Դոլարը կշարունակի արժեզրկվել

16/07/2006

Այս կարծիքին է ՀՀ Կենտրոնական բանկը։ Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, ԿԲ-ն կանխատեսում է, որ դոլարի արժեզրկումը կշարունակվի ինչպես 2006-ի երկրորդ կեսում, այնպես էլ` 2007-ի առաջին կիսամյակի ընթացքում։ 2006թ. երկրորդ եռամսյակում ազգային դրամն արժեւորվել է 6.54%-ով, ինչը բացատրվում է միջազգային շուկայում դոլարի դիրքերի թուլացմամբ եւ տրանսֆերտների աճով։ ԿԲ տվյալներով, ուղղակի մասնավոր տրանսֆերտները 2006թ. երկրորդ եռամսյակում աճել են 36.5 տոկոսով: Ինչ վերաբերում է այս կառույցի հիմնական խնդրին՝ սղաճին, ապա 2006-ի երրորդ եռամսյակում այն կկազմի 3.05%։ Համենայնդեպս, այդպես են հավաստիացնում ԿԲ մասնագետները։ Սակայն հաջորդ տարի սղաճը նկատելիորեն կգերազանցի 3%-ի սահմանագիծը։ ԿԲ կանխատեսումների համաձայն, 2007թ. հունիսին սղաճը Հայաստանում կկազմի 4.1%։ Նավթի գների բարձրացման ռիսկեր ներկա պահին չկան, եւ ենթադրվում է, որ գները կպահպանվեն նույն մակարդակի վրա։ Միեւնույն ժամանակ, կանխատեսվում է հացահատիկի միջազգային գների աճ եւ Ռուսաստանից ու Ուկրաինայից հացահատիկի արտահանման ծավալների կրճատում։ Այս գործոնները, ըստ Կենտրոնական բանկի, կարող են ազդել հացահատիկի գների վրա հայաստանյան շուկայում։