«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկություններն ընդունելի չեն մեր հասարակության համար: Ավելին, եթե նկատել եք, այդ առաջարկություններն ընդունելի չեն նաեւ Ադրբեջանի համար»,- մեզ հետ զրույցում երեկ այսպիսի կարծիք հայտնեց ղարաբաղցի անկախ վերլուծաբան, սոցիոլոգ Դավիթ Ղարաբեկյանը:
Վերջինս այս համոզմանն է եկել` ելնելով ղարաբաղցի հասարակական գործիչների ելույթներից ու հրապարակային քննարկումներից: Թեեւ, Դ. Ղարաբեկյանը կարծում է, որ կողմերը պետք է պատրաստ լինեն «ոչ պոպուլյար, փոխշահավետ լուծումների»: Ղարաբաղցի վերլուծաբանի կարծիքով, համանախագահների հայտարարությունները մի կողմից` միտված էին բանակցությունների ակտիվացմանը, իսկ մյուս կողմից` հասարակական տրամադրությունների շոշափմանը: «Քանի որ զիջումների մեծ մասը պետք է կատարի Ղարաբաղը, հայկական կողմը, ապա Բրայզան փորձում էր հասարակության եւ իշխանությունների մեջ սերմանել անխուսափելի զիջումների գաղափարը, եւ նախապատրաստել դրան: Մյուս կողմից՝ Բրայզան փորձում էր այդ հարցի նկատմամբ աշխուժացնել հասարակական հետաքրքրությունները, որպեսզի քաղաքական քննարկումները մի տեսակ հակակշիռ հանդիսանան այն հուսահատությանն ու ագրեսիվ տրամադրություններին, որ կա Ադրբեջանում»,- գտնում է վերլուծաբանը: Եվ հիմա, ըստ նրա, Բրայզան կարծես թե հասել է իր նպատակին, քանի որ հասարակական տարբեր շերտեր ակտիվորեն սկսել են քննարկել հակամարտության լուծման սկզբունքներն ու դրանց վերաբերյալ տեսակետներ արտահայտել: «Այդ ֆոնի վրա մարդիկ իրենց ուշադրությունը կենտրոնացրել են ոչ թե հակառակորդին ճնշելու, վախեցնելու վրա, այլ փորձում են քաղաքական որոշում ընտրել»,- ասում է նա: Թեեւ, Դ. Ղարաբեկյանի կարծիքով, այս ութ տարիների ընթացքում բանակցություններից ղարաբաղյան կողմի դուրս մղումը մշտապես բացասաբար է անդրադարձել գործընթացի վրա: Մյուս կողմից՝ Ադրբեջանի քաղաքական էլիտայի ծայրահեղական հայտարարություններն ու խոստումներն այլեւս փակել են իշխանությունների ետ նահանջելու ճանապարհը: Արդյունքում, ըստ պարոն Ղարաբեկյանի, կողմերը հայտնվել են անելանելի վիճակում: «Եվ Ղարաբաղը, եւ Հայաստանը չեն ընդունի այն տարբերակը, որը կքննարկվի առանց Ղարաբաղի: Առանց Ղարաբաղի ցանկացած բանակցություն, որը վերաբերում է տարածքների վերադարձմանը կամ ընդհանրապես հակամարտության կարգավորման այլ հարցերին, կլինի անօրինական եւ չի հասցնի ցանկալի նպատակներին: Ընդհակառակը` ավելի կսրի իրավիճակը»,- ասում է Դ. Ղարաբեկյանը: Վերջինս հակված է կարծելու, որ ղարաբաղյան կողմը կմերժի այսօրվա սկզբունքներն այնպես, ինչպես մերժեց 1997թ. փուլային տարբերակը: Պատճառը, պարոն Ղարաբեկյանի կարծիքով, այն է, որ «տվյալ փաստաթուղթը, այդ տարբերակը համարժեքորեն չի ապահովում կողմերի շահերը, եւ այն կխոչընդոտի կարգավորման ընթացքին»: Իսկ ի՞նչ սկզբունքների դեպքում ղարաբաղյան կողմը համաձայն կլինի խնդրի լուծմանը: «Ղարաբաղի կարգավիճակը պետք է բացառի ԼՂ-ի ենթակայությունը Ադրբեջանին: Պետք է փախստականները ստանան նյութական փոխհատուցում` իրենց կորցրած տարածքների համար: Եվ երրորդ` ՀՀ-ն ու ԼՂՀ-ն պետք է ունենան անվտանգ սահմաններ»,- իրենց ձեռնտու սկզբունքներն է թվարկում ղարաբաղցի վերլուծաբանը: Բայց քանի որ այդ հարցերում հակամարտող կողմերի դիրքորոշումներն էապես տարբերվում են իրարից, Դ. Ղարաբեկյանից հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինքը տեսնո՞ւմ է արդյոք կոնֆլիկտի լուծում: «Նման հարցերը դժվար են լուծվում, ինչպես, օրինակ, արաբաիսրայելական հիմնախնդիրը: Այն լուծելու համար 40 տարի պահանջվեց: Իսկ մեզանում կողմերը եւ իրենց հասարակությունները պետք է պատասխանատվություն զգան խաղաղության համար ու պետք է զգան, որ անմասն չեն կարող մնալ գործընթացներից»,- ասում է նա: Բայց մեզանում ղարաբաղյան խնդիրը վերջին տարիներին դարձել է ամենատարբեր շահարկումների առարկա: Արցախյան խնդրի պատրվակով ՀՀ-ում 1998թ. տեղի ունեցավ հեղաշրջում, իսկ դրան հետեւած տարիների ընթացքում հասարակությունն ու միջազգային հանրությունը հանդուրժել են գործող վարչախմբի արարքները` հանուն ԼՂ խնդրի լուծման: Ուստի երեկ պարոն Ղարաբեկյանից հետաքրքրվեցինք, թե իրենց չի՞ հետաքրքրում արդյոք այդ հանգամանքը: «Սա մի կողմից խոսում է Արցախյան հիմնախնդրի նկատմամբ հասարակական հետաքրքրության մասին: Սակայն մյուս կողմից, երբ ցանկացած խնդրի լուծում դառնում է շահարկումների առարկա, կորցնում է կառուցողական քննարկումների հնարավորությունը»,- ասաց Դ. Ղարաբեկյանը: