«2004 թվականը շատ բուռն տարի էր, բավական ինտենսիվ էր՝ իր վայիվերումներով, եղել են եւ՛ դրական, եւ՛ բացասական պահեր, բայց իմ ներքին հանգստությունն ինձ թելադրում է, որ տարին վատ չենք փակում»,- երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարեց արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ ավելացնելով, որ ավելի մանրամասնորեն տարվա ամփոփումը Արտգործնախարարությունը կներկայացնի հունվարի կեսին: Բնականաբար, Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ անցնող տարում դրական «վայրիվերումներն» ավելի շատ են եղել, քան բացասականները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների մասին խոսելիս, Օսկանյանը հերթական անգամ հիշեցրեց իր ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումների մասին՝ ասելով, որ թեեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից ազատագրված տարածքների հարցի բարձրացումը որոշակի խոչընդոտներ էր ստեղծել, սակայն այսօր այդ խոչընդոտները վերացել են, եւ իրենց հանդիպումները շարունակվելու են: Իսկ ի՞նչ փոփոխություններ կան նախկին փարիզյան սկզբունքների ու ներկայիս, Պրագայի բանակցությունների միջեւ: Վարդան Օսկանյանը, բնականաբար, այդ տարբերությունների (եթե, իհարկե, այդպիսիք կան) մասին որեւէ բան չասաց: «Այսօր այն, ինչ կատարվում է պրագյան պրոցեսում, ես այսպես կբնութագրեի՝ սկզբունքները մնում են նույնը, բայց որոշ մոդիֆիկացիայի են ենթարկվել, ինչը հնարավորություն կտա ադրբեջանական կողմին՝ ներգրավված մնալ այս պրոցեսում»,-այսպես է Վարդան Օսկանյանը բնութագրում բանակցությունների ներկայիս ընթացքը: Թե ինչ մոդիֆիկացիաների են ենթարկվել բանակցային սկզբունքները, Օսկանյանը չմասնավորեցրեց: Սակայն Պրագայի բանակցություններում այսօր հիմք ընդունվող սկզբունքների մասին նախորդ շաբաթ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ասելով, որ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը հաշվի առնելով: Սա կարծես տեղավորվում է Վարդան Օսկանյանի հայտարարության տրամաբանության մեջ, երբ նա ասում է, որ սկզբունքների մոդիֆիկացիան հնարավորություն կտա Ադրբեջանին՝ ներգրավված մնալ բանակցային գործընթացում: Սակայն Վարդան Օսկանյանը որեւէ կերպ չմեկնաբանեց Իլհամ Ալիեւի այդ հայտարարությունը: «Ալիեւի կամ առհասարակ Ադրբեջանից հնչած հայտարարություններին ես չեմ ուզում մեկնաբանություններ տալ: Ես ուզում եմ հավատալ նրան, ինչը որ ես տեսնում ու լսում եմ պրագյան պրոցեսում»,- հայտարարեց Վարդան Օսկանյանը: Իսկ այն, ինչ Վարդան Օսկանյանը տեսնում ու լսում է Պրագայի բանակցություններում, նրան հիմք է տալիս հայտարարելու, որ այսօր հայկական կողմը կարող է ավելի շատ ստանալ, քան նախկինում: «Այսօր ես հնարավորություն եմ տեսնում ստանալու ավելին, քան առաջարկվում էր 1997 թվականին: Ուղղակի տեսնում եմ, որովհետեւ դա սեղանի վրա է,- ասում է Վարդան Օսկանյանը՝ միաժամանակ ապահովագրելով իրեն: -Բայց եթե հարցնեք՝ կստանա՞նք, թե՞ չէ, չգիտեմ»: Ինչ վերաբերում է 1997 թվականին առաջարկված տարբերակին, ապա Օսկանյանը չի բացառում, որ հետագայում էլ այն կարող է դիտարկվել՝ որպես ավելի բարենպաստ: «Կարող է մի հինգ տարի անցնի, նորից մտնենք այս երկխոսության մեջ եւ ասենք, որ միգուցե 1997-ին այդ տարբերակը պետք էր ընտրել»: Ի դեպ, նախկին իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ փոխարտգործնախարար եղած ժամանակ Վարդան Օսկանյանը եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակի ջատագովը: Ինքը՝ Վարդան Օսկանյանը, նույնպես դա չի հերքում: «Երբ հանրապետության առաջին նախագահն իմ առաջ՝ որպես բանակցողի խնդիր էր դրել փուլայինը, իհարկե, ես այդ փուլայինն էի գնում-բանակցում, դրա շուրջ քննարկումներ ծավալում, եւ պաշտպանում: Ինչ վերաբերում է նրան, որ ես փուլայինի ջատագովն եմ եղել, ես նման կոմպլեքս չունեմ»:
Իսկ ներկայումս, որպես բանակցող, Վարդան Օսկանյանի խնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրումն է: «Այն պայմանագրով, որը պետք է այս հարցին լուծում տա, մենք պետք է փորձենք ամրագրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այստեղ ես առաջ գնամ ու ասեմ. կարող է, այդ ինքնորոշման իրականացումը ժամանակի առումով չլինի անմիջական»: Թե ինչ է նշանակում ինքնորոշման իրավունքի իրականացման ոչ անմիջականությունը, հայտնի է թերեւս միայն կոմպլեմենտարիզմի հիմնադիր Վարդան Օսկանյանին:
Ի դեպ, կոմպլեմենտարիզմի մասին: Պարզվում է, նման արտաքին քաղաքականությունը Հայաստանին դարձրել է ոչ միայն «կովկասյան վագր», այլեւ՝ Կովկասի ամենաանկախ պետությունը: «Ես պնդում եմ, որ Կովկասի մեջ ամենաանկախ արտաքին քաղաքականություն վարողը դա Հայաստանն է»,- հայտարարեց Վարդան Օսկանյանը, ասելով որ մեր հարեւանների վարած արտաքին քաղաքականությունը նրանց այնքան մանեւրելու հնարավորություն չի տալիս, որքան կոմպլեմենտարությունը Հայաստանին: Իհարկե, ընդամենը մի քանի րոպե հետո Օսկանյանը հերքեց Հայաստանի ամենանկախը լինելու իր իսկ հայտարարությունը՝ ասելով. «մեր աշխարհագրությունը, մեր փոքր լինելը, մեր ռեսուրսների սահմանափակ լինելը, մեր կախվածությունը հարեւան երկրներից, հեռավոր երկրներից մեր արտաքին քաղաքականության վրա որոշ սահմանափակումներ են դնում»:
Ինչպես վերջին ամիսների իր բոլոր ասուլիսներում, երեկ էլ Վարդան Օսկանյանը բացառեց, որ Հայաստանում հնարավոր է Վրաստանի կամ Ուկրաինայի դեպքերի կրկնությունը: Նրա ասելով, որքան էլ այսօր մոդայիկ է դարձել արեւմտյան արժեքների կրող երեւալը, Հայաստանում այդ գործոնը ազդեցություն չի ունենալու: «Այսօր արեւմտյան արժեքներ կրողը հենց մենք ենք, այս իշխանություններն են, դրանցից մեկն էլ ես եմ, եւ այդպես էլ շարունակելու ենք՝ մնալով կոմպլեմենտարության շրջանակների մեջ»: Սա, թերեւս, Վարդան Օսկանյանի ամենասենսացիոն հայտարարությունն էր: