Պարտքի արտաքին ու ներքին հմայքը

16/07/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է «ՀՀ պետական պարտքի հաշվետվությունը» 2006թ. հունվարի 1-ի դրությամբ։ Պետական պարտքի նկատմամբ մեր հասարակության զգուշավոր վերաբերմունքը ավանդական է դարձել։ Նույնքան ավանդական է քաղաքական ուժերի անտարբերությունն այս ոլորտի հանդեպ։ Պատճառը հավանաբար այն է, որ մեր հայրենի իշխանություններն, ի վերջո, սովորել են պարտք վերցնել։ Դա կարելի է արձանագրել երկրի արտաքին պարտքի կառուցվածքն ուսումնասիրելով։ Մինչեւ 1997թ. արտաքին պարտքի կեսից ավելին առեւտրային վարկերն էին։ Իսկ 2005թ. դրությամբ արտոնյալ վարկերը արտաքին պարտքի 98 տոկոսն են կազմում։ Անցած տարի երկիրը ոչ մի ֆինանսական կառույցից եւ այլ պետություններից առեւտրային վարկ չի վերցրել։ Ավելին, անցած տարի մարվել է նախկինում վերցված այս տեսակի վարկերի մի մասը (13 մլն դոլարի չափով)։ Արտոնյալ վարկերը որպես կանոն վերցվում են որոշակի պայմաններով։ Նախ` երկիրը որոշակի ժամանակահատված (3-7 տարի) հնարավորություն է ունենում առանց տոկոսադրույք տնօրինել այդ գումարը։ Վարկի մարումը սկսվում է այդ ժամկետից հետո։ Դուք իհարկե կարող եք չարախնդալ, թե արդեն 15 տարի է` մեր իշխանությունները ողջ աշխարհից պարտք են վերցնում։ Բայց պետք է համաձայնել, որ այս ոլորտում նրանց փորձառությունը դրական հետեւանքներ է թողնում։ 2006-ի դրությամբ` ՀՀ արտաքին պարտքը կազմում է 1 մլրդ 99 մլն 200 հազար ԱՄՆ դոլար։ Այս գումարի 84 տոկոսը տրվել է ՀՀ կառավարությանը (կամ նրա կողմից տրված երաշխիքների դիմաց)։ Իսկ մնացած` 16 տոկոսը մեր Կենտրոնական բանկի պարտքերն են։ Թե որքանով է թույլատրելի այս համամասնությունը, այլ խնդիր է։ Տնտեսական վիճակագրությունն արձանագրում է, որ ԿԲ-ն մարում է արտաքին պարտքի իր բաժինը։ 2003թ. ԿԲ-ի պարտքն ամենամեծն էր (մոտ 203 մլն դոլար)։ Այս տարի այն նվազելով հասել է 176,4 մլն դոլարի։ Մակրոտնտեսական ցուցանիշների տեսանկյունից էլ երկրի արտաքին պարտքի ծավալն ընդունված նորմերի մեջ է։ Տնտեսական վիճակագրությունն արձանագրում է, որ այս իմաստով ամենաանհաջողը 1999-ն էր։ Այդ տարի արտաքին պարտքը համախառն ներքին արդյունքի 47 տոկոսն էր կազմում։ Տնտեսագիտության մեջ ընդունված է համարել, որ 50 տոկոսը գերազանցող երկրի տնտեսության մեջ անկառավարելի գործընթացներ են սկսվում։ Այսօր այդ վտանգի հետքն անգամ չկա` մեր պարտքը մեր իսկ ՀՆԱ-ի ընդամենը 22 տոկոսն է կազմում։ Սա, իհարկե, կարելի էր համարել մեր տնտեսության վագրի երկնիշ ցատկերի հետեւանք։ Եթե, իհարկե, մենք մինչեւ օրս էլ չշարունակեինք պարտք վերցնելու մեր սովորությունը։ 2005թ. ընթացքում ՀՀ-ն ստորագրել է վարկ վերցնելու նոր 7 համաձայնագիր։ Հայաստանի արտաքին պարտքի ցուցակն ակնհայտ է դարձնում, որ մեր ռազմաստրատեգիական գործընկերոջ` Ռուսաստանի հետ մեր ֆինանսական հարաբերությունները վատ են։ Հավանաբար` շատ վատ։ Մենք այլեւս պարտք չենք Ռուսաստանին։ Եվ սա լավ է։ Որովհետեւ Ռուսաստանը մեզ պարտք տվողներից միակն էր, որ պարտքն այդպես էլ չվերաձեւակերպեց, եւ «չորով» տոկոս հաշվեց մարման գրաֆիկից շեղված ամեն օրվա դիմաց։ 2005-ին մեր հարաբերությունները վերջապես կարգավորվեցին։ Վերջին 3 մլն դոլարը ստանալուց հետո, աշնանը ՌԴ-ն «տվել է հաստատում առ այն, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված պետական վարկերն ամբողջությամբ մարվել են, եւ վճարման ենթակա գումարներ չկան»։

Վերջին տարիներին նկատելիորեն աճում է նաեւ ՀՀ ներքին պարտքը։ (Ներքին անվանվում է ազգային դրամով վերցված պետական պարտքը)։ 2004-ի 41,5 մլրդ դրամի դիմաց 2005-ին այն դարձավ 51,3 մլրդ դրամ։ Բայց այստեղ եւս դրական որոշակի միտումներ կան։ Նախ` վերջապես մեր իշխանությունները կարողանում են երկրի ներսում պարտք վերցնել ոչ թե կարճաժամկետ, այլ` միջնաժամկետ եւ երկարաժամկետ պարտատոմսեր վաճառելով։ 2004-ին պետությանն ավելի թանկ գնով էին փող պարտք տալիս, քան 2005-ին (2004-ին` 9%, 2005-ին` 7,3%)։ Սրան, իհարկե, նպաստում է նաեւ ազգային դրամի արժեւորման գործընթացը։ Այն, տնտեսության արտադրական համակարգի համար ողբերգություն դառնալով, դրական ազդեցություն է թողնում ֆինանսական կյանքի այս հատվածում։ Բայց դա իհարկե չի կարող ընկալվել որպես լուրջ հաջողություն ընդհանուր տնտեսության համար ու մասշտաբով։ Բայց նորություն ու հաջողություն կարելի է համարել, որ երկրի ազգային դրամով մեր պետությանն արդեն պարտք են տալիս 9 տարուց ավելի երկար ժամկետով։

Ներքին պարտքի այս որակը կարելի է համեմատել արտաքին արտոնյալ վարկերի հետ։ Փաստորեն, երկրի պետական պարտքի ոլորտում կայուն դրական տեղաշարժեր կան։ Բայց, չգիտես ինչու, երկիրն ագահաբար շարունակում է պարտք վերցնել` տնտեսական հովանավորչական քաղաքականություն չվարելով։