Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպություններն ակտիվորեն սկսել են մասնակցել սպառողական ապրանքների ապառիկ վաճառքին: Նրանք քաղաքացիներին վարկեր են տրամադրում` տարբեր ապրանքների ձեռքբերման կամ տարաբնույթ անձնական ծախսերի (կրթության, բուժման, հանգստի եւ այլն) համար:
Նշենք, որ անշարժ գույքի ձեռքբերման համար տրամադրվող հիփոթեքային վարկը սպառողական վարկ չի համարվում: ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, Հայաստանում տրամադրվող սպառողական վարկերը կազմում են ընդհանուր վարկերի 26,2%-ը, իսկ հիփոթեքային վարկերի հետ միասին` 33,1%-ը: ԿԲ լրատվական ծառայության պետի հավաստմամբ, վերջին 2 տարում ՀՀ-ում սպառողական վարկերն արագ տեմպերով աճում են: Ըստ էության, թե՛ սպառողական եւ թե՛ հիփոթեքային վարկերը տնտեսության զարգացման համար էական նշանակություն չունեն: Հատկապես սպառողական վարկերը «լոմբարդային» գործիքներ են եւ հարիր չեն զարգացած բանկային համակարգին: Սակայն հայաստանյան բանկերի համար դեռ վաղ է հրաժարվել սպառողական վարկավորումից, քանզի նրանք այս պահին այլընտրանք չունեն. ֆինանսական ինստիտուտները մեր երկրում կայացած չեն: Սպառողի տեսանկյունից, սպառողական վարկը շատ դրական գործիք է եւ բնակչության լայն զանգվածին հնարավորություն է տալիս ինչ-որ առումով հեշտացնել կյանքը` ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարելով որոշակի ժամանակահատվածի ընթացքում:
Թվում է` սպառողական վարկեր տրամադրելիս բանկերը հաշվի են առնում միայն վարկառուի ֆինանսական դրությունը, սակայն իրականում այս գործընթացն ավելի բարդ է: Բանկային մասնագետներին հետաքրքրում են քաղաքացու աշխատանքային գրքույկը, մասնագիտությունը, ընտանեկան դրությունը եւ ավելին: Իսկ ովքե՞ր են ընդհանրապես օգտվում սպառողական վարկերից, եւ բանկիրի համար ո՞վ է «իդեալական վարկառուն»:
Այսօր հայաստանյան 21 առեւտրային բանկերի գերակշիռ մասը սպառողական վարկեր տրամադրում է` 16-30% տոկոսադրույքով: Նկատենք, որ բոլոր վարկերի մեջ սպառողականներն ամենաթանկն են, քանզի դրանք տրվում են կարճ ժամկետներով եւ ավելի հեշտությամբ, քան մյուս վարկերը: Սպառողական վարկերի շուկայում մեր բանկերը դրամական միջոցներ են առաջարկում հիմնականում ավտոմեքենա, կենցաղային եւ համակարգչային տեխնիկա, կահույք ձեռք բերելու, հանգստանալու, կրթություն ստանալու, բնակարանը վերանորոգելու համար: Այս վարկերը տրամադրվում են ոսկյա իրերի կամ այլ արժեքների գրավադրմամբ, բայց նաեւ` առանց գրավի: Վերջին դեպքում բանկերը նախընտրում են ռիսկի չդիմել, իսկ դրա համար անհրաժեշտ է ուսումնասիրել վարկառուի «ուղնուծուծը»:
«Արդշինինվեստբանկից» սպառողական վարկ ստանալու համար հաճախորդը պարտավոր է դիմում-հայտ ներկայացնել, որտեղ նա պետք է լրացնի իր անձնական տվյալները, գրանցման եւ բնակության հասցեները, ընտանեկան վիճակը, ընտանիքի անդամների թիվը, կազմը, տարիքը, աշխատանքի վայրը եւ պաշտոնը, նույնիսկ անձնագրային տվյալները: Քաղաքացին պարտավոր է նշել իր հիմնական աշխատավայրը, այնտեղ աշխատանքային փորձն, անմիջական ղեկավարի անունը եւ հեռախոսահամարը: Իր աշխատավարձից բացի` պոտենցիալ վարկառուն պետք է նշի նաեւ ընտանիքի մյուս անդամների աշխատավարձերի չափը:
Այժմ ենթադրենք, որ «X» թերթի 24-ամյա լրագրողը, ով ստանում է ամսական 30.000 դրամ աշխատավարձ, փորձում է ավտոմեքենա ձեռք բերել: Պատկերացնելով նման իրավիճակ` դիմեցինք սպառողական վարկավորման շուկայի ակտիվ մասնակիցներից մեկին` «Հայէկոնոմբանկին»: Վերջինիս վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ բանկի համապատասխան մասնագետը մեզ կհարցնի, թե քանի անդամից է բաղկացած մեր ընտանիքը: Ենթադրենք, լրագրողը մենակ է ապրում: «Իսկ դուք 30.000 դրամով Երեւանում կարո՞ղ եք ապրել»,- կհարցնի բանկային մասնագետը` բնականաբար, ստանալով բացասական պատասխան: «Այդ դեպքում կանխավճարը ձեզ որտեղի՞ց. չէ՞ որ սպառողական վարկերի տրամադրման դեպքում բանկն առնվազն 30% կանխավճար է պահանջում»,- Դ. Սուքիասյանի հավաստմամբ` այս հարցը կհնչեցնի բանկային մասնագետը: Եթե պարզվի, որ այդ կանխավճարը քաղաքացուն, օրինակ, իր ծնողներն են տվել, ապա մասնագետի պարտականությունն է իմանալ, նրանք որտեղ են աշխատում եւ որքան աշխատավարձ են ստանում: «Մենք շատ հաճախորդներ ունենք, ովքեր նույնիսկ 20.000 դրամ աշխատավարձ են ստանում: Բայց այս դեպքում կա՛մ նրա ընտանիքի մյուս անդամներն են աշխատում, կա՛մ նա զբաղվում է անհատ ձեռներեցությամբ: Օրինակ, կարող է՝ հաճախորդն ուսուցիչ է եւ տանն աշակերտների հետ դասապարապմունքներ է անցկացնում»,- ասում է «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահը: Հասկանալի է, որ մասնագիտությունը վարկ ստանալիս մեծ դեր է խաղում. չէ՞ որ «արդիական» մասնագիտություն ունեցողը մի աշխատանքը կորցնելու դեպքում հեշտությամբ կարող է մեկ ուրիշը գտնել: Սակայն, Դ. Սուքիասյանի խոսքերով, գոյություն ունեն պոտենցիալ վարկառուին «բնորոշելու» նաեւ այլ եղանակներ: Օրինակ, այն կազմակերպության հեղինակությունը, որում աշխատում է սպառողական վարկ ձեռք բերել ցանկացող քաղաքացին: «Կնայենք, թե 30.000 դրամ ստացող լրագրողը որ լրատվամիջոցում է աշխատում, հեռանկարայի՞ն է արդյոք վերջինս, թե՞ ոչ: Քանի՞ տարի է նա այնտեղ աշխատում»,- ասում է բանկիրը: Նրա խոսքերով, շատ կարեւոր է նաեւ բանկի համապատասխան մասնագետների պրոֆեսիոնալիզմը: «Եթե այժմ մենք նոր աշխատող ընդունենք եւ նրան ասենք՝ սպառողական վարկեր տուր, նրա մոտ խոտանը կլինի մոտ 30-40%: Բայց մենք ունենք բարձրակարգ մասնագետներ, որոնց մոտ խոտանը ձգտում է 0-ի»,- հավաստիացնում է Դ. Սուքիասյանը: Նրա կարծիքով, պոտենցիալ վարկառուի հետ շփվող բանկային մասնագետներն օժտված են յուրահատուկ հոգեբանությամբ, նրանք կարող են գնահատել նույնիսկ հաճախորդի աչքերի արտահայտությունը: Կամ էլ կարող են այնպիսի «խաչաձեւ» հարցեր տալ, որ սուտ ասող հաճախորդն իրեն մատնի:
Հայաստանում արդիական մի երեւույթ գոյություն ունի: Սովորաբար շատ գործատուներ, հարկերից եւ սոցիալական ապահովագրության «հավելյալ» վճարներից խուսափելու համար, իրենց աշխատողների աշխատավարձերը ներկայացնում են ավելի քիչ, քան իրականում է: Բնականաբար, երբ բանկը սպառողական վարկ տրամադրելու համար աշխատավարձի չափը հաստատող տեղեկանք է պահանջում, այդ աշխատողը ներկայացնում է իրականից ցածր աշխատավարձի չափն, ինչը նրան կարող է բարդությունների առաջ կանգնեցնել: Տպավորությունն այնպիսին է, որ եթե բանկը տեղյակ է, որ օրինակ, 25.000 դրամ աշխատավարձ ներկայացնող հաճախորդն իրականում ստանում է 125.000 դրամ, առանց դժվարությունների նրան սպառողական վարկ կտրամադրի: Պարզվում է` այդպես չէ: «Տարեցտարի նման հաճախորդների թիվը մեզ մոտ պակասում է: Երբ Հիփոթեքային շուկայի մասնակիցների միությունը քննարկում էր հիփոթեքային վարկավորման ստանդարտները, ամրագրեց, որ հիմնական շեշտը պետք է դրվի «սպիտակ» աշխատավարձ ստացող քաղաքացիների վարկավորման վրա: Մենք հետզհետե խստացնում ենք «ստվերային այլ եկամուտներ» կոչեցյալը, որպեսզի դա չգնահատենք»,- ասում «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահը: Նրա խոսքերով, դա արվում է նրա համար, որ եթե աշխատողը «սպիտակ» եւ «սեւ» աշխատավարձերի միջեւ այլընտրանք ունենա, ընտրի առաջինը` չնայած դրա քչությանը: Դ. Սուքիասյանի կարծիքով, գործատուները վաղ թե ուշ կանցնեն «սպիտակ» աշխատավարձին, իսկ բանկերը, վարկավորելիս հաշվի չառնելով «սեւ» աշխատավարձն, իրենց լուման են ներդնում այս դաշտի կարգավորման մեջ:
Իսկ արդյո՞ք բանկերը սպառողական վարկ տրամադրելիս հաճախորդից չեն պահանջում ունեցվածքի` բնակարանի կամ ավտոմեքենայի առկայություն: Նման դեպքերն, օրինակ, Ռուսաստանում շատ հաճախ են հանդիպում: «Հնարավոր է, որ 30.000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացուց պահանջենք ունեցվածքը ներկայացնել: Բայց պատկերացրեք, հեռուստացույցի ձեռք բերման համար վարկ ցանկացողից, բացի բնակավայրից եւ աշխատավայրից տեղեկանքներից, պահանջենք նաեւ տան կամ ավտոմեքենայի սեփականության վկայական: Դա ավելորդ քաշքշուկի է ենթարկում հաճախորդին: Պետք է ավելի ճկուն լինել»,- ասում է Դ. Սուքիասյանը:
Վարկի դիմում ներկայացնելիս քաղաքացու համար շատ կարեւոր է իր վարկային պատմությունը: Բանկերն այն ստանում են ԿԲ-ի կազմում գործող Վարկային ռեգիստրից: Եթե տվյալ անձը ժամանակին պրոբլեմատիկ վարկ է ունեցել, նրա համար շատ դժվար կլինի ստանալ եւս մեկը: Բացի այդ, բանկերն իրենց հաճախորդներին երկրորդ անգամ շատ ավելի հեշտությամբ են վարկավորում:
Ինչպես ասում են, «կենացները քաղցրանում են» հիփոթեքային վարկավորման դեպքում: Այստեղ վերոնշյալ գործոններին ավելանում են շատ այլ պայմաններ, քանզի հիփոթեքային վարկերի գումարն ու մարման ժամկետները զգալիորեն գերազանցում են սպառողական վարկերի նույն ցուցանիշները: «Հիփոթեքային վարկ տրամադրելիս մենք գնահատում ենք տվյալ հաճախորդի 7 տարվա եկամուտները, այն դեպքում, երբ սպառողական վարկերի դեպքում գնահատում ենք 2-3 տարվանը»,- նշում է Դ. Սուքիասյանը: Հիփոթեքային վարկ տրամադրելիս «Հայէկոնոմբանկն», օրինակ, հաճախորդին գնահատում է բալային համակարգով` վերլուծելով տարբեր գործոններ: Ինչ վերաբերում է գրավին, ապա, Դ. Սուքիասյանի կարծիքով, այն երկրորդական է, քանզի հետագայում կարող են դրա իրացման հետ կապված խնդիրներ ծագել: Իսկ ոսկու գրավադրմամբ` լոմբարդային վարկերը շատ ավելի հեշտությամբ են տրամադրվում, քանզի ոսկին բարձր իրացվելի արժեք է: «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահի հավաստմամբ, լոմբարդային վարկ տրամադրելիս քաղաքացուց բանկն ընդամենը պահանջում է անձնագիր եւ բնակավայրից տեղեկանք: Քաղաքացի Մարինեն, ով անգլերենի դասախոս է, պարապում է աշակերտների հետ, ունի 2 չամուսնացած զավակներ, ովքեր նույնպես աշխատում են, ցանկանում է Երեւանի կենտրոնում գտնվող իր բնակարանը վերանորոգելու համար վարկ ստանալ: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ դրան խոչընդոտում են տարբեր հանգամանքներ: «Նախ, ոչ բոլոր բանկերն են բնակարանի վերանորոգման համար վարկ տրամադրում: Իսկ տրամադրողներն էլ շատ բարձր տոկոսադրույքներ են սահմանել` մինչեւ 30%: Ամենացածրը «HSBC»-ի տոկոսադրույքն է, իսկ այնտեղ էլ պահանջում են, որ իրենց բանկում պետք է հաշվեհամար ունենաս»,- դժգոհում էր Մարինեն:
Թեեւ սպառողական վարկերը վերջին տարիներին արագ տեմպերով աճում են, այնուամենայնիվ, այս շուկայում էլ մի շարք չլուծված խնդիրներ կան, մասնավորապես այն, որ Հայաստանում դեռ հազարավոր քաղաքացիներ ծանոթի միջոցով վարկ են «դասավորում»: