Երեւանում գտնվող ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը երեկ հայտարարել է, թե ռուսական «Սիստեմա» ընկերությունը մտադիր է կամ գնել, կամ կառավարման վերցնել «Գույք` պարտքի դիմաց» պայմանագրով Ռուսաստանին փոխանցված «Մարս» գործարանը: Ըստ «Առկա»-ի` Լեւիտինն ասել է, թե Ռուսաստանի կառավարությունն արդեն ստացել է «Սիստեմա» ընկերության հայտը եւ հիմա քննարկում է հարցը: Հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե ՀՀ կառավարությունը լոբբինգ է անում «Սիստեմա» ընկերության մեջ մտնող ՄՏՍ ընկերության շահերը «ԱրմենՏել» ընկերության գնման հարցում, դրա դիմաց ակնկալելով «Մարսի» վերագործարկում: «Հայաստանի կառավարությունը չի կարող նման լոբբինգով զբաղվել: Իսկ եթե «ԱրմենՏելը» գնած կամ չգնած ընկերությունը ցանկություն հայտնի վերագործարկել «Մարսը», ապա կառավարությունում միայն ուրախ կլինեն»,- հայտարարել է Ս. Սարգսյանը: