Տիկին Իվետան վախենում է Հայաստանում տեղի ունեցող անօրինություններից: Ասում է, որ նույնիսկ նամակ է գրել ՀՀ ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանին: Խնդրել է իրեն եւ իր 4 երեխաներին ուղարկել Բաքու՝ պատճառաբանելով, որ այնտեղ իր երեխաներն ավելի պաշտպանված կլինեն: Բաքու գնալու մտքից չի վախենում, որովհետեւ այստեղ արդեն ամեն դաժանություն տեսել է: ԱԳՆ-ից պատասխանել են, թե նման հարցերին պատասխանելն իրենց իրավասության մեջ չի մտնում: Շատ է հուսահատվել, վախենում է երեխաների համար, դրա համար էլ նրանցից թաքուն ընկել է դռնեդուռ, խմբագրություն է եկել, որ պատմի իր պատմությունն ու որեւէ մեկից հուսադրող մի խոսք լսի: Մոտ 2 ժամ պատմում է իր դաժան պատմությունը, որը լսելով՝ զարմանում ես, թե այս կինն ինչպե՞ս է դիմացել կյանքի այդ փորձություններին:
Ղարաբաղյան պատերազմի կամավորներից մեկն էլ 56-ամյա Իվետայի ամուսինն է եղել, ով երեխաներին թողել է կնոջ խնամքին ու գնացել կռվելու:
Իվետան ժամանակին որպես կոնստրուկտոր աշխատում էր «Հայէլեկտրո» գործարանում: Սպասում էր բնակարան ստանալու իր հերթին: Բախտը չժպտաց, որովհետեւ մինչեւ իր հերթը կհասներ՝ գործարանը լուծարվեց: Կռվի դաշտից վերադառնալով՝ պատերազմին դիմակայած ամուսինը, այնուամենայնիվ, չի կարողացել հաղթահարել կենսական ծանր սոցիալական պայմանները: Ստիպված արժանահիշատակ Վահան Զատիկյանին են դիմել. նա օգնում էր ազատամարտիկների ընտանիքներին: Վ. Զատիկյանը Երեւանի Շահումյանի շրջանում 500 մետր հող է հատկացրել այս ընտանիքին, որտեղ երկաթե տնակ տեղադրելով՝ 4 երեխաների հետ ապրել են: «Աշխատանք չկար, ամուսինս իրեն պատեպատ էր խփում, «Փարոսով» էինք ապրում, սոված-ծարավ: Էդ նպաստի գումարով N11 դպրոցի մոտ մթերքի առեւտուր էինք անում, որ երեխեքին սովից պաշտպանենք»,- պատմում է Իվետան՝ ասելով, որ տարին մեկ անգամ փաստագրելու համար տեղեկանք էին ներկայացնում «Փարոս»: Մի օր էլ, սակայն, նրանց նպաստից զրկել են, որովհետեւ համակարգչում թյուրիմացաբար չէր ֆիքսվել նրանց տեղեկանքը. «4 ամիս սովի մատնվեցինք: Ոչ մի եկամուտ չունեինք»: Ասում է, որ ամուսինն անճարությունից երեխաներին ծեծում էր, ստիպում էր, որ փողոցներից ծխախոտի մնացորդ հավաքեին, բերեին` ծխեր, նյարդերը թուլացներ: «Ինքը լավ տղա էր, բայց շատ էր տանջվում, որ մեզ չի կարում պահի: Դրսից բիչոկները հավաքում ծխում էր, երեւի թոքախտի բիչոկ էր ծխել, սովն էլ մի կողմից: Ուտելու բան չկար, սովածությունից ոտքներս թուլանում էր»: 2000թ. ամուսինը սովից մահացել է, իսկ երեխաները տկարությունից անկողին են ընկել: Վ. Զատիկյանի մահից հետո հողատարածքը դարձել է վեճի առարկա, քանի որ տարածքը Շահումյանի շրջանի ենթակայությունից անցել է Մաշտոցի շրջանին: Այսինքն՝ ներկայիս Մալաթիա-Սեբաստիա համայնքից անցել է Աջափնյակ համայնքի ենթակայությանը: «Գործկոմի ղեկավար Խաչատրյանն ինձնից 300 դոլար ուզեց, որ հողատարածքն ինձնից չվերցնեն: Ասում եմ՝ չէ՞, որ սովից մեռնում էինք, ո՜ւր մնաց դոլար ունենայինք»,- վրդովվում է Իվետան: Օրերից մի օր Աիդա Սերոբյան անուն ազգանունով մի կին է ներկայացել ու տարածքն ուսումնասիրելով պահանջել է ազատել այն: Աիդան Ղարաբաղյան պատերազմին 2 ամիս մասնակցել է: Տիկինը ներկայացել է որպես Պաշտպանության նախարարության աշխատող: Տիկին Իվետայի պատմելով՝ Աիդան տղային Ռուսաստան է ուղարկել զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով ու այդ տարածքում տղայի համար տուն է կառուցում: «Մի օր մի խուժանի բերեց ու ասեց, որ տարածքն ազատենք, ինքն է հողի տերը: Էդ տղամարդը ներկայացավ որպես Վանոյի ընկեր ու ինձ ասեց՝ ես զինված, 4 անգամ դատված մարդ եմ, ինձ համար մարդ սպանելը պրոբլեմ չի, նենց որ երեխեքիդ մասին մտածի, հողն ազատի, թե չէ մի օր կգաս, կտեսնես` դոմիկդ չկա»,- պատմում է տիկին Իվետան՝ ասելով, որ զենքի առկայությունն ապացուցելու համար այդ մարդը վիլիսանման իր մեքենայից ավտոմատը հանել, օդ է կրակել: Երեխաները վախից գետնին են ընկել ու լաց լինելով մորը խնդրել են փախչել այդ տարածքից: Իվետան ասում է, որ հողի նկատմամբ իր իրավունքները հաստատված են փաստաթղթերով, եւ չի համաձայնել ազատել տարածքը: Ասում է՝ «Մի օր երեխուն տարա պոլիկլինիկա, մյուս երեխեքս դոմիկում էին: Ասեցի, որ մարդ գա` դուռը չբացեք, չխոսեք ոչ մի բառ: Մեքենաներով, կռանով եկել են, երեխեքս դուռը ներսից փակել են, դուրս չեն եկել: Երեխեքս մեջը կռանով դոմիկը բարձրացրել-գցել են փողոց: Երեխեքը լացել, գոռացել են, սթրեսից, վախից չորացել են: Ո՞ւմ եմ մի կտոր հաց տվել, որ 3 տոննայանոց դոմիկը շրխկացնելով գցել են, երեխեքս մեջը ցնցվել են, բայց ջարդուխուրդ չեն եղել: Վազելով, գոռգոռալով ետեւիցս եկան պոլիկլինիկա: Եկա-տեսա` դոմիկս գցած փողոցում»:
«Կենդանի-կենդանի թաղում են մեզ»
Կռվախնձոր դարձած հողատարածքի համար 4 երեխաներին վնասելու վախից Իվետան երեխաներին տեղափոխել է եղբոր տուն, ուր մինչ օրս ապրում են: Իսկ ինքը դեռեւս դեն շպրտած տնակում է մնում: «Ասում էի՝ ես կգամ դպրոցից հետո ձեզ կտեսնեմ, դուք մի երեւացեք էս կողմերում: Կինո «Հայրենիքում» գտնվող եղբորս տանից գնում էին N11 դպրոց: Խեղճ երեխեքս անտեր ու դուրս, մենակ էին գնում դպրոց, գալիս: Դպրոցից վերադառնալիս կինո «Հայրենիքի» խաչմերուկում տղաս վթարի ենթարկվեց»: 20 համարի երթուղային տաքսին բախվում է «Ֆորդ» մեքենային: «20 համարի երթուղային տաքսին, որը պիտի 1-ին գծով երթեւեկեր, արագությամբ փողոցի մեջտեղով գնալով` խփում է փողոցն անցնող տղայիս: Արթուրս ուղեղի ցնցումով ընկնում է գետնին: ԳԱՅ-ի աշխատակիցներն ընկնում են երթուղայինի հետեւից ու բռնում են»: 3-րդ մանկական հիվանդանոց տեղափոխված Արթուրի մորն ահազանգում են, ով երեխային` կապտած, ուռած դեմքով, սեւացած աչքերով, անշարժ գտնում է վերակենդանացման բաժնում:
8-րդ օրը հայտնվում է Պետավտոտեսչության քննիչ Աշոտ Սարոյանը, ով տիկին Իվետային վստահեցնում է, թե ինքը երեխաներին շատ է սիրում եւ եկել է, որ Արթուրին օգնի: Տիկին Իվետան պատմում է՝ «Քննիչն ասեց, որ վարորդը Սովետաշենի մեկուսարանում նստած ա, հիմա դու պետք ա գրություն գրես, որ չես բողոքում, ու ինքը դուրս գա, երեխու ծախսերը հոգա: Ասեց՝ շահագրգռված չե՞ս, որ երեխեն առողջանա: Ասեցի, որ ինձ պետք չի, որ մարդը բերդում նստի, ինքն էլ երեխու տեր մարդ կլինի, երեխես կմեռնի, փող չունեմ բուժման համար, հիմա իմ համար կարեւորն իրան բուժելն ա, եթե նստի, ես չեմ կարա փող տամ բժիշկներին: Գրություն տվեցի, որ չեմ բողոքում՝ մի պայմանով, որ վարորդին կպարտավորեցնի երեխուս բուժել»: Մինչ օրս տիկին Իվետան վարորդին չի տեսել, իսկ հիվանդանոցում դատական բժիշկը հավատացրել է, որ հիվանդի փաստաթղթերում նշված չէ, որ վրաերթի է ենթարկվել: Արթուրի մոտ այդ դեպքից հետո ուղեղի վնասվածք եւ շաքարախտ հիվանդություն է առաջացել: «Փորձեցի Սարոյանին տեսնեմ, որ վարորդին գտնեմ՝ օգնի երեխայիս բուժման հարցում, որովհետեւ մի կոպեկ չունեի, մյուս երեխաներիս էլ անտեր-անտիրական թողել էի եղբորս տանը: Սարոյանն ասեց՝ ինչի վարորդը պիտի բռնվա՞ծ լիներ: Ասացի, բայց դուք ասեցիք` մեկուսարանում ա, դուրս կգա, տղայիս բուժման ծախսերը կհոգա: Ասեց՝ ի՞նչ ա արել, որ մեկուսարանում էլ լինի, երեխուն ոչ մի բան էլ չի եղել»: Ասում է, որ Արթուրը գլխացավից թավալվում է գետնին, օրը 3-4 անգամ շտապօգնություն է կանչում: Գալիս «Անալգին» են սրսկում, գնում են: Առողջապահության նախարարության տված տեղեկանքով երեխայի գլուխը նկարել են, ու պարզվել է` վիճակը շատ վատ է, ուղեղի լուրջ վնասվածք ունի: «Ես ոչինչ չկարողացա անեմ, որովհետեւ չեմ կարող բուժման ծախսերը հոգալ»,- ասում է մայրը, ով 19-ամյա Արթուրին չի տանում իրենց տնակ, որովհետեւ այնտեղ լույս չկա, ավելի նյարդային է դառնում: «Եղբորս տանն ա մնում: Վերջերս Ոստիկանությունից մարդիկ եկան, երեխուս անկողնուց քաշելով տարան: Ասեցին` Շահումյանի դատախազությունից մեզ ասել են, որ ձեր երեխան փախուստի մեջ ա, զինվորական ծառայություն չի անցել: Ախր ուղեղից հիվանդ ա, որ նոպան բռնում ա, դառնում ա գազան: Շատ ներվային ա, մյուս երեխեքս էլ են իրանից վախենում»,- պատմում է տիկին Իվետան, ով վստահեցնում է, որ սկզբնական ստուգումների ժամանակ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովը փաստաթղթերում արձանագրել է, որ Արթուրը ծառայության համար պիտանի չէ, սակայն հետագայում գլխավոր հանձնաժողովը հաստատել է նրա` ծառայության պիտանի լինելու հանգամանքը: «Առողջ երեխեքը դիսկոտեկներում, խաղատներում են, իսկ իմ հիվանդ երեխային ո՞նց են տանում: Ախր բանակում Արթուրը կամ ինքը մեկին կսպանի, կամ իրեն կսպանեն: Հիվանդ ա, հասկանո՞ւմ եք, ինքը շփվել չի կարողանում, 4 պատի մեջ ա ապրում: Նույնիսկ իրա ախպոր հետ չի շփվում: Առողջից փող են վերցնում՝ հիվանդի՞ն են տանում»:
«Էս ինչի՞ քանդեցին մեր երկիրը»
Հարցնում եմ՝ «Հիմա ձեր խնդիրը ո՞րն է, որ եկել եք խմբագրություն»: Կոնկրետ պատասխան չունի, որովհետեւ իր խնդիրը 4 երեխաներին պաշտպանելն է: Շարունակում է պատմել իր գլխին եկածը, որովհետեւ դեռ չի ավարտել: Երեխաներին չի կարողանում կերակրել, «Օրրանում» են սնվում, որտեղից նրանց ճանապարհածախսն ապահովում են: Ամիսներ առաջ օրական հատկացվող 200 դրամ ճանապարհածախսի 100 դրամով նրա աղջիկը՝ Դիանան բուլկի է գնել, որովհետեւ շատ սոված է եղել: Հաջորդ օրը «Օրրան» հասնելու գումար չեն ունեցել: «Ծնողական ժողով էր: Դիանայի հետ 1-ին համարի տրոլեյբուսով գնում ենք: Ես մշտական ունեմ, մտածեցի երեխայի համար վարորդից ներողություն կխնդրեմ, կասեմ, որ փող չունեմ»: Ասում է՝ ճանապարհին, երբ վարորդին խնդրել է կանգառում կանգնել, ներողություն է խնդրել 50 դրամ ուղեվարձը չվճարելու համար ու իջել է: Վարորդը բարկացել, հայհոյել է եւ տրոլեյբուսի դուռը դիտավորյալ փակել է երեխայի վրա: Երեխայի մարմինը կիսով չափ մնացել է դռան արանքում, ու այդ վիճակով վարորդը տրոլեյբուսը քշել է: «Երեխաս բղավում ա, ցավից գոռում ա: Ես իջել եմ, ինքը` դռների արանքում, ու վարորդն արագությամբ քշում ա: Փողոցի ժողովուրդը վախից գոռում ա, բոլորը ապշել են: Տրոլեյբուսի վարորդն էդ արագությամբ քշելով դռները բացեց ու երեխուս գցեց փողոցի մեջտեղում: Թեւը կոտրվեց»: 13 տարեկան Դիանան վախից շոկ է ապրել, իսկ մայրը փորձել է վարորդին գտնել: Տրոլեյբուսի պարկի տնօրենն այս դեպքը պատճառաբանել է հետեւյալ կերպ. «Ասեց՝ վարորդը կանտուզիա տարած մարդ ա, կռված ա: Բայց կանտուզիա տարած մարդը ո՞նց ա վարորդ աշխատում: Հետո, երբ երեխեքի թոշակը ստացա՝ տարա 50 դրամը տվեցի»: Դիմել է Ոստիկանություն, իսկ վարորդին պատժել են անփութության համար տուգանք վճարելու պահանջով: Տիկին Իվետան ասում է` դիմել է իրավապահ մարմիններին` Արթուրի հետ կատարված դառը փորձից ելնելով, ցանկացել է գոնե այս անգամ երեխային պաշտպանել: Դիանային բուժում է պետք: Բժիշկներն ասել են, որ սթրեսից աղջկա մոտ հորմոնալ խանգարում է առաջացել, որի պատճառով ձվարաններում ուռուցք է գոյացել: Աղջկա դեմքն ու մարմինը մազակալում է: Դիանան ամաչում է մարդկանց աչքին երեւալուց, անօգնական է, վիրահատության կարիք ունի: Հարցնում եմ՝ «Տիկին Իվետա, դուք հիմա ի՞նչ պահանջ ունեք»: Կարկամում է, չգիտի՝ ինչ կամ որ խնդրի մասին ասի: Միայն ասում է՝ «Վախենում եմ մարդկանցից: Էս ինչի՞ սենց քանդեցին մեր երկիրը, էս ինչի՞ մարդիկ սենց անսիրտ դարձան: Ամուսինս մեռած տեղը երեւի լացում ա մեր համար: Էս ի՞նչ դառավ հայ մարդը»: