Ասուլիսի 80%-ը ջուր էր

16/07/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հուլիսի 1-ից, դեռեւս դեկտեմբերին ՀՀ կառավարության հետ կնքած պայմանագրի համաձայն, 1 խմ ջրի սակագինը 125 դրամից դարձավ 172,8 դրամ: Ջրամատակարարման կառավարումը ստանձնելուց հետո «Երեւան ջուր» ընկերության տնօրեն Սերժ Պոպոֆֆը խոստացավ աշխատել թափանցիկ: Այդ պատճառով երեկ նա հանդիպեց լրագրողների հետ եւ պատմեց, թե առաջիկա 10 տարիների ընթացքում ի՞նչ են անելու եւ ինչպե՞ս են աշխատելու: Նախ՝ ընկերությունը պարտավորվել է 10-րդ տարում ապահովել 95 % ջրամատակարարում եւ 1խմ-ի սակագինը դարձնել 90 դրամ: «Երեւան ջուրը» այս մակարդակին հասնելու համար պետք է «պայքարի փոքր ու մեծ ապօրինի միացումների, ապօրինի ոռոգումների դեմ, պետք է փոխի հնամաշ խողովակները, ավելի արագ վերացնի տեսանելի վթարները, փոխի բակային պոմպերի 80 %»: Իսկ թե ինչ մեթոդով է ընկերությունը պայքարելու ջրագողության դեմ, Ս. Պոպոֆֆը պատասխանեց՝ «վճռական»:

Նկատենք, որ համակարգում ջրի կորուստները կազմում են 80 տոկոս: Այդքան էր նաեւ 2000թ., երբ Երեւանի ջրամատակարարման համակարգի վարձակալությունը 5 տարով ստանձնեց իտալական «Էյ Յութիլիթի» ընկերությունը, որը ծախսեց ավելի քան 35 մլն դոլար, սակայն գոնե 3,5 տոկոսով չկրճատեց ջրի կորուստը: Սա՝ իմիջիայլոց: Նոր կառավարիչը հայտնեց, որ 80%-ի 40 %-ը կորչում է ապօրինի միացումների ցանցում, իսկ մյուս կեսը խողովակների մաշվածության պատճառով հոսում է ընդերք: Այսինքն, եթե մենք վճարում ենք 100 խմ ջրի համար, ապա դրա դիմաց օգտագործել ենք ընդամենը 20 խմ ջուր: Այսինքն` մենք մեր օգտագործածի հետ միասին վճարում ենք նաեւ ընդերք հոսող 40 % եւ գողացվող 40 % ջրի դիմաց: Այս հանգամանքն ընդունում է նաեւ պարոն Պոպոֆֆը: Նոր կառավարիչը պետք է «վճռականորեն», բայց անհայտ է ինչ եղանակով կրճատի այս երկու տիպի կորուստների չափը: Իսկ մինչ այդ պարոն Պոպոֆֆը հայտարարեց, որ Երեւանն այսօր ունի 60 % շուրջօրյա ջրամատակարարում: Սակայն երբ նրան հարց ուղղվեց, թե երբ դեկտեմբերին մեր ջրային ոլորտի պատասխանատուները, մասնավորապես՝ Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ շուրջօրյա ջրամատակարարումը 75% է կազմում, ճի՞շտ չէր ասել, պարոն Պոպոֆֆը կտրուկ փոխեց Երեւանի ջրամատակարարման գրաֆիկի մասին ունեցած իր կարծիքը: Նա երկար-բարակ բացատրեց, որ ձմռանը ջրամատակարարումը նույնիսկ 75%-ից էլ ավելի շատ է լինում, հիմա է 60% : 75%-ը ջրամատակարարման գրաֆիկի միջին ցուցանիշն է: Ու էլի մի այսպիսի երկու հարցերին պարոն Պոպոֆֆը երկակի եւ անորոշ պատասխաններ տվեց, ու հասկանալի դարձավ, որ «Երեւան ջուրը» «Էյ Յութիլիթիից» կարող է որակապես չտարբերվել:

Բաժանորդներին հետաքրքրում է, թե «Երեւան ջուրն» ինչո՞ւ կառավարումը դեռ չստանձնած, համակարգի վրա մի կոպեկ չծախսած, միանգամից 40 տոկոսով բարձրացրեց ջրի սակագինը: Ինչո՞ւ օրական 5 ժամ ջուր ունեցող բաժանորդը պետք է վճարի նույնքան, որքան վճարում է 24 ժամ ջուր ունեցողը: Չէ՞ որ նա վճարում է ոչ միայն ապրանքի համար, այլեւ ծառայության: Եվ ցածրորակ ծառայություն ստացողը վճարում է բարձր ծառայության արժեքով: Որքանո՞վ է արդար այս մոտեցումը եւ արդյո՞ք Փարիզի բնակիչը նման պայմաններին ըմբռնումով կմոտենար, ինչը հիմա առաջարկվում է Երեւանի բնակիչներին: Պարոն Պոպովն այս հարցին չի ուզում միանշանակ պատասխանել: Նախ` դժվար է տարբեր սակագներ սահմանել եւ վարձավճարների համար տարբեր հաշվարկներ անել: Դրա փոխարեն ավելի հեշտ է բոլորի համար սակագնի մի առավելագույն շեմ սահմանել: Իսկ Փարիզի բնակիչը հաստատ նման պայմաններ չէր հանդուրժի:

Կառավարման պայմանագրի մեջ նշված են ջրի սակագնի տարեկան կարգավորման դրույթները՝ փոխարժեք, ինֆլյացիա, էլեկտրաէներգիայի ծախս եւ օրենսդրական փոփոխություն: Սա նշանակում է, որ այս դրույթները կարող են պատճառ հանդիսանալ, որ ջրի սակագինը բարձրացվի կամ իջեցվի: Դեկտեմբերին երբ պայմանագիրը կնքել են, դոլարի փոխարժեքը 450 դրամ էր, հիմա 420 դրամ է: Այս հանգամանքը պատկան մարմիններին իրավունք է տալիս ցածրացնել ջրի սակագինը: Սակայն ընկերությունը բոլորովին չի պատրաստվում նման քայլի դիմել, դա նրան պետք չէ: «Նման դեպքերում Բնական մենաշնորհները կարգավորող հանձնաժողովն իրավունք ունի ինքնուրույն քննարկել եւ սակագինը փոփոխել»,- ասաց Ս. Պոպոֆֆը:

Մենք անցյալի դառը փորձից գիտենք, որ հանձնաժողովն այդպիսի ղալաթ չի անի: Անցած մի քանի տարիներին, երբ դոլարը մեծ թափով արժեզրկվում էր, նման հարց բարձրացվեց նաեւ գազի սակագնի իջեցման համար, սակայն հանձնաժողովը նման քայլի չգնաց: Դժվար է նաեւ հավատալ պայմանագրի այն կետին, որ կառավարման 10-րդ տարում՝ 2016թ. ջրի սակագինը կիջնի մինչեւ 90 դրամ` 1 խորանարդ մետրի համար: Բանն այն է, որ մեր ջրամատակարարման համակարգում էլեկտրաէներգիայի օգտագործումը դեռ մեծ չափերի է հասնում: Իսկ էլեկտրաէներգիան առաջիկա տարիներին կթանկանա, թեկուզ գազի թանկացման հետ կապված: Չէ՞ որ մեկ-երկու տարի հետո կվերջանա կառավարության կողմից սուբսիդավորումը, եւ մենք գազի համար կվճարենք իրական արժեքը: Իրական գնով գազը կվաճառվի նաեւ էլեկտրաէներգիա արտադրողներին: Սա էլ պատճառ կդառնա, որ էլեկտրաէներգիան թանկանա: Իսկ նման իրավիճակում իրատեսական չէ ջրի սակագնի հետագա իջեցումը: