«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, այս տարի Ռուս-սլավոնական, Ֆրանսիական համալսարանների եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի դիմորդներին դիմումների ընդունման նախավերջին օրն անակնկալ էր սպասում. վերջին պահին պարզվել է, որ նրանց մի մասը բուհ ընդունվելու դեպքում պետք է բանակ գնա: Բանն այն է, որ կառավարությունը նախատեսում է այս տարի սահմանափակել այս 3 բուհերում զինծառայությունից տարկետման իրավունքով ընդունվողներին հատկացված տեղերի թիվը: Եթե մինչ այժմ այստեղ ընդունվող բոլոր տղաներն ազատվել են բանակից՝ առանց սահմանափակումների, ապա այս տարվանից յուրաքանչյուր բուհում տարկետման իրավունքից կօգտվի առաջին կուրսի 20-ից ոչ ավելի ուսանող. մնացածը կգնան բանակ: «Շատ զարմացած եմ, որ այդպիսի որոշում կարող է ընդունվել մի համալսարանի վերաբերյալ, որը միջպետական հիմնադրամ է, եւ իմ կառավարությունն այդ մասին տեղյակ չէ: Ոչ ոք չի խորհրդակցել իմ դեսպանի հետ: Մանավանդ Ֆրանսիայի նախագահի սպասվող այցից առաջ ես սա համարում եմ խիստ զարմանալի»,- նշել է Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Պոլ Ռուսեն: «Հիմա մենք փաստի առաջ ենք կանգնել, բայց ով արել է, թող նա էլ պատասխան տա»,- ասել է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ղեկավար Սերգեյ Պիչախչյանը: Իսկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը կառավարության այս քայլը բնութագրել է «միանգամայն նորմալ»՝ հիմնավորելով, որ այս բուհերում ընդունելությունը տարիներ շարունակ իրականացվել է առանց իրավական հիմքի, եւ կառավարության կողմից դաշտը կանոնակարգելու խնդիր կար: