Տոնինո Գուեռան` համաշխարհային կինոյի իսկական հրաշագործը, իր ներկայությամբ պատվեց Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: «Կինոլեգենդ» ասելով, շատ հաճախ ինչ-որ վեհ, կարծրացած եւ աստեղային հիվանդության տարրերով վարակված մարդու ենք սպասում: Իսկ Տ. Գուեռան, ինչպեսեւ պետք է լինի իսկական հանճարը, առաջին հերթին պոետ է: Նա կարողանում է զվարճություն հաղորդել ամենալուրջ թեմային, եւ այդ նույն զվարճությունը կոտրել փիլիսոփայական դիտարկումներով: Բանաստեղծ, կինոսցենարիստ, 120 կինոսցենարների հեղինակ, նկարիչ Տ. Գուեռան նաեւ դիզայներ է` այգիներ է ձեւավորում, շատրվաններ կառուցում, կահույք պատրաստում: Եվ իր բոլոր ստեղծագործությունները «պոետիկ հեքիաթներ» է անվանում: Նա արարում է իր հեքիաթները, չարաճճի ժպիտով կամ ժեստով մարդկանց հորդորում է աշխարհին լավատեսորեն նայել: «Ես մահից չեմ վախենում եւ ուզում եմ, որ ուրիշներն էլ չվախենան»,- ասում է նա: Բազմաբնույթ եւ տաղանդավոր Տ. Գուեռան իտալական Վերածննդի մարդ է հիշեցնում: Նա ամեն բան գեղեցիկ եւ հաճույքով է անում, քանի որ գիտի ժամանակի եւ պահի արժեքը:
Մի առիթով Գուեռան ասել է. «Երբ մարդը հասուն տարիքում է ամուսնանում, նա ուզում է անձրեւի ձայնը լսելու համար ընկեր ունենալ»: Նա տարիներ առաջ այդպիսի ընկեր գտել է Մոսկվայում: Տ. Գուեռայի կինը` Էլեոնորա Յաբլոչկինան, «Մոսֆիլմում» խմբագիր էր աշխատում, իսկ հիմա, իրենց հանդիպումից 30 տարի անց, հանրահայտ իտալացու լավագույն ընկերը լինելուց բացի՝ նաեւ նրա նովելների եւ բանաստեղծությունների թարգմանիչն է: Եվ հենց տիկին Լորայի շնորհիվ հայ լրագրողները կարողացան զգալ Տ.Գուեռայի հումորն ու որսալ նրա պատմությունների ենթատեքստը: Կինոփառատոնի հյուրը լինելով, Տ.Գուեռան նախընտրեց խոսել միայն կինոյի մասին: Եվ առաջին հերթին այն կինոհանճարների մասին, ում հետ աշխատել է. «Ես պոետ եմ, եւ իմ հուշերը ուզում եմ պատմել ձեզ, որպեսզի դուք ավելի լավ պատկերացնեք այն մարդկանց, ում հետ աշխատել եմ»:
Ֆեդերիկո Ֆելինի
Վերջին հանդիպման ժամանակ Ֆեդերիկոն ասաց ինձ. «Տոնինո, չե՞ս նկատում, որ մենք շարունակում ենք ինքնաթիռներ ստեղծել, մինչդեռ արդեն վերացել են օդանավակայանները…»: Ես չգիտեի, որ դա մեր վերջին հանդիպումն է լինելու:
«Ամարկորդ» ֆիլմի սցենարը, որը մենք միասին ութ առավոտների ընթացքում ենք ստեղծել, շատ նման է մեր մանկությանը: Մենք հանդիպում էինք առավոտյան եւ գնում էինք Հռոմում զբոսնելու: Չէինք նստում եւ գրում, այլ քայլում էինք եւ զրուցում: Եվ քանի որ մենք նույն վայրում էինք ծնվել (նա` Ռիմինիում, իսկ ես` մոտակայքում գտնվող Սանկտարկաջելո փոքր քաղաքում), մենք շատ ընդհանուր բաներ ունեինք` մանուկ ժամանակ նույն խաղերն ենք խաղացել, նույն կերպ փորձ ենք ձեռք բերել, նույն դպրոցն ենք գնացել: Երիտասարդ Ֆեդերիկոն շատ նիհար էր եւ լողափ չէր գնում, ամաչում էր մերկանալ: Եվ «Ամարկորդում» էլ կա այդպիսի դրվագ: Այդ ֆիլմը մեր ընդհանուր մանկության պոետիկ ամբողջացումն է: Ֆիլմը շատ հետաքրքիր է ստեղծվել: Ամեն առավոտ ժամը տասին Ֆելինին զանգահարում էր ինձ, ես իջնում էի, ու մենք գնում էինք զբոսնելու: Մի օր ես տասը րոպե շուտ եկա, եւ տեսա, որ Ֆելինին արդեն ինձ է սպասում: Նա շատ բարկացավ. «Ինչո՞ւ: Ինչո՞ւ ես շուտ եկել: Այդ տասը րոպեները, երբ ես սպասում եմ, որպեսզի քեզ ճիշտ ժամանակին զանգահարեմ, իմ կյանքի ամենալավ րոպեներն են»:
Ես եւ նա անընդհատ զվարճանում էինք եւ կյանքում տարբեր դերեր խաղում:
Ֆելինին կարծես միայն մեկ խնդիր ուներ` չէր ուզում ճաղատանալ: Եվ ամենուրեք փորձում էր մազաթափության դեմ որեւէ դեղ կամ քսուք գտնել: Մենք մտնում էինք փողկապների խանութ, եւ նա միշտ հարցնում էր՝ «Մազաթափության դեմ քսուք չունե՞ք»: Պատասխանում էին՝ «Օ, ոչ, մենք միայն փողկապներ ունենք»: Ֆելինին չէր հաշտվում. «Բայց ձեր խանութ շատերն են մտնում, եւ շատերը ձեզ իրենց ապրանքն են առաջարկում: Գուցե քսուք է՞լ են առաջարկել…»: Իհարկե, մենք մի քիչ խենթ էինք եւ զվարճանալ շատ էինք սիրում: Ֆելինին ասաց. «Դե եթե քսուք չկա… Տոնինո, մի փողկապ գնիր»: Փողկապը 25 լիրա արժեր, ես 20 լիրա տվեցի: Ինձ ասացին. «Գիտեք, սա շուկա չէ, լուրջ խանութ է, եւ գները սակարկել ընդունված չէ»: Ես բացատրեցի, որ գյուղից եմ եկել, իսկ մեր գյուղում բոլորը միշտ սակարկում են. «Դուք էլ պետք է սակարկեք»: Երկար բանավեճի բռնվեցինք Ֆելինիի եւ խանութի աշխատողի հետ: Ֆելինին ասում էր, որ ֆիքսված գներով աշխատելն ավելի ձեռնտու է, ես էլ բացատրում էի, որ դա սխալ է, քանի որ ես առեւտուր անելիս խոսել եմ սիրում: Իսկ խոսելն ավելի ճիշտ է, քան միայն գնելը: Ֆելինին ավարտեց մեր բանավեճը. «Կամ փողկապ ես գնում, կամ խանութից դուրս ենք գալիս»: Ես 30 լիրա տվեցի ու պատրաստվեցի խանութից դուրս գալ: Վաճառողն իմ ետեւից վազեց, որպեսզի 5 լիրան վերադարձնի: Ասացի. «Չեմ ուզում»: Հարցնում է՝ «Ինչո՞ւ»: Պատասխանում եմ, որ չեմ ուզում, որովհետեւ` չեմ ուզում. «Չհասկացա՞ք, որ ես հենց 25 լիրա վճարել չեմ ուզում»:
Մի անգամ էլ Ֆելինին իմանում է, որ Լոնդոնում թաիլանդցի մի հրաշագործ կա, ով վերականգնում է մազերի աճը: Ֆելինին հանդիպում է նրան: Թաիլանդցին շատ էլեգանտ մի առանձնատան մեջ էր ապրում: Ֆելինիի պատմած այդ դրվագը կարծես իսկական ֆիլմ է, որը հանդիսատեսի առաջ քայլ առ քայլ է բացվում, ինչպեսեւ Ֆելինիի բոլոր ֆիլմերը: Ուրեմն, այսպես` գորգերով պատված երկար միջանցք է, որի երկու կողմերում սենյակներ են, մեծ կրծքերով կանայք` տղամարդկանց գլուխներն իրենց կրծքներին սեղմած, մերսում են նրանց գլխի ճաղատ հատվածները: Իսկ միջանցքի հեռավոր ծայրից Ֆելինիին է մոտենում փոքրահասակ թաիլանդացին: Եվ Ֆելինին հանկարծ նկատում է, որ թաիլանդացու գլխին… կեղծամ է: Պատկերացնո՞ւմ եք Ֆելինիի հոգեվիճակը… նա արագ դուրս վազեց այդ տնից:
Այդպիսի փոքր զվարճալի պատմություններ շատ են եղել, ես ուզում դրանք ձեզ պատմել, որ շատ չձանձրանաք: Մի անգամ Ֆելինիի հետ հարցազրույց էր ուզում անել մի շատ հայտնի գերմանուհի լրագրող: Ֆելինին` իմանալով, որ ես գերմանական համակենտրոնացման ճամբարում եմ եղել, ասում է ինձ. «Հասկանում ես, չէ՞, գերմաներեն: Ինչպե՞ս կարող ես չհասկանալ, եթե գերի ես եղել…»: Ասում եմ՝ «Փայլուն գիտեմ գերմաներեն, ամեն ինչ հասկանում եմ», թեեւ իրականում գերմաներեն միայն «գերի» եւ «բաստա» բառերը գիտեմ: Այդ կինը սկսում է ինձ հետ գերմաներեն խոսել: Ֆելինին ուզում է իմանալ` ի՞նչ է նա հարցնում: Ես սկսում եմ տեղում ինչ-որ բաներ հնարել. «Նա ասում է քեզ, Ֆեդերիկո, որ դու ավելի երիտասարդ ես, քան քո լուսանկարներից է երեւում»: Ֆելինին շատ է շոյվում՝ «Հայտնիր նրան իմ շնորհակալությունը»: Հետո պահանջում է, որ ես թարգմանեմ նրա շնորհակալությունը: Դա մի շատ զարմանալի հարցազրույց է ստացվում, մասնակիցներից ոչ ոք դիմացինի ասածներից ոչինչ չի հասկանում: Բայց մենք այդ իրավիճակում դեռ շատ հարցերի էինք փորձում պատասխանել եւ թարգմանել: Գերմանուհին ինչ-որ բան է հարցնում, ես թարգմանում եմ՝ «Ֆեդերիկո, տիկինն ուզում է իմանալ` ինչո՞ւ «Ամարկորդի» փոխարեն մեկ այլ ֆիլմ չես նկարահանել»: Ֆելինին շատ է զարմանում. «Ինչպե՞ս թե` ինչու, նկարահանում եմ այն, ինչ կուզենայի անել»: Այստեղ ես, չիմանալով` ինչ անել, ասում եմ. «Տիկին գերմանուհին ջուր է ուզում»: Նրան ջուր են բերում: Սկսվում է իսկական խառնաշփոթն ու սարսափը: Հարցազրույցի արդյունքը եղավ նա, որ ես եւ Ֆեդերիկոն տնից փախանք, քանի որ այլ բան անել արդեն չէինք կարող: Իհարկե, դուք չպիտի կարծեք, որ մենք միայն կատակներ անելով էինք մեր օրերն անցկացնում: Ֆելինին աներեւակայելի խորության տեր մարդ էր: Դա ներքին խորություն էր: Ֆելինին մահացավ, քանի որ հիվանդ էր, բայց համոզված եմ, որ մահվան պատճառը ոչ թե նրա հիվանդությունն էր, այլ այն փաստը, որ նա իր կյանքի վերջին չորսը տարիների ընթացքում ոչինչ չնկարահանեց: Փող չկար, պրոդյուսերները նրան փող չէին տալիս: Ընդ որում, ուզում եմ մի քանի խոսք ասել պրոդյուսերների մասին: Երբ Ֆելինին նկարահանեց իր «Քաղցր կյանքը» («Dolce vita»), եւ ֆիլմի պրոդյուսերն առաջին անգամ դիտեց այն հայտնի դրվագը, որտեղ Անիտա Էկբերգը շատրվանի մեջ լողանում է, նա ասաց. «Սիրելի Ֆեդերիկո, ես քեզ շատ եմ սիրում, եւ այդ պատճառով էլ անկեղծորեն ասում եմ քեզ` ֆիլմդ նողկալի է, այն չի կարելի ցուցադրել: Մի մտածիր փողի մասին, ոչինչ, որ ես փող եմ կորցնում, բայց ես կփրկեմ քեզ եւ թույլ չեմ տա, որ դու քո արածի համար ամաչես: Մի՛ մտածիր, ես խոստանում եմ, որ քո ամոթալի ֆիլմը ոչ ոք չի տեսնի»: Եվ ֆիլմը փակվեց: Մի գեղեցիկ օր, երբ պրոդյուսերն իր սենյակում չէր, զանգահարեցին Լոզանի փոքրիկ փառատոնի կազմակերպիչները եւ հարցրեցին, թե ի՞նչ նոր ֆիլմ կարող են իրենց ուղարկել: Եվ այսպես ուղարկվեց հանրությանը դեռեւս անհայտ Ֆելինիի «Dolce vita» ֆիլմը, որն աշխարհով մեկ մեծ հաջողություն ունեցավ: Իսկ պրոդյուսերը, որը չէր կարող հավատալ Ֆելինիի այդ հաջողությանը, Ֆելինիին հաճախ հարցնում էր. «Ճիշտն ասա, Ֆեդերիկո, դո՞ւ էլ հո գիտես, որ քո ֆիլմը վատն է»: Ֆելինին ամեն ինչում էր հանճարեղ: Իր վերջին հարցազրույցում այսպիսի բառեր կան «Օ, գոնե մեկ անգամ էլ սիրահարվելու հնարավորություն տրվեր ինձ»: Նա հասկանում էր, որ մահանում է, բայց ուզում էր կրկին զգալ սիրահարված վիճակը: Գուցե սիրահարված, խենթ վիճակն էր կարոտում, գուցեեւ` մտածում էր բոլորովին այլ` Աստծուն ուղղված սիրո մասին, չգիտեմ:
Նինո Ռոտա
Նա հիանալի կոմպոզիտոր էր, որը Ֆելինիի բոլոր ֆիլմերի համար երաժշտություն է գրել: Ռոտան փոքրահասակ հրեշտակ էր: Իհարկե, հրեշտակ ասելով, նկատի չունեմ, որ նա շատ գեղեցիկ էր: Բնավ էլ` ոչ, փոքր էր, գրեթե զուրկ մազերից: Մի օր միասին նրա տանը բազմոցին նստած զրուցում էինք: Մեկ էլ հանկարծ բազմոցի բարձերի արանքից մի թղթի կտոր գտավ, կարդաց, տեղից վեր թռավ եւ բացականչեց. «Տոնինո, արագացրո՛ւ, օգնիր ինձ, իմ աշակերտուհիներից մեկն ամուսնացել է, մենք պետք է գնանք նրա համար նվեր գնենք»: Ասացի՝ «Իհարկե, գնանք: Բայց ե՞րբ է նա ամուսնացել»: Ռոտան նայեց թղթիկին. «Այստեղ գրած է` յոթը տարի առաջ…»: «Նինո, երեւի, վաղուց արդեն երեխաներ ունի, իսկ դու դեռ նո՞ր ես պատրաստվում ամուսնական նվեր գնել»: Նինոն պատասխանեց. «Ի՞նչ նշանակություն ունի ժամանակը…»: Դրանք հիանալի բառեր էին:
Միքելանջելո Անտոնիոնի
– Անտոնիոնիի հետ ավտոմեքենայով շրջում էինք Ուզբեկստանով եւ մեր «Ակվիլոն» ֆիլմ-հեքիաթի համար հարմար բնապատկեր էինք փնտրում: Ճանապարհին երեք ծեր մարդու ենք հանդիպում: Նրանք` ազգային ուզբեկական խալաթներ եւ գլխարկներ հագած՝ քայլում էին անապատային վայրով: Մենք նրանց առաջարկեցինք մեր ավտոմեքենան նստել: Նստեցին, բայց ողջ ճանապարհորդության ընթացքում մի բառ անգամ չասացին: Հետո նշան արեցին, որպեսզի մեքենան կանգնեցնենք: Դուրս եկան: Եվ Անտոնիոնին, որ երբեք իր «Պոլարոիդ» վայրկենական լուսանկարչական խցիկից չէր բաժանվում (ընդ որում` ինչպես նաեւ Տարկովսկին), լուսանկարեց նրանց: Մենք կարծում էինք, որ այդ երեք ծերունիների համար մեր լուսանկարը լավ նվեր կլինի: Անտոնիոնին լուսանկարը նրանց փոխանցեց: Ամենածեր ուզբեկը վերցրեց լուսանկարը, երկար նայեց, հետո…ետ տվեց Անտոնիոնիին: «Ինչո՞ւ եք կանգնեցնում ժամանակը»,- ասաց ծերունին: Եվ նրանք հեռացան: Պատկերացնո՞ւմ եք, այդ բառերը ասացին այն ռեժիսորին, որն իր ողջ կյանքում փորձել է կանգնեցնել ժամանակը: Դա ֆենոմենալ էր:
Մարչելլո Մաստրոյանի
Վերջին տարիներին ես համագործակցում եմ հույն ռեժիսոր Անգելոպոլուսի հետ, եւ հենց այդ ռեժիսորի «Մեկ օր եւ հավերժություն» ֆիլմում իր վերջին դերը կատարեց Մարչելլո Մաստրոյանին, որն արդեն ծանր հիվանդ էր: Նրա ձեռքերը դողում էին, նա շատ արագ էր հոգնում: Ես ասում էի. «Դու այսօր շատ ավելի լավ տեսք ունես, Մարչելլո: Ամեն ինչ լավ կլինի»: Իմ այդ կեղծավոր խոսքերը ինչ-որ պահից սկսած ձանձրացրեցին Մաստրոյանիին եւ նա ասաց. «Կյանքն ինձ շատ բան է տվել, բայց գիտե՞ս, կարծում եմ, ես էլ կյանքին եմ շատ բան տվել»: