Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինին եւ ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինային: Վերջիններս Ռ. Քոչարյանին տեղեկացրել են մայիսի 3-ին Սոչիում վթարի ենթարկված «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավի աղետի հետաքննության արդյունքների մասին: Նշվել է, որ ֆրանսիական Թուլուզ քաղաքում A-320-ի վարժասարքի վրա մոդելավորվել է այն իրավիճակը, որի մեջ հայտնվել էր հայկական օդանավն աղետից առաջ: Այդ աշխատանքին մասնակցել են ֆրանսիացի, ռուս եւ հայ մասնագետները: Մոդելավորման ընթացքում թռիչքի առաջադրանքը տրվել է ելնելով այն տեղեկություններից, որոնք մասնագետները վերծանել էին օդանավի սեւ արկղերից: Տ. Անոդինան էլ երեկ ասել է, թե հայկական A-320 օդանավի աղետի պատճառի հետաքննությունը կավարտվի հուլիսի վերջին: «Այսօր կարելի է միանգամայն հստակ ասել, որ մենք ունենք բոլոր տվյալներն այն բանի համար, որպեսզի բացարձակապես հստակ եւ անաչառ նշենք պատճառը եւ մշակենք անհրաժեշտ միջոցառումներ աշխատանքն ավարտելու եւ վերջնական հաշվետվությունը պատրաստելու համար` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Հայաստանի մասնագետների մասնակցությամբ»,- ավելացրել է Տ. Անոդինան: Վերջինս նշել է, որ հանձնաժողովը պարզում է միայն տեխնիկական ցուցանիշներն ու աղետի պատճառը, իսկ մեղավորներին՝ ազգային կառույցները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի հսկիչ անցակետի փակմանը, ինչը Ի. Լեւիտինը պայմանավորել է շինարարական աշխատանքներով: