Ինչպես արդեն գրել ենք նախկինում, այնտեղ դժվար թե հիշատակված լինի «Կովկասյան վագր» կամ կատվազգիների ընտանիքի որեւէ այլ կենդանի։
Ինչեւէ, զեկույցի 8-րդ գլուխն արդեն գրեթե պատրաստ է։ Այն վերաբերում է, այսպես կոչված, գիտատար (գիտելիքների վրա հիմնված) տնտեսությանը, դրա վիճակին եւ հեռանկարներին։ Հեղինակները մի քանիսն են, սակայն աշխատանքները հիմնականում կատարել է ՀԲ տնտեսագետ Եվգենի Կուզնեցովը, որը 2004թ. հունիսի 20-26-ը գտնվել է Հայաստանում։
ՀԲ Երեւանյան գրասենյակում երեկ կազմակերպված քննարկման ժամանակ պրն Կուզնեցովն ինքն էլ ներկայացրեց իր աշխատանքը։ Այն, որ գիտելիքը ներկայումս մեծ դեր է խաղում տնտեսության զարգացման գործում, անվիճելի փաստ է։ Օրինակ, Հարավային Կորեայում 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2004-2005թթ. տվյալներով հասնում է մոտ 12 հազար դոլարի, որից մոտ 8000-ը բաժին է ընկնում հենց գիտատար տնտեսությանը։
Հետաքրքիր է նաեւ Չինաստանի օրինակը։ Շատերի մոտ իշխում է այն կարծիքը, որ Չինաստանի տնտեսական աճը պայմանավորված է միայն էժանագին եւ անորակ ապրանքների արտադրությամբ։ Սակայն գիտական հետազոտություններին հատկացվող գումարների չափով այս երկիրը զիջում է միայն ԱՄՆ-ին եւ Ճապոնիային։
Ըստ զեկույցի հեղինակների, նման տեմպերով զարգանալու դեպքում Չինաստանի ՀՆԱ-ն 6-7 տարի հետո առաջ կանցնի ներկայումս առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ից։ Գիտատար տնտեսությանը բավական մեծ ուշադրություն է դարձնում նաեւ Հնդկաստանը, եւ հիմնականում դրա շնորհիվ էլ ապահովում է զարգացման բարձր տեմպեր, որոնց պահպանման դեպքում շատ մոտ ապագայում ՀՆԱ-ի ծավալներով կզբաղեցնի աշխարհում 3-րդ տեղը՝ շրջանցելով Ճապոնիային։
Այժմ վերադառնանք Հայաստան։ Միգուցե շատերը կասեն՝ մենք մյուսներից ինչո՞վ ենք պակաս, չէ՞ որ ամեն տարի արձանագրում ենք երկնիշ տնտեսական աճ։ Սակայն այդ աճը որակական առումով անբավարար է եւ արձանագրվում է հիմնականում շինարարության հաշվին։ Այսպիսի դեպքերում ասում են, որ աճը զարգացում չէ։ Բնական ռեսուրսներից աղքատ Հայաստանը, ինչպես նշում են մասնագետները, պետք է շեշտը դնի հենց այս ուղղության վրա։ 100 էջանոց այս ուսումնասիրության մեջ բերված են հետաքրքիր համեմատություններ ներկա վիճակի մասին։ Բոլորին հնարավոր չէ անդրադառնալ, սակայն մի քանիսը կնշենք։
ՀԲ մասնագետների կազմած «Գիտելիքահեն տնտեսության ինդեքսում» Հայաստանը գրավում է միջին դիրքեր, եւ մոտ է գտնվում Բրազիլիային, Թուրքիային, Մեքսիկային։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է նաեւ Չինաստանին, սակայն ինդեքսում վիճակը ներկայացված է համեմատության մեջ՝ 1995-ից առաջ եւ հետո, այսինքն՝ տեղաշարժը։ Ահա այս տեսանկյունից մենք զգալիորեն զիջում ենք չինացիներին, թեեւ զեկույցի հեղինակները արձանագրել են որոշակի առաջընթաց։
Ինովացիոն ոլորտում, որի մասին վերջերս օրենք ընդունվեց, Եվգենի Կուզնեցովի բնորոշմամբ, համեմատաբար նորմալ վիճակ է։ Սակայն 1995-ի համեմատ նկատվել է ետընթաց։ Ըստ տնտեսագետի, ներկայումս օգտագործվում է դեռ խորհրդային ժամանակներից մնացած բազան։
Այս ամենի ֆոնի վրա ուշադրության է արժանի «Ինստիտուցիոնալ ռեժիմի» ցուցանիշը։ 1995-ից հետո Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել։ Պրն Կուզնեցովն այս պատկերը որակեց «տարօրինակ եւ հետաքրքիր»։ Այսինքն` ինստիտուցիոնալ առումով զգալի քայլեր են կատարվել, բարեփոխումներ են իրականացվել եւ ընդունվել օրենքներ, սակայն իրական արդյունքները շոշափելի չեն։
Զեկույցում հատուկ ուշադրության են արժանացել նաեւ հեռահաղորդակցության ենթակառուցվածքները։ «Այս ցուցանիշով Հայաստանն առանձնանում է մյուսներից՝ բացասական իմաստով»,- նշեց Ե. Կուզնեցովը։ Գաղտնիք չէ, որ գիտության եւ կրթության զարգացման համար հեռահաղորդակցության մակարդակը շատ կարեւոր գործոն է։ Որպես դրա բաղադրիչ` կարելի է նշել ինտերնետից օգտվելու մատչելիությունը։ Այն գտնվում է շատ ցածր մակարդակի վրա եւ 1995-ի համեմատ նկատվել է անգամ ետընթաց։
Անկախ այս ամենից, նշված է, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում որոշ ընկերություններ զգալի զարգացում են ապրել՝ Virage Logic, Synopsis, Leda Systems եւ այլն։ Ըստ ՀԲ մասնագետների, պետությունը պետք է նպաստի այս ոլորտի զարգացմանը։
ՀԲ-ն առաջարկում է նաեւ «դեղատոմսեր»՝ վիճակը բարելավելու համար։ Հարկավոր է ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ՝ գիտատար ոլորտներում, ստեղծել ազատ տեխնիկա-նորարարական գոտիներ, հիմնել պետական-մասնավոր համատեղ հիմնադրամներ՝ սկզբնական ներդրումները ֆինանսավորելու համար, ինչպես Դանիայում եւ այլ երկրներում։
Այս ամենի համար Հայաստանը պոտենցիալ ունի, ինչպես, օրինակ, «գիտելիքը եւ բարձրագույն կրթությունն արժեւորող նպատակամղված երիտասարդների ինտենսիվ հոսքը» կամ «լավ կրթված, բայց մասնագիտական անգործածական հմտություններով ազգաբնակչության մեծ պաշարը»։ Իսկ ամենամեծ պոտենցիալն, իհարկե, Սփյուռքն է։ Ըստ զեկույցի հեղինակների, գոյություն ունի «մեծ եւ ձեռներեց Սփյուռք, որն առատաձեռն է Հայաստանին բարեսիրական նվիրատվություններ կատարելու, բայց (փոքրաթիվ բացառություններով) վերապահ է գործարար նախաձեռնությունների հարցում»։
Մեզ մոտ կազմակերպվում է «Հայաստան-Սփյուռք» տնտեսական համաժողովը, սակայն օգուտներն ու դրա շուրջ բարձրացվող աղմուկը միմյանց համարժեք չեն։ Եվգենի Կուզնեցովի կարծիքով, կարելի է ստեղծել ազդեցիկ հայերի ցանց, ինչպես արել են շոտլանդացիները։ «Շոտլանդացիներն աշխարհում» ցանցում ներգրավված են երկրի սահմաններից դուրս ապրող 850 ազդեցիկ մարդիկ։ Ինչպես նշեց պրն Կուզնեցովը, նրանք ոչ մի կոնֆերանս մինչ այժմ չեն կազմակերպել, սակայն մեծ գործ են կատարում։
Քննարկմանը ներկա հայ մասնագետներից զեկույցի որոշ դրույթների հետ համաձայն չէր միայն տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը։ Վերջինիս կարծիքով, ինչ-որ ծրագրերից խոսելուց առաջ հարկավոր է նայել՝ ինչ ունենք եւ ինչ ենք մեզնից ներկայացնում։ «Այն մտավոր պոտենցիալը, որի մասին այդքան խոսում ենք, չափազանցված է։ Լավագույն մասնագետներն էլ, դեռ խորհրդային ժամանակներից կենտրոնացել են հիմնականում Մոսկվայում»,- ասաց պրն Ջրբաշյանը։ Նա հիասթափված էր կրթության բնագավառում վերջերս իրենց կողմից կատարված հետազոտության արդյունքներից, որոնք, տնտեսագետի խոսքերով, շատ տխուր էին. «Տնտեսագիտության ֆակուլտետի վերջին կուրսի ուսանողները չեն կարողանում տալ մի տնտեսագետի անուն, որը վերջին 15 տարվա մեջ Նոբելյան մրցանակի է արժանացել»։
Տ. Ջրբաշյանը թերահավատորեն էր տրամադրված, որ այս վիճակով մենք կարող ենք տնտեսական ճեղքում արձանագրել։ Իսկ Ե. Կուզնեցովը փորձեց մխիթարել՝ նշելով, որ բոլոր երկրներում էլ կրթության միջին մակարդակը ցածր է, սակայն դրանց թվում կան բացառություններ։ Իսկ «ճեղքման» մասին, ըստ ռուս տնտեսագետի, խոսք ընդհանրապես չի գնում՝ այն դժվար թե Հայաստանում արձանագրվի եւ, եթե լինի էլ, վերջում միշտ ավարտվում է ճգնաժամով։
Տ. Ջրբաշյանի «պեսիմիստական» փաստարկներից մեկն էլ, որի հետ դժվար է չհամաձայնել, հետեւյալն էր՝ եթե շահույթ ստանալու այլ մոտիվացիաներ կան, գործարարին ի՞նչը պիտի ստիպի, որ նա ներդրումներ անի կրթական եւ գիտական ծրագրերում։ Օրինակ, եթե ինչ-որ մեկը մոնոպոլ դիրքեր ունի որոշակի ապրանքատեսակներ ներկրելու հարցում եւ մանավանդ դոլարի արժեզրկման պայմաններում գերշահույթներ է ստանում, ինչո՞ւ պետք է իր ռեսուրսները տեղափոխի մի ոլորտ, որից բան չի հասկանում, եւ հեռանկարներն էլ շատ մշուշոտ են։ Տնտեսագետի հավաստմամբ, ինքն աշխատել է որպես բիզնես-խորհրդատու, սակայն նման կողմի առաջարկները գործարարների կողմից միշտ անուշադրության են մատնվել։
Իսկ այդ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես, ծրագրային ապահովմամբ (software) զբաղվող որոշ ընկերություններ Հայաստանում զարգացում են ապրում։ Պրն Ջրբաշյանը դա բացատրում է նրանով, որ պետությունն այստեղ չի միջամտում։ Եվ ընդհանրապես, ըստ տնտեսագետի, զարգացում ապահովելու համար պետությունը պետք է հնարավորինս քիչ միջամտի բիզնեսին, քանի որ ավելի շատ խանգարում է։
Նման «նեո-դասական» տեսակետին համաձայն չէր Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի ներկայացուցիչ Արտաշես Տոնոյանը։ Վերջինս պետական միջամտության անհրաժեշտությունը պատկերավոր այսպես ներկայացրեց. «Տնտեսությունը շուն է, իսկ պետությունը՝ մի աղջիկ, որը թոկով կապած ման է տալիս շանը։ Աղջիկը ետ է ձգում շանը, որ այն իրենից շատ առաջ չընկնի, սակայն եթե պարանը ձեռքից բաց թողնի, շունը կարող է փախչել»։