան խնամողից բարեխղճորեն գանձվում է 120 հազար դրամ, սակայն հիվանդներին առաջարկվում են բոմժերին վայել պայմաններ՝ հակահիգիենիկ եւ դարավոր կեղտից քայքայված անկողիններ, զզվելի սանհանգույց, կյանքին սպառնացող անսարք վարդակներ: Կարճ ասած, մռայլ եզրահանգումների դրդող մի վայր, որն անվանում են «Պալատ N118»: Պալատը պարոն Գրիգորյանի տունն է: Իսկ այն տարածքը, ուր իր կյանքի մեկ շաբաթն անցկացրեց իմ հիվանդ տատիկը եւ որտեղ դեռ փորձում են ապրել տասնյակ ծանր հիվանդներ, հիվանդասենյակ է, ուր ընկնողներն ունեն թերեւս մի մխիթարություն՝ այս աշխարհին հրաժեշտ կտան առանց խոր ափսոսանքի: