Պահածո, մուրաբա, չիր

16/07/2006

Պահածոյի տուփերը ավելի հեշտ կբացվեն, եթե դրանց վրա 3-4 րոպե դրվի տաք արդուկ կամ տաք ջրով լի աման։

Բաց բանկայի մեջ մուրաբան հիանալի կպահպանվի, եթե նրա վրա լցվի 1 սմ շաքարավազի շերտ։

Բանկայից մուրաբան պետք է վերցնել միայն չոր գդալով։ Եթե գդալը ջրոտ լինի, մուրաբան կշաքարակալվի։

Խնձորից, տանձից, բալից, ելակից եւ այլ մրգերից պատրաստված կոմպոտին կամ դոնդողին ավելացրեք մի քիչ կիտրոնի հյութ։ Դրանից կլավանա ոչ միայն համը, այլեւ գույնը։

Սալաթի կամ կոմպոտի համար կտրատած մրգերը չեն մգանա, եթե դրանք ցողեք կիտրոնահյութով։ Կարելի է նաեւ կիտրոնի կեղեւը գցել կոմպոտի մեջ։ Այն հաճելի համ կտա։

Պահածոների թարմությունը ստուգելու համար պետք է մատով սեղմել տուփի կափարիչը։ Եթե որոշ ժամանակ հետո փոս ընկած մասը սկսի ուղղվել, նշանակում է` պահածոն փչացած է։

Տնային պահածոները, ճիշտ է, պարունակում են օգտակար հանքային նյութեր, միկրոտարրեր, օրգանական թթուներ, որոշ կենսաբանական ակտիվ նյութեր, բայց ոչ վիտամիններ։ Ահա թե ինչու դրանք պետք է չափավոր օգտագործել, չմոռանալով, որ մուրաբաների, կոմպոտների մեջ շատ շաքար կա, իսկ ածխաջրեր` առավել եւս։

Հատապտուղների` մորու, մոշի, ելակի պահածոյացման միակ ձեւը, երբ վիտամինները չեն կորչում, շաքարավազով, առանց եփելու պահելն է, այս դեպքում պահպանվում է C վիտամինի մոտ 80 տոկոսը։ Եթե դրանք պահվեն մութ եւ սառը տեղում, դրանց օգտակար հատկությունները կպահպանվեն մինչեւ գարուն։

Տնային պայմաններում պատրաստված պահածոները լավ է պահել սենյակային ջերմաստիճանում, իսկ ավելի լավ է` զով, սակայն ոչ խոնավ տեղում` 0-15o C ջերմաստիճանում, քանի որ կափարիչները խոնավությունից ժանգոտվում են։

Սառը տեղում պահած մուրաբաները եւ ջեմերը շատ արագ շաքարակալում են։

Խորհուրդ չի տրվում պահածոները պահել երկար ժամանակ։ Նույնիսկ նորմալ պայմաններում պահածոների մեջ ընթանում են քիմիական դանդաղ պրոցեսներ։ Արդյունքում առաջանում են մուգ գույնի նյութեր, որոնք, թեեւ անվնաս են, բայց վատացնում են մթերքի գույնը։

Կորիզով բալի մուրաբան կարելի է պահել երկու տարուց ոչ ավելի։

Քաղցրեղենի (մուրաբա, ջեմ, կոնֆետ, թխվածք) չարաշահումը կարող է հանգեցնել այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են ճարպակալումը, շաքարախտը, աթերոսկլերոզը։ Շաքարի խտացրած լուծույթն անմիջապես ներծծվում է աղեստամոքսային տրակտում, բարձրացնում է արյան մեջ շաքարի տոկոսը եւ նպաստում ճարպակալմանը։