Հուլիսի 14-ի առավոտյան Հայաստանի էներգահամակարգում տեղի ունեցած մեծ վթարի հետեւանքով հոսանքազրկվել է Երեւանի Կենտրոն համայնքը: «Առկայի» փոխանցմամբ, Ատոմային էներգետիկայի եւ ռադիացիոն անվտանգության վերահսկողության պետական տեսչության ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ վթարի հետեւանքով հայկական ԱԷԿ-ն անջատվել է ՀՀ էներգահամակարգից, սակայն միջուկային եւ ռադիացիոն անվտանգության նորմերի որեւէ խախտում չկա: «Դեռ հստակ չէ, արդյո՞ք ԱԷԿ-ը էներգահամակարգից անջատվել է վթարի պատճառով, թե՞ վթարն է տեղի ունեցել այն պատճառով, որ ատոմակայանն անջատվել է էներգահամակարգից: Վերջնական պատճառը դեռ պարզ չէ եւ իրավիճակի ուսումնասիրությունը շարունակվում է»,- ասել է Ա. Մարտիրոսյանը՝ վստահեցնելով, որ ատոմակայանն աշխատել է բնականոն ռեժիմով, անվտանգության բոլոր կանոնները պահպանվում են, սակայն 10.23 րոպեին պաշտպանության ավտոմատ համակարգն աշխատել է եւ ատոմակայանն անջատվել է ընդհանուր ցանցից: Ի դեպ, նրա տեղեկացմամբ, ատոմակայանը հուլիսի 15-ին կրկին կմիացվի էներգահամակարգին: